Ակումբն ամենահներից մեկն է Հայաստանի Հանրապետությունում։ Այն հիմնադրվել է 1936 թվականի և ընդգրկվել «Դինամո» մարզական միության կազմում։ Տվյալ միության հիմքի վրա ստեղծվել են բազմաթիվ ակումբներ Խորհրդային Միության երկրներում։ Հաջորդ տարի «Դինամոն» կատարել է իր նորամուտը միութենական գավաթի խաղարկությունում և առաջնությունում։ Գավաթի խաղարկությունում ակումբն առաջին իսկ փուլում պարտվել է Բաքվի «Նեֆտյանիկ» ակումբի դեմ խաղում[1]։ Առաջնությունում հակառակորդները եղել են հավասար, և ակումբն զբաղեցրել է երրորդ տեղը դիվիզիոնում[2]։ 1938 թվականին երևանյան «Դինամո» և «Սպարտակ» (ներկայում՝ «Արարատ») ակումբները միավորվել են և կոչվել «Դինամո»։ Այդպիսով՝ «Սպարտակը», դառնալով «Դինամո», շարունակել է ակումբի ավանդույթները, հետագայում կրկին վերանվանվել «Սպարտակ», ապա «Արարատ»։ Իսկ «Դինամոն» անհետացել է երկրի ֆուտբոլային քարտեզից երկար տարիներով։
Հայաստանի անկախացումից հետո ակումբը վերստեղծվել է 1992 թվականին և մասնակցել Հայաստանի առաջին լիգայի մրցաշարերին[3]։ 1994 թվականի մրցաշրջանում Տիգրան Եսայանը, որն այդ ժամանակ հանդես էր գալիս «Դինամոյի» կազմում, իր հեղինակած 30 գոլերով դարձել է Առաջին լիգայի լավագույն ռմբարկու[4][5]։ 1998 թվականին վերանվանվել է «Դինամո Էներգո»[6]։ Այդ անվանումն ակումբը կրել է ոչ երկար և 1999 թվականից հանդես է եկել նախկին անունով։ Նույն մրցաշրջանում թիմն առաջին անգամ նվաճել է փոքր ոսկե մեդալներ առաջնությունում[7]։ 2000 թվականին ակումբը կատարել է իր նորամուտը Պրեմիեր լիգայում։ Սակայն բարձրագույն մակարդակում անցկացրած առաջին մրցաշրջանում թիմն զբաղեցրել է ութերորդ՝ վերջին տեղը։ Ավելին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողությունների հետ համաձայն չլինելու պատճառով «Դինամոն» «Միկա» և «Զվարթնոց-ԱԱԼ» ակումբների հետ բոյկոտել է վերջին երկու փուլերի խաղերը։ Այդ պատճառով թիմերը հանվել են առաջնությունից, իսկ մրցաշարային աղյուսակում նրանց տեղերը եղել են պայմանական[8][9]։ «Դինամոն» անցել է ավելի ցածր դիվիզիոն։ 2002 թվականի մրցաշրջանում «Դինամոն» չի մասնակցել առաջնությանը, իսկ 2003 թվականից կրկին սկսել է հանդես գալ Առաջին լիգայի առաջնությանը։ 2006 մրցաշրջանում «Դինամոն» զբաղեցրել է 5-րդ տեղը և մասնակցել երկրորդ անգամ Պրեմիեր լիգա անցնելու համար տեղի ունեցած անցումային խաղին ընդդեմ Երևանի «Ուլիսի», սակայն պարտվել 2:4 հաշվով և շարունակել ելույթներն Առաջին լիգայում[10]։ 2007 թվականի մրցաշրջանում ակումբն զբաղեցրել է 4-րդ տեղը, որն իրավունք է տվել ուղղակի անցնել Պրեմիեր լիգա։ Դա պայմանավորված էր նրանով, որ առաջին հորիզոնականներն զբաղեցրել էին Պրեմիեր լիգայի ակումբների ֆարմ-ակումբները։ Մրցաշրջանում լիգայի լավագույն ռմբարկու է դարձել Արթուր Բաղդասարյանը[11][12]։ Պրեմիեր լիգա անցնելու հետ ակումբը կազմալուծվել է ու ցրվել։
ՀՖՖ-ի գործողությունների հետ համաձայն չլինելու պատճառով ակումբը բոյկոտել է վերջին երկու փուլերի խաղերը։ Այդ պատճառով ակումբը հանվել է առաջնությունից և նրա տեղն արդյունքների աղյուսակում պայմանական է։