Գոբլի ծրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոբլի ծրագիր, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակներ, որոնք հայտնի են դրանց հեղինակի՝ Փոլ Գոբլի անվամբ։ ԽՍՀՄ ազգությունների հարգերով զբաղվող ամերիկացի փորձագետ-վերլուծաբան Փ. Գոբլը 1980-ական թվականներին աշխատել է ԱՄՆ պետական քարտուղարությունում, իսկ 1990-ական թվականներին՝ Ազատության, Ազատ Եվրոպա ռադիոկայանի Վաշինգտոնի գրասենյակում։

Նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականից Փ. Գոբլը առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային փոխանակումների միջոցով։ Ըստ Գոբլի ծրագրի, մասնավորապես, նախատեսվում Է, որ Արցախի Լաչինի շրջանի և Հայաստանի Մեղրիի շրջանի փոխանակմամբ Ադրբեջանն ուղղակի աշխարհագրական կապ կհաստատի Նախիջևանի, իսկ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի հետ։ Այդ դեպքում չի բացառվել նաև Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման կամ Հայաստանի կազմի մեջ մտնելու հնարավորությունը։

Արձագանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոբլի ծրագիրը քննարկվել է լայն և նեղ քաղաքական և հասարակական տարածքներում ։Հայ քաղաքական հասարակությունը չկարողացավ ձևակերպել վերջնական վերաբերմունք Գոբլի առաջարկի նկատմամաբ ։Ընդհանուր առմամբ ծրագիրը բացասական արձագանք է գտել հայ հանրության մոտ, քանի որ նման «տարածքային առևտրի» արդյունքում Հայաստանը կզրկվի Իրանի հետ իր ունեցած ուղղակի աշխարհագրական կապից, իսկ Թուրքիան և Ադրբեջանը կկարողանան ցամաքային անմիջական կապ հաստատել միմյանց միջև։ Ռուսաստանը և Իրանը դեմ են արտահայտվել Գոբլի ծրագրին, ինչը կհանգեցներ Հարավային Կովկասամ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության և տարածաշրջանում Թուրքիայի միջոցով ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացմանը։

Հաշվի առնելով այս տարբերակի նկատմամբ խիստ բացասական արձագանքները՝ Գոբլը հետագայում առաջարկել Է, որ Ադրբեջանը, ի լրումն Լաչինի շրջանին, Հայաստանին հանձնի նաև Նախիջևանի Սադարակի շրջանը, որպեսզի Հայաստանը չզրկվի Իրանի հետ ուղղակի աշխարհագրական կապից։

Հայ հանրության խիստ արձագանքը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դրանով կխորացվեր Հայաստանի պաշարումը երկու թյուրքական պետությունների կողմից և նոր զարկ կտրվեր պանթյուրքիզմի անին։ Այդ նույն պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտության նման կարգավորումը կհակասեր ոչ միայն Հայաստանի, այլև իրանի և Ռուսաստանի ազգային շահերին, ինչի մասին բազմիցս խոսել են այդ երկրների փորձագետ-վերլուծաբանները։ Գոբլի մշակած տարբերակների կիրառումն ավելի կբարդացներ չլուծված առկա խնդիրները՝ ստեղծելով նոր խոչընդոտներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին։ Բացի այդ, Փ. Գոբլի ծրագրերում միտումնավոր խեղաթյուրվում են ղարաբաղյան հակամարտության իրական սուբյեկտները՝ ԼՂՀ ու Ադրբեջանը, և փաստորեն փորձեր էր արվում խնդիրը լուծել երրորդ կողմի՝ Հայաստանի Հանրապետության տարածքի հաշվին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։