Ալմա մատեր (քանդակ, Նյու Յորք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալմա մատեր
տեսակքանդակ
քանդակագործԴանիել Ֆրենչ
տարի1904
ժանրհանրային արվեստ
գտնվելու վայրLow Memorial Library?
քաղաքՆյու Յորք շրջան և Նյու Յորք
 Alma Mater by Daniel Chester French Վիքիպահեստում


Ալմա մատեր քանդակ (Alma Mater, թարգմանաբար` Մայր բուհ), Դանիել Չեսթեր Ֆրենչի պատրաստված բրոնզե քանդակ, որը գտնվում է Նյու Յորքի Մանհեթեն քաղաքի Մորնինգսայդ Հեյթս թաղամասում` Կոլումբիայի համալսարանի տարածքում գտնվող Low Memorial գրադարանի մուտքի դիմաց` աստիճանահարթակի վրա։

Ֆրենչը նախագծել է արձանը 1901 թվականին, և այն տեղադրվել է 1903 թվականի սեպտեմբերին։ Այն Մայր բուհի անձնավորումն է, որը ներկայացնում է Կոլումբիան՝ որպես կրթական հաստատություն։ Տեղադրումից ի վեր արձանը սերտորեն ասոցացվում է համալսարանի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանձնաժողով և տեղադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Low Memorial Library գրադարանի դիմաց արձանի տեղադրման ծրագրերը սկսվել են 1897 թվականին շենքի շինարարության ավարտից հետո։ Չարլզ Ֆոլեն ՄակՔիմը` շենքի գլխավոր ճարտարապետը, իր նախագծում` դեպի շենք տանող աստիճանների միջնամասում նախատեսել էր դատարկ գրանիտե պատվանդան, որի վրա կարող էր տեղադրվել արձան[1]։ Միայն երեք տարի անց Հարիետ Վ. Գոելեթն իր և իր երեխաների անունից Կոլումբիայի հոգաբարձուներին առաջարկեց մինչև 25,000 դոլար տեղադրելու համար «Մայր բուհը ներկայացնող բրոնզե արձան, որը կտեղադրվի [ասված] պատվանդանի վրա»՝ ի հիշատակ նրա ամուսնու՝ Կոլումբիայի քոլեջի շրջանավարտ Ռոբերտ Գոելեթի, ով մահացել էր 1899 թվականին[2][3]։

Հոգաբարձուներն ընդունեցին նրա առաջարկը և ՄակՔիմի առաջարկությամբ Դանիել Չեսթեր Ֆրենչին հանձնարարեցին ստեղծել արձանը։ Մինչև այս պահը ֆրանսիացիների նշանավոր գործերից էին Մինիտմենին նվիրված արձանը (The Minute Man, 1874) Կոնկորդ քաղաքում (Մասաչուսեթս) և Ջոն Հարվարդի արձանը (1884) Հարվարդի համալսարանում։ Ֆրենչը նաև քանդակել է Հանրապետությունը արձանը (The Republic, 1918), որը շատ նման է Ալմա մատեր արձանին։ Ենթադրվում է, որ Օդրի Մունսոնը, ով 20-րդ դարասկզբի նկարչի բեղուն մոդելն էր, կարող էր լինել արձանի հիմքը[4], թեև ավելի հավանական է, որ Ալմա մատերի մոդելն իրականում դերասանուհի և Ֆրենչի ընկերուհի Մերի Լոութոնն է եղել[5]։ Հաշվի առնելով հանձնաժողովի պայմանը, Ֆրենչի նպատակն էր ստեղծել «մի ֆիգուր, որը պետք է հաճելի տպավորություն գործի բարեհամբույր ողջունելով այն երիտասարդներին, ովքեր պետք է ընտրեն Կոլումբիան որպես իրենց քոլեջ»[6]։

