Արցախ ՀԷԿ
Արցախ ՀԷԿ | |
---|---|
Տեսակ | շահույթ հետապնդող |
Ընկերության տեսակ | բաց բաժնետիրական ընկերություն |
Հիմնադրված է | 2007 թվականի նոյեմբերի 1 |
Հիմնադիր | Արցախի կառավարություն |
Վայր | Ստեփանակերտ, Արցախ |
Երկիր | Արցախ |
Տնօրեն | Վահրամ Բեգլարյան |
Արդյունաբերություն | էներգետիկա |
Արտադրանք | էլեկտրաէներգիա |
Աշխատողների թիվ | 160 |
Նախկին | «Արցախէներգո» ՓԲԸ |
Սեփականատեր | բաժնետերեր |
Կայք | artsakhhek.am |
Բորսա | ՀՖԲ․ AHEK |
Արցախ ՀԷԿ ԲԲԸ, առաջին հայկական բաց բաժնետիրական ընկերությունը, որը հիմնադրվել է Արցախի կառավարության՝ 2007 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ՝ ի սկզբանե որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի համաձայն՝ ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատեր էր կառավարությունը։ Արցախի կառավարության 2008 թվականի մայիսի 13-ի մեկ այլ որոշմամբ՝ «Արցախ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպվել է բաց բաժնետիրական ընկերության[1]։
Ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխմանը մասնակցել է, ընդհանուր առմամբ, 1265 բաժնետեր՝ աշխարհի 10 երկրներից։ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի գործունեության հիմնական ուղղությունն էլեկտրաէներգիայի արտադրությունն է, որն էլ հանդիսանում է շահույթի ստացման միակ աղբյուրը։ 2015 թվականի հուլիսի դրությամբ՝ «Արցախ ՀԷԿ»-ն ունի 6 գործող հիդրոէլեկտրակայան՝ 71,7 մեգավատտ դրվածքային հզորությամբ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն հիմնադրվել է Արցախի Հանրապետության կառավարության 2007 թ. նոյեմբերի 1-ի N 484 որոշմամբ (պետական գրանցում է ստացել 2007 թվականի դեկտեմբերի 12-ին «Արցախ ՀԷԿ» անվանումով և «փակ բաժնետիրական ընկերություն» կազմակերպա-իրավական ձևով), որի համաձայն՝ ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատեր էր ԼՂՀ-ը՝ ի դեմս կառավարության։ «Արցախ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է «ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ-ի (գրանցված՝ ԼՂՀ-ի արդարադատության նախարարության ռեգիստրի բաժնի կողմից 28.02.2005 թ., գրանցման համար՝ 443.120.20892, վկայական՝ 001350) առանձնացման միջոցով վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է նրա իրավահաջորդը՝ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին համապատասխան։ Արցախի Հանրապետություն կառավարության 2008 թվականի մայիսի 13-ի «Արցախ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» թիվ 360 որոշման համաձայն՝ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման միջոցով վերակազմակերպվել է «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության։ 2008 թվականի հունիսի 9-ից ընկերությունը կրում է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ ֆիրմային անվանումը և կազմակերպա-իրավական ձևը[1]։
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն իր գործունեության ընթացքում կազմակերպել է բաժնետոմսերի 3 հրապարակային տեղաբաշխում՝ 2009, 2010 և 2011 թվականներին։
Արտադրական հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հուլիսի դրությամբ՝ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի դրվածքային հզորությունը կազմել է 71,7 մեգավատտ։ Ընկերության կազմի մեջ մտնում են հետևյալ ՀԷԿ-երը՝
- Սարսանգի ՀԷԿ՝ 50 ՄՎվտ/ժ հզորություն,
- Թրղի-1 ՓՀԷԿ՝ 3 ՄՎտ/ժ հզորություն,
- Թրղի-2 ՓՀԷԿ՝ 5,9 ՄՎվտ/ժ հզորություն,
- Թրղի-3 ՓՀԷԿ՝ 5 ՄՎտ/ժ հզորություն,
- Մատաղիս-1 ՓՀԷԿ՝ 4,8 ՄՎտ/ժ հզորություն,
- Մատաղիս-2 ՓՀԷԿ՝ 3 ՄՎտ/ժ հզորություն[1][2]։
2015 թվականի հուլիսի դրությամբ՝ նախատեսվում է կառուցել Թրղի-4 ՓՀԷԿ-ը։ 2012 թվականին ընկերության կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը կազմել է 133,2 միլիոն կիլովատ-ժամ։
