Երիտասարդ հասակում ձեռնադրվել է քահանա, սակայն հոգևոր կոչումը նրան չի հրապուրել․ նա իր ողջ կյանքը նվիրել է գրական-ստեղծագործական աշխատանքին։ Գրել է իտալերեն, թողել է հարուստ գրական ժառանգություն՝ ինքնուրույն և թարգմանական։ Տպագիր առաջին ստեղծագործություններն ունեն փիլիսոփայական, պատմադիցաբանական բնույթ, մեծ մասամբ գրվել են ժամանակի նշանավոր անձանց և Վենետիկի արքունական թատրոնի պատվերով։ 1744 թվականին հրատարակվել է նրա «Արիստիպպոս» քնարական ստեղծագործությունը, որն անտիկ շրջանի իդեալիստ Փիլիսոփա, Սոկրատի աշակերտ Արիստիպպոս Կյուրենացու հայացքների քննությունն է։ Շահրիմյանի նշանավոր գործերից են «Կայոս Մարտիոս Կորիոլանռս» (1747 թվական) երգախառն պատմական դրաման, «Ալմանախ ի պետս իմաստակների» փիլիսոփայական երկը։ Շահրիմյանը գրել է նաև բժշկագիտական երկեր՝ «Բժիշկների և բժշկության մասին», «Հիվանդություններ, որոնց բուժման համար ավելի շուտ պետք է դիմել բնությանը, քան թե բժշկին»։ Շեհրիմանյանը առավել ճանաչվել է «Էնրիկո Վանտոնի ճանապարհորդությունը կապիկների և շնագլուխների աշխարհում» (հ․ 1-4, 1764) արկածային վեպով, որը հրատարակվել է առանց ստորագրության․ Շահրիմյանի վեպը ներկայացրել է որպես անգլերեն, մի ձեռագրից կատարված թարգմանություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 478)։