Մայր բուհի բացումը 1903 թվականի սեպտեմբերին

Ֆրենչը մի քանի դիզայներական տարբերակներ է նախագծել. գիպսից պատրաստված բնօրինակ մոդելը, որը նա պատրաստել էր Մայր բուհի համար, ձախ ձեռքով բռնած էր ծնկի վրա դրած բացված գիրքը, ոտքի թաթերը մերկ էին, իսկ կրունկներն իրար կպած էին[7]։ Թեև Գոելեթը և համասարանի նախագահ (1890-1901) Սեթ Լոուն «մեծապես հիացած էին» Ֆրենչի առաջին տարբերակով, նրանց քննադատությունները ստիպեցին, որ նա փոխի ձեռքերի դիրքը՝ դրանք վեր բարձրացրած և գավազանը բռնած պատկերելով[5]։ Արձանի նրա վերջնական նախագիծը հաստատվել է 1901 թվականի մարտի 4-ին հոգաբարձուների կողմից, և Գոելեթների կողմից վճարվելիք գինը որոշվել է 20 000 դոլար[8]։ ՄակՔիմը, ով խիստ անհանգստացած էր արձանի որակով` հաշվի առնելով նրա նշանավոր դիրքը Լոու գրադարանի դիմաց, արձանով «հիացած» նկարագրել է այն որպես «արժանապատիվ, դասական և վեհանձն… որը ցուցադրում է հունական ոգու և ազատության այնպիսի ընկալում, ինչպիսին կարող է ցանկացած ժամանակակից»[9]։

Չնայած այն ակնկալիքներին, որ արձանը կարող էր ավարտված լինել նախատեսված ժամանակին` 1902 թվականին համալսարանի բացման արարողության ժամանակ, Ֆրենչի աշխատանքի ձգձգումների (մասամբ Օգոստոս Սեն Գոդենսի քննադատությունների, բայց հիմնականում Jno. Williams, Inc. ձուլարանի գործադուլների պատճառով) հետևանքով բացումը հետաձգվեց մինչև 1903 թվականի սեպտեմբերի 23-ը՝ 1903-1904 ուսումնական տարվա առաջին օրը[10]։ Արարողությանը Նյու Յորքի 7-րդ եպիսկոպոս և համալսարանի հոգաբարձու Հենրի Ք. Փոթերը աղոթք կարդաց, որից հետո դեկան Ջոն Հովարդ Վան Ամրինջը հայտարարեց, որ արձանը պաշտոնապես շնորհվում է Կոլումբիայի համալսարանի նախագահ (1902-1945) Նիկոլաս Մյուրեյ Բաթլերին[11]։ Գոելեթների ընտանիքը ներկա չէին, քանի որ ավելի վաղ մեկնել էին Եվրոպա[11]։

1904 թվականին համալսարանը Ֆրենչից վերցրեց Մայր բուհի չորս ոտնաչափ գիպսից վերարտադրությունը՝ Սենթ Լուիսի Համաշխարհային տոնավաճառի Մեծ քանդակների պալատում ցուցադրելու համար։ Սակայն համալսարանն այն չվերադարձրեց, մինչև այն նորից հայտնաբերվեց Low Library-ի նկուղում և ուղարկվեց Ֆրենչի դստերը՝ Մարգարետ Ֆրենչ Կրեսսոնին, 1950 թվականին[12][13]։

Հետագա պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ նորընտիր նախագահ Դուայթ Դ. Էյզենհաուերը 1953 թվականի հունվարին Մայր բուհ արձանի առջև

Մայր բուհ արձանը, հաշվի առնելով համալսարանի հետ իր խորհրդանշական կապը, Կոլումբիայում բազմաթիվ բողոքի ցույցերի կենտրոնում է եղել։ 1970 թվականին ուսանողական բողոքի ցույցերի ժամանակ՝ ի պատասխան Կամբոջա ներխուժման և Քենթ նահանգի կրակոցների, արձանը մարմնավորեց համալսարանի վարչակազմի ձախողումները, այդ թվում Մորնինգսայդ Հեյթս թաղամասի շարունակական ջենտրիֆիկացիան (gentrification)[6]: 1970 թվականի մայիսի 15-ի վաղ առավոտյան ռումբ էր դրվել արձանի վրա։ Արդյունքում առաջացած պայթյունը զգալի վնասել էր Մայր բուհ արձանի գահը[14]։ Վնասը մնաց մինչև 1978 թվականը, երբ արձանը հեռացվեց Կոլումբիայից, գահը վերափոխվեց, իսկ քանդակը մաքրվեց, նոր պաշտպանիչ պատինայով (Patina) պատվեց և վերադարձվեց աստիճանների վրա[6]։

