Բույսերի քաղցկեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղցկեղ բույսերի, մշակովի և վայրի բույսերի հիվանդություն, երբ արմատների, բների, ճյուղերի, արմատապտուղների, պալարների վրա առաջանում են նորագոյացություններ և ուռուցքներ։ Հարուցիչները հիմնականում սնկերը և բակտերիաներն են։ Երբեմն մեխանիկական վնասվածքի պատճառով բույսերի վրա առաջանում են խոցեր, որոնց նույնպես պայմանականորեն անվանում են քաղցկեղ։ Կարտոֆիլի քաղցկեղ, վտանգավոր ներքին կարանտինային հիվանդություն է։ Տարածված է ԽՍՀՄ եվրոպական մասում, ՀԽՍՀ-ում միայն գրանցվել է Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղում (1983)։ Պալարների, ստոլոնների, ավելի հազվադեպ ցողունների, տերևների վրա առաջանում են անհարթ, իրար վրա կուտակված, մսալի, դարչնագույն ուռուցքներ, երբեմն ավելի խոշոր, քան պալարները։ Վարակված պալարները կորցնում են իրենց ապրանքային արժեքը, պիտանի չեն օգտագործման համար։ Տարածվում է վարակված պալարների, բուսական մնացորդների միջոցով։ Պայքարի միջոցառումները. կարանտին, սև ցել, պայքար մոլախոտերի դեմ, հողի վարակազերծում սնկասպաններով։ Լոլիկի բակտերիալ քաղցկեղ, հարուցիչը փոխանցվում է սերմերի, վարակված մնացորդների, վեգետացիայի ընթացքում՝ բծատման, ոռոգման ջրի, միջատների, քամու միջոցով։ Վնասում է պտուղները, տերևները, անոթային համակարգը։ Բույսերի տերևները և ճյուղերը թառամում են, պտուղը փտում է։ Պայքարի միջոցառումները.սերմերի ախտահանում, հողի հականեխում սնկասպաններով, բերքահավաքից հետո բուսական մնացորդների ոչնչացում, խորը վար, ցանքաշրջանառության կիրառում։ Պտղատու կուլտուրաների արմատային բակտերիալ քաղցկեղն առավել վնասակար է տնկարաններում։ Հարուցիչը վարակում է հնդավորներին և կորիզապտղավորներին, ինչպես նաև խաղողի վազին, ճակնդեղին, գազարին, լոլիկին, արևածաղկին, անտառային զարդարիկ (դեկորատիվ) ծառատեսակներին, ծաղկաբույսերին և այլն։ Բակտերիան մեխանիկական վնասվածքներից ներթափանցում է բույսերի արմատների, ինչպես նաև արմատավզիկի (պտղատու բույսերի բների, ճյուղերի) մեջ և առաջացնում տարբեր ձևի ու չափի, սկզբում փափուկ, հետագայում փայտացած, կարծր ուռուցքներ, որոնք արգելակում են սննդանյութերի բնականոն հոսքը դեպի բույսի օրգանները։ Բույսերն աստիճանաբար դեղնում և չորանում են։ Պայքարի միջոցառումները․ տնկարանների հիմնում չվարակված հողամասերում, վարակված տնկարանում հաջորդ 3-4 տարում չվարակվող բույսերի մշակում (առվույտ, հասկավոր հացաբույսեր, եգիպտացորեն և այլն)։ Վարակված տնկանյութի խոտանում։ Նախքան տնկելը արմատային համակարգի վարակազերծում պղնձարջասպի 1%-անոց, ցինկ-սուլֆատի 0,1%-անոց կամ բորաթթվի լուծույթով։ Խնձորենու սև քաղցկեղ։ Վարակվում են հնդավորները (խնձորենի, տանձենի, սերկևիլենի), հազվադեպ՝ կորիզապտղավորները, հնդկական ընկույզը և այլն։ Հարուցիչը մեխանիկական վնասվածքներից թափանցում է բույսի օրգանները և վնասում ճյուղերը, բույնը, տերևները, պտուղները։ Հիվանդ մասը օղեպատում է ճյուղը, բունը, և ծառը չորանում է։ Տերևների, պտուղների վրա առաջանում են դարչնագույն բծեր, պտուղները փտում են։ Վարակված մասերի վրա նկատվում են բազմաթիվ սև կետիկներ, գնդաձև գոյացություններ և այլն։ Պայքարի միջոցառումներ, վաղ գարնանը, մինչև վեգետացիայի սկիզբը՝ վերքերի բուժում, վարակազերծում, սրսկում սնկասպաններով, վերքերի պատում այգու մածիկով, աշնանը բնի և կմախքային ճյուղերի սպիտակեցում կրակաթով (30%-ը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։