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի հիմնական ակտիվը Սարսանգի հիդրոէլեկտրակայանն է, որը կառուցվել է 1976 թվականին ԼՂՀ հիմնական գետի՝ Թարթառի վրա և համարվում է նախկին ԽՍՀՄ լավագույն և սարքավորումներով առավելագույնս հագեցած ՀԷԿ-երից մեկը։ Այն հագեցած է երկու հիդրոտուրբիններով՝ յուրաքանչյուրը 25 ՄՎտժ դրվածքային հզորությամբ և վայրկյանում 33,2 մ3 ջրի օգտագործման ծավալներով։ Տուրբինները կապիտալ վերանորոգվում են յուրաքանչյուր 7 տարին մեկ։ Բացի դրանից, ամեն 3 տարին մեկ կատարվում են պարտադիր վերականգնողական աշխատանքներ։
Սարսանգի ՀԷԿ-ը տեղակայված է Սարսանգի ջրամբարի վրա։ Վերջինս ունի 500 միլիոն մ3 արդյունավետ ծավալ։ Ամբարտակի բարձրությունը և լայնությունը կազմում են համապատասխանաբար 730 մ և 550 մ, որը նույնիսկ եվրոպական երկրների շարքում համարվում է ամենաբարձրերից մեկը[3]։
Ֆինանսատնտեսական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի գործունեության հիմնական ուղղությունն էլեկտրաէներգիայի արտադրությունն է, որն էլ հանդիսանում է շահույթի ստացման միակ աղբյուրը։ Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է ներքին շուկայում։ Արտադրված էլեկտրաէներգիան ընկերությունը վաճառում է «Արցախէներգո» ՓԲԸ-ին և «ԷՅ-Ի-ՋԻ» ՍՊԸ-ին, որոնք ունեն Արցախի Հանրապետության տարածքում էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման լիցենզիա։ Վաճառքն իրականացվում է համաձայն առքուվաճառքի համապատասխան պայմանագրերի, որոնք գրանցված են Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից։ Վաճառքի գները որոշվում են Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների հիման վրա[4]։
Բաժնետիրական կապիտալ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀԷԿ-երի շինարարության ծրագրերը ֆինանսավորվում են բաժնետոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների և փոխառությունների հաշվին։ Ընդհանուր առմամբ, ընկերությունը կազմակերպել է բաժնետոմսերի 3 հրապարակային տեղաբաշխում.
- 2009 թվականի հունվար–մայիս, որի արդյունքում տեղաբաշխվել է 862,074 բաժնետոմս՝ յուրաքանչյուր բաժնետոմսի համար 1,000 դրամ անվանական արժեքով,
- 2010 թվականի նոյեմբեր–դեկտեմբեր, որի արդյունքում տեղաբաշխվել է 1,400,000 բաժնետոմս՝ յուրաքանչյուր բաժնետոմսի համար 1,000 դրամ անվանական արժեքով,
- 2011 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր, որի արդյունքում տեղաբաշխվել է 3,287,926 բաժնետոմս, յուրաքանչյուր բաժնետոմսի համար 1,000 դրամ անվանական արժեքով։
Նշված բաժանորդագրումների արդյունքում Ընկերության կանոնադրական կապիտալն աճել է 5 մլրդ 550 մլն դրամով, և 2012 թվականի Ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 10 մլրդ 650 մլն դրամ[5]։
Ընկերության բոլոր բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի երկրորդային՝ B ցուցակում։ Ընկերության բաժնետոմսերի իրացվելիությունն ապահովում է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, որն ապահովում է բաժնետոմսերի առուվաճառքի ամենօրյա գնանշումները։ «Արմսվիսբանկ»-ը հանդիսանում է նաև «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի տեղաբաշխողն ու հաշվարկային բանկը[6]։
Բաժնետերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալի կառուցվածքը բաժնետոմսերի 3-րդ տեղաբաշխումից հետո ընդունել է հետևյալ տեսքը՝
- 47.89%, կամ՝ 5,100,000,000 դրամ – Արցախի կառավարություն,
- 35.0%, կամ՝ 3.726.863.000 դրամ - թվով 4 խոշոր բաժնետեր,
- 17.11%, կամ՝ 1,823,137,000 դրամ - 1261 փոքր բաժնետերեր։
Այսպիսով, ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխմանն մասնակցել է, ընդհանուր առմամբ, 1265 բաժնետեր՝ աշխարհի 10 երկրներից[5]։ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի երրորդ լրացուցիչ տեղաբաշխման արդյունքներով ավելացել է ընկերության խոշոր բաժնետերերի թիվը։ Հաշվի առնելով խոշոր բաժնետերերի՝ ընկերության խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկությունը՝ խորհրդի քանակական կազմը 2011 թվականին 5 անդամից փոխվեց 7 անդամի։ Բաժնետոմսերի երրորդ լրացուցիչ տեղաբաշխման արդյունքներով՝ ընկերության ամենախոշոր բաժնետերն Արցախի Հանրապետությունն է՝ ի դեմս կառավարության։