Բողոքի մյուս ուշագրավ դեպքերը, որոնց ականատես է եղել Մայր բուհ արձանը, ներառում են 1968 թվականի Կոլումբիայի համալսարանի բողոքի ցույցերը, երբ արձանը պարբերաբար ենթարկվում էր վանդալիզմի, իսկ արձանի ծնկներին տեղադրվեց «Բռնաբարված ոստիկանների կողմից» ցուցանակ[15], և Իրաքի պատերազմի դեմ բողոքի ցույցերը, երբ ուսանողները սև ծածկոց էին հագցրել Մայր բուհ արձանի գլխին և լարերով միացրել նրա ձեռքերը գետնին` նկատի ունենալով Աբու Գրեյբի խոշտանգումների և բանտարկյալների նկատմամբ բռնությունների սկանդալը[6][16]։

Մայր բուհ արձանը նաև եղել է բազմաթիվ անկարգ արարքների կենտրոնում, այդ թվում՝ 1928 թվականին, երբ գողացել էին նրա գավազանը (և հետագայում վերադարձրել)[17], ինչպես նաև 1984 թվականի հոկտեմբերին, երբ գավազանը ամբողջությամբ հանել էին Կոռնելի համալսարանի ուսանողները[18]։ Երկու ամիս անց այն հայտնվեց Կոռնելիի ուսանողների դեկանի շեմքին՝ կոշիկի տուփի մեջ, իսկ հաջորդ օրը Կոռնելիի պրոֆեսորը անձամբ վերադարձրեց այն համալսարան։ Ի պատասխան գողության՝ Կոռնելի համալսարանի տարածքում տեղադրված Էզրա Կոռնելի արձանը ողողվել է կոլումբիական բաց կապույտ ներկով, գավազանը վերադարձնելուց անմիջապես հետո[19]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայր բուհ արձանի ֆոտոգարվյուր, 1907 թվական

Մայր բուհ արձանը կանգնեցնելուց հետո մեծ գովեստների է արժանացել։ Համալսարանական The Columbia Daily Spectator թերթը արձանի մասին գրել է` «բնորոշվում է թագուհու արժանապատվությամբ և հանգստությամբ» և հայտարարել է, որ այն «արտահայտում է ինտելեկտուալ կանացիության ամենաբարձր տեսակը։ Կեցվածքով և ժեստով նա հրավիրում է համալսարանի ուսանողին և նրան ողջույնով ընդունում Ալմա մատեր»[10]։

The New York Times թերթը, թեև ուղղակիորեն չի մեկնաբանել ստեղծագործության գեղարվեստական արժանիքները, բայց ընդունել է, որ քանդակը «տեխնիկական առումով անսովոր բարդ աշխատանք է»[20]։

Frank Leslie's Illustrated պարբերականն աշխատանքն անվանել է «Ֆրենչի քանդակի գլուխգործոցը», մինչդեռ The Catholic Union ամսաթերթը Մայր բուհի կերպարը համեմատել է Մարիամ Աստվածածնի հետ՝ ոչ ճիշտ պնդում անելով, որ աշխատանքը Գերմանիայի Բոն քաղաքի «Քրիստոսի մոր» արձանի նմանակն է։ և ցավելով, թե «Որքա՜ն սերտորեն կապված չէ Կաթոլիկ եկեղեցին այն ամենի հետ, ինչ վեհ և քնքուշ է մարդու մտքում և սրտում»[5]։

Այնուամենայնիվ, Ֆրենչը դժգոհել է քանդակի վերաբերյալ ուշադրությունից՝ հայտարարելով, որ այն «Նյու Յորքի մակերևույթի վրա ալիք չի առաջացրել»[21]։ 1903 թվականին Չարլզ Հենրի Կաֆինը բարձր է գնահատել Մայր բուհ արձանը ասելով` «գեղեցիկ է... անկասկած», թեև Ֆրենչի լավագույն գործերից մեկը չէ։

