Jump to content

Դիդախե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Տիրոջ ուսմունքը 12 առաքյալների միջոցով փոխանցված» կամ Տասներկու առաքեալների վարդապետութիւնը (հուն․՝ Διδαχὴ Κυρίου διὰ τῶν δώδεκα ἀποστόλων), կրճատ՝ Դիդախե, վաղ քրիստոնեական անանուն երկ։ Թվագրվում է մ.թ. I դարի վերջով - II դարի սկզբով։ Երկում շարադրվում է քրիստոնեական վարդապետությունը, ներկայացվում է եկեղեցական կյանքը՝ մկրտությունը, պահքը, աղոթքները, առաքյալների և եպիսկոպոսների մասին կանոններ։ Ինչպես ` Պետրոսի ապոկալիպսիսը , եգիպտացիների ավետարանը Դիդախեն համարվում է «սուրբ գրություն»։ Եվսեբիոս Կեսարացին այն դասում է « ոչ վավերական » (նոտա) առաքելական գործերի մեջ։ Սբ. Աթենասը խորհուրդ է տալիս այն կարդալ տաճարների կողմից , որը հավասար է Հին Կտակարանի ապոկրիֆներին։ «Դիդախեն» Վաղ քրիստոնեական եկեղեցու կյանքում լայն տարածում է ունեցել։ Կղեմես Ալեքսանդրացին այն դասում էր Նոր Կտակարանի Սուրբ Գրքերի կանոնի շարքին՝ որևէ կասկած չունենալով երկի առաքելական պատկանելության մեջ։

Երկար ժամանակ համարվում էր կորսված։ Գտնվել է Կոստանդնուպոլսի եկեղեցական գրադարաններից մեկում Նիկոմիդիայի միտրոպոլիտ Թեոփիլոս Վիրենիոսի կողմից 1873 թ.-ին։ Հրատարակվել է 1883 թ.-ին։ Ամբողջական կերպով պահպանվել է միայն 1056 թ.–ով թվագրվող մեկ հունարեն ձեռագրի մեջ։ Տեքստն ունի 3 մաս և վերջաբան։

Բարոյական ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է երկու ճանապարհների՝ կյանքի և մահվան մասին արտաքրիստոնեական ուսմունքը, որը ծանոթ է հունական և հուդայական աղբյուրներից։ Կյանքի ուղին առաքինությունների ուղին է, որ պահանջում է սիրել Աստծուն՝ մեր Արարչին, և սիրել մեր մերձավորներին այնպես, ինչպես ինքներս մեզ ենք սիրում, խուսափել սպանությունից, շնությունից, գողությունից, մոգությունից, դաժանությունից, չարախոսությունից, քինախնդրությունից և այլն, լինել հեզ, ողորմած, աղքատասեր, աստվածապաշտ, վեհանձն ստորադասների նկատմամբ և այլն, դաստիարակել երեխաներին Աստծու նկատմամբ սիրով և երկյուղով։ Հեղինակը թելադրում է ետ մնալ մեղքերից և քայլել Աստծու ճանապարհներով։

Ծիսական ցուցմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսվում է մկրտության, պահքի, աղոթքի և Ս. Հաղորդության մասին։ Մկրտությունը պետք է կատարել Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Մկրտությունից առաջ թե՛ մկրտվող և թե՛ մկրտողը պետք է ծոմ պահեն։ Պահքը պետք է պահել չորեքշաբթի և ուրբաթ օրերին և ոչ՝ երկուշաբթի և հինգշաբթի։ Պետք է աղոթել այնպես, ինչպես Տերն է սահմանել ավետարանում։ Խոսքը Տերունական աղոթքի մասին է։

Կարգապահական բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդներ է տալիս զանազանելու իրական առաքյալներին և մարգարեներին կեղծ առաքյալներից ու մարգարեներից։ Ցուցումներ է տալիս վավերական քարոզիչներին արժանի կերպով ընդունելու և ճանապարհելու համար։ Հանձնարարում է ձեռնադրել եպիսկոպոսների ու սարկավագների և նրանց մատուցել նույն պատիվը, ինչ շրջող քարոզիչներին և ուսուցիչներին։ Հստակ է, որ «Դիդախեի» ժամանակ չկար եպիսկոպոս-քահանա-սարկավագ նվիրապետական կառույցը։ «Դիդախեն» ավարտվում է մի վերջաբանով, որ պարունակում է վախճանաբանական պատկերներ և միշտ արթուն մնալու թելադրություններ, քանի որ չգիտենք այն ժամը, երբ Տերը պիտի գա։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիդախե» հոդվածին։