Ստորև ներկայացվում են «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի 5 խոշոր բաժնետերերը՝ իրենց գրանցման վայրերով, հասարակ բաժնետոմսերի քանակով և ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասով։
Հ/Հ | Բաժնետերը | Գրանցման վայրը | Բաժնետոմսերի քանակը | Տոկոսը |
---|---|---|---|---|
1. | Արցախի կառավարություն | Արցախ | 5,100,000 հատ | 47.89% |
2. | «Մ.Էներգոինվեստ» ՓԲԸ | Արցախ | 1,274,057 հատ | 11.96% |
3. | Ժոզեֆ Ուղուռլյան | ԱՄՆ | 1,262,901 հատ | 11.86% |
4. | «Մուլտիկոնտինինտալ դիտրիբյուշն» ՍՊԸ | Միացյալ թագավորություն | 868,270 հատ | 8.15% |
5. | «Զանգեզուրի պղ.-մոլ. Կոմբինատ» ՓԲԸ | Հայաստան | 657,933 հատ | 6.18% |
Անուղղակիորեն ընկերության խոշոր բաժնետեր է հանդիսանում հայազգի գործարար Վարտան Սերմաքիսը (Շվեյցարիա), քանի որ նրան են պատկանում խոշորությամբ 2-րդ և 4-րդ բաժնետեր ձեռնարկությունների՝ «Մ. Էներգոինվեստ» ՓԲԸ-ի և «Մուլտիկոնտինենտալ դիստրիբյուշն» ՍՊԸ-ի բաժնետոմսերը՝ ընդհանուր առմամբ 20.11 տոկոսով[7]։
Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի կառավարումը կատարվում է կորպորատիվ սկզբունքով, որն ուղղված է ոչ միայն բաժնետերերի աչքերում ընկերության դրական պատկերի ձևավորմանը, այլև՝ ռիսկերի նվազեցմանը, ընկերության բնականոն գործունեության և ֆինանսական ցուցանիշների կայուն աճի ապահովմանը։ Հաշվի առնելով, որ ընկերությունը հիմնադրվել է ԼՂՀ-ում, իսկ Արցախում կորպորատիվ կառավարման ընդունված սկզբունքները սահմանվում են հիմնականում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ԼՂՀ օրենքով և այլ օրենքներով՝ ուստի, ընկերության կառավարման համակարգը կառուցված է այդ օրենսդրության պահանջների շրջանակներում։ Ավելին, ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կարգավորվում է նաև ընկերության կողմից հաստատված առանձին կանոնակարգերով, որոնց մշակման հիմքում հաշվի են առնվել ոչ միայն ԼՂՀ-ում և ՀՀ-ում սահմանված, այլ նաև՝ արժեթղթերի զարգացած շուկա ունեցող երկրներում ձևավորված կորպորատիվ կառավարման սկզբունքները և էներգետիկ ոլորտում գործող օտարերկրյա հայտնի ընկերությունների փորձը։
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի կառավարման մարմինները հետևյալներն են՝
- Բաժնետերերի տարեկան ժողով,
- Տնօրենների խորհուրդ,
- Գլխավոր տնօրեն,
- Վերստուգող հանձնաժողով,
- Կորպորատիվ քարտուղար,
- Գլխավոր հաշվապահ[8]։
2012 թվականի Դրությամբ՝ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն ունի 160 աշխատակից, որոնցից վարչական՝ 44, իսկ արտադրական և սպասարկման ոլորտում ընդգրկված՝ 116 աշխատակից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ««Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Թրղի-3» ՓՀԷԿ-ի գործարկումը, հուլիս, 2015 թվական(չաշխատող հղում)
- ↑ ««Սարսանգի ՀԷԿ»-ի արտադրական գործունեությունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ ««Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ 5,0 5,1 ««Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետիրական կապիտալը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Արմսվիսբանկ»-ը կունենա «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ
- ↑ ««Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետերերի կազմը և կառուցվածքը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ ««Արցախ ՀԷԿ»-ի կառավարումը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ««Արցախ ՀԷԿ» IPO-ն ներդրումներ կապահովի ԼՂՀ տնտեսության զարգացման համար», panarmenian.net, մարտի 20, 2009 թվական:
- «“Արցախ ՀԷԿ”-ի բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվեց բորսայում», Մեդիամաքս, մայիս, 2010 թվական:
- ««ԱՐՑԱԽ ՀԷԿ-ի» պարտատոմսերը ցուցակվել են «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում», news.am, փետրվարի 19, 2015 թվական:
- «Արցախ ՀԷԿ»-ն ավելացնում է արտադրության ծավալները. ընթացիկ տարում նախատեսվում է ապահովել էլեկտրաէներգիայի սպառման 65 տոկոսը
|