Դեմքը ամերիկյան գեղեցկության ծանոթ տեսակ է, որը համապատասխանում է ֆիգուրի շատ ժամանակակից տեսքին։ Այնուհանդերձ, քանդակագործը գլխին տվել է անկիրք նրբաճաշակության շունչ, որը նրան մի տեսակ օտարոտի է դարձնում, այնուամենայնիվ, մի քիչ ավելին, քան ինքնատիրապետումը, ենթագիտակցության գիտակցումը, որով ամերիկուհին կարող է կրել իր գեղեցկությունը։ Կարծես թե նրանցից մեկը բարձրացել է պատվանդանին և հնարամտորեն գնահատելով իրավիճակը, բուհի հովանավորի դերն է ստանձնել։ Յուրաքանչյուր ուսանող կսիրի նրան, և նրա ազդեցությունն ամբողջությամբ կլինի քաղցր վեհանձնություն... [Մայր բուհ արձանը] առանձնանում է մաքուր և ցնցող անվրդովությամբ, մոնումենտալ զգացումով, որը ներթափանցված է մի տեսակ մեղմ շողոքորթությամբ. քանի որ այն արտահայտությունը, որը նա դնում է վերջույթների մոդելավորման մեջ, հազիվ թե կարելի է բնութագրել ավելի զգայուն կիրառական բառով[22]։

Հետագայում The New York Times թերթը Մայր բուհ արձանն անվանել է Կոլումբիայի համալսարանի «մեծ ծեր տիկինը», որը «թագավորական շքեղությամբ թագավորում է Low Library-ի դիմաց»[23]։ Նյու Յորքի AIA Guide to New York City ուղեցույցը նկարագրել է այն որպես «ոգեշնչող արձան», որտեղ «թագին նստած կերպարը մեկնում է իր ձեռքը ի նշան ողջույնի, երբ նա հայացքը բարձրացնում է իր գոգին բացված գիտելիքի հզոր շտեմարանից»[24]։

Հատկապես Լոու գրադարանի դիմաց Մայր բուհ արձանի տեղադրումը բարձր է գնահատվել համալսարանում ուսանողներին ողջունելու և համալսարանի հարաբերությունները Նյու Յորքի հետ կարևորելու գործում նրա դերի համար։ Ինչպես նշում է պատմական ժառանգության պահպանության պրոֆեսոր Էնդրյու Դոլքարտը.

Մայր բուհն անցնելուց և համալսարանի մակարդակին հասնելուց հետո փնտրողը պետք է բարձրանա ավելի երկար սանդուղքով, որը խորհրդանշականորեն «գիտելիք տանող սանդուղք է», որպեսզի հասնի գրադարանի մուտքին։ Աստիճանների բարձունքին կանգնած Կոլումբիայի համայնքի ընտրված անդամները կարող էին շրջվել և նայել Նյու Յորքին՝ վստահ լինելով, որ նրանք նպաստում են իրենց քաղաքի արագ վերափոխմանը ինտելեկտուալ և մասնագիտական ջանքերի համաշխարհային կենտրոնի[9]։

Դիզայն և նմանակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբայի Հավանայի համալսարանի Ալմա մատեր արձանը ստեղծվել է 1919 թվականին Կոլումբիայի համալսարանի Ալմա մատեր արձանի նմանությամբ
Իլինոյսի Ուրբանա-Շամպայն համալսարանի Ալմա մատեր արձանը ստեղծվել է 1929 թվականին

Արձանը ներկայացնում է համալսարանի ավանդական կերպարի անձնավորումը՝ որպես մայր բուհ կամ «սնուցող մայր»՝ ծածկված ակադեմիական թիկնոցով և նստած գահին։ Նա դափնեպսակ է կրում գլխին և աջ ձեռքում պահում է ցորենի չորս հասկից պատրաստված գավազան, որը պսակված է թագավորական թագով, որը համալսարանի ավանդական խորհրդանիշն է։ Գիրքը, որը ներկայացնում է ուսումը, դրված է նրա գրկում։ Նրա գահի բազուկներն ավարտվում են լամպերով, որոնք ներկայացնում են «Sapientia et Doctrina» կամ «Իմաստություն և վարդապետություն», իսկ գահի ետնամասին դաջված է համալսարանի կնիքի պատկերը[6]։

Գիտելիքի և ուսման խորհրդանիշ բուն թաքնված է Մայր բուհի թիկնոցի ծալքերում՝ ձախ ոտքի մոտ[25]։ Բվի ճշգրիտ նշանակության վերաբերյալ որոշ ենթադրություններ են եղել, այդ թվում՝ պատմության պրոֆեսոր Դուայթ Ք. Մայները կարծում էր, որ բուն հղում է «Փսի Իպսիլոն» (Psi Upsilon) եղբայրությանը, որի անդամ էր Ֆրենչը` ըստ Մայերի[26]։ 1953 թվականին Ֆրենչի դուստրը՝ Մարգարետ Ֆրենչ Քրեսոնը The New York Times-ին ուղղված նամակում պարզաբանել է, որ այն «ոչ մի եղբայրություն չի ներկայացնում և ոչ էլ լաբիրինթոսային հանելուկ է։ Բուն իմաստության դարավոր խորհրդանիշն է, և քանդակագործն այն օգտագործվել է այդ մեկնաբանությունը փոխանցելու համար»։ Նա նաև պարզաբանել է, որ արձանը ոչ թե Աթենաս-Պալասի կամ Միներվայի պատկերն է, այլ պարզապես համալսարանի անձնավորումը[27]։

Ի սկզբանե Մայր բուհ արձանը, տեղադրվելուց ոսկեզօծ է եղել, թեև սկզբնական ոսկեզօծումը ժամանակի ընթացքում մաշվել է[28]։ 1920-ականների վերջին Ֆրենչն առաջարկել է նորից ոսկեզօծել արձանը, բայց դա չի իրագործվել. ոսկու շերտի մնացորդները հանվել են 1950 թվականին, որպեսզի կատալիզացնեն արձանի պատինան[5][29]։ 1962 թվականին համալսարանը որոշում է կայացրել կիրառել նոր բրոնզե երեսպատում[23]։ Այնուամենայնիվ, 1968 թվականին բողոքի ցույցերից հետո (որում կարևոր դերակատարում ուներ Համալսարանի նախագահ (1953-1968) Գրեյսոն Լ. Քըրքը)[30], նոր ծածկույթը հանվել է, և պատինան վերականգնվել է[24][31]։

Մայր բուհ արձանի դիզայնը ոգեշնչել է Մարիո Կորբելիին 1919 թվականին ստեղծել Կուբայի Հավանայի համալսարանի համանուն արձանը։ Կորբելին ապրել է Նյու Յորքում 1913-1917 թվականներին[32][33]։ Բացի այդ, Իլինոյսի համալսարանի առաջատար հաստատության` Ուրբանա-Շամպայն համալսարանի Ալմա մատեր արձանը (1929), ըստ նրա քանդակագործ Լորադո Թաֆտի, հավանաբար ոգեշնչվել է Կոլումբիայի Ալմա մատեր արձանից[34]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alma Mater at 100: A Reappraisal of a Daniel Chester French Masterpiece. Columbia University. 2003.
  2. Columbia University Quarterly (անգլերեն). New York: Columbia University Press. 1900. էջ 312. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
  3. «Columbia College Commencement» (PDF). The New York Times. 1860 թ․ հունիսի 27. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. «Audrey Munson: The Most Visible New York Woman You Don't Know». Untapped New York (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Holzer, Harold (2019 թ․ մարտի 5). Monument Man: The Life and Art of Daniel Chester French (անգլերեն). Chronicle Books. ISBN 978-1-61689-829-8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Durante, Dianne L. (February 2007). Outdoor Monuments of Manhattan: A Historical Guide (անգլերեն). NYU Press. ISBN 978-0-8147-1987-9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
  7. «Seated Woman 1900». The National Trust for Historic Preservation.
  8. «Alma Mater: Erecting the Statue | Columbia University Libraries». library.columbia.edu. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  9. 9,0 9,1 Dolkart, Andrew (1998). Morningside Heights: A History of Its Architecture & Development (անգլերեն). Columbia University Press. ISBN 978-0-231-07850-4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին.
  10. 10,0 10,1 «University Opens To-day». Columbia Daily Spectator համալսարանական թերթ. 1903 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  11. 11,0 11,1 «Columbia Celebrates 150th Academic Year». The New York Times. 1903 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
  12. «Statue Borrowed in '04 Uncovered at Columbia». The New York Times. 1950 թ․ փետրվարի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
  13. Bennitt, Mark (1905). Stockbridge, Frank Parker (ed.). History of the Louisiana Purchase Exposition. St. Louis: Universal Exposition Publishing Company. էջ 484.
  14. «Jackson Police Fire on Students». The New York Times. 1970 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
  15. Fair, Vanity (2018 թ․ մարտի 26). «Inside the 1968 Student Protests That Changed the World». Vanity Fair (ամերիկյան անգլերեն). No. April. ISSN 0733-8899. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
  16. Husk, Sarah (2008 թ․ ապրիլի 25). «Students Evoke Images of Iraq in Anti-War Walkout». Columbia Daily Spectator. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  17. «Columbia's Alma Mater Robbed of Crown; Under Canvas Cover She Awaits Its Return». The New York Times. 1928 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
  18. «New York Day by Day; Thieves Hit Alma Mater». The New York Times. 1984 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
  19. Oswald, John (1984 թ․ մայիսի 15). «Scepter Returned; Alma Sleeps Better». Columbia Daily Spectator. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  20. «Columbia Celebrates 150th Academic Year». The New York Times. 1903 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  21. Tauranac, John (1985). Elegant New York: The Builders and the Buildings, 1885–1915. New York: Abbeville Press. էջեր 256–258. ISBN 978-0-89-659458-6.
  22. Caffin, Charles Henry (1903). American Masters of Sculpture: Being Brief Appreciations of Some American Sculptors and of Some Phases of Sculpture In America. New York: Doubleday, Page & Company. էջեր 67–68. ISBN 978-1-298-41694-0.
  23. 23,0 23,1 «Columbia Divided Over Redecorating Alma Mater Statue». The New York Times. 1962 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին.
  24. 24,0 24,1 White, Norval; Willensky, Elliot; Leadon, Fran (2010). AIA Guide to New York City (5th ed.). New York: Oxford University Press. էջ 497. ISBN 978-0-19538-386-7.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  25. Richman, Michael. Daniel Chester French: An American Sculptor (The Preservation Press, 1976, reprinted 1983), pp. 90–96: discussion of the commission, creation and installation of the sculpture.
  26. «Alma Mater: Lore and Pranks | Columbia University Libraries». library.columbia.edu. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
  27. French Cresson, Margaret (1953 թ․ նոյեմբերի 6). «Columbia's Alma Mater». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  28. Rogers, Howard J., ed. (1906). International Congress of Arts and Science. Vol. 1. London: Houghton Mifflin Harcourt. ISBN 978-1-333-71563-2.
  29. «Columbia's Alma Mater Ordered to Look Her Age». The New York Times. 1950 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
  30. «Columbia University - 1968». www.columbia.edu. Վերցված է 2023 թ․ մարտի 20-ին.
  31. «Columbia Alma Mater to Lose Coat of Gold». The New York Times. 1962 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
  32. Galmiche, Xavier (2001). Havana: Districts of Light (անգլերեն). Vilo. էջ 98. ISBN 978-2-84576-028-8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
  33. N.Y.), Metropolitan Museum of Art (New York; Dimmick, Lauretta; Hassler, Donna J. (1999). American Sculpture in the Metropolitan Museum of Art: A catalogue of works by artists born between 1865 and 1885 (անգլերեն). Metropolitan Museum of Art. ISBN 978-0-87099-923-9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
  34. Illinois Alumni News (անգլերեն). University of Illinois at Urbana-Champaign. 1922 թ․ հուլիսի 15. էջ 268. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]