Իվան բեյը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իվան բեյը, պատմվածք, Ակսել Բակունցի՝ 1927 թվականին գրված, գավառական կյանքը ներկայացնող գործերից։

Իվան բեյը
ԺանրՊատմվածք
ՀեղինակԱկսել Բակունց
Բնագիր լեզուՀայերեն
Գրվել է1927թ․
ԿերպարներԻվան բեյ, նրա պառավ կինը, Երմոլով, Ակոփ, Սարգիս աղա
Կազմի հեղինակԱ․ Ս․ Քիշոյան
ՀրատարակչությունՍովետական գրող
ՎիքիդարանԻվան բեյը

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակունցյան երգիծապատումի մեջ են մտնում ազգային երգիծապատումի վերջին շառավիղների դեմ ուղղված մի շարք ստեղծագործություններ, որոնք ոչ այնքան ուժեղ զավեշտավեպեր են, այլ ներկայացնում են հին աշխարհի վերադարձի պատկերների նկարագրությունները։ Եվ «Իվան բեյը» համարվում է այդ պատկերների գեղարվեստական անզուգական արժեքներից մեկը[1]։ Պատմվածքում նկարագրված «Գավառական մի քաղաքը»՝ լայն և ուղիղ փողոցներով, կանաչ խոտ մայթերի վրա 1920-ական թվականների Գորիսն է[2]։

Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հրապարակվել է «Նորք» հանդեսի 1926թ․ գիրք 1-ում։ 1930 թ․ Բաքվում լույս է տեսել ադրբեջաներեն առանձին գրքույկով։ Այնուհետև տեղ են գտել Երկերի 1955թ․ միհատորյակում և 1964թ․ երկհատորյակի առաջին հատորում՝ որոշ փոփոխություններով։ 1979 թ․ հրատարակության համար հիմք է հանդիսացել 1926թ․ «Նորքում» հրապարակված բնագիրը[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանական դրամատիկ լարվածությամբ առանձնանում է «Իվան բեյը» պատմվածքը։ Գավառական խուլ քաղաքում, ուր ավտոմեքենա տարին մեկ անգամ էր գնում, փողոցներն էլ միշտ դատարկ էին, իր գավառական սնապարծությամբ ապրում էր Իվան բեյը։ Նա նախկինում եղել էր պրիստավի գրագիր, և դեռ մի փոքր պաշտոն ուներ՝ հսկում էր փաստաթղթերի պահոցը։ Այս ամենը բավական էր, որ նա ամեն առավոտ ինքնագոհությամբ ծառայողին խեթի․ «-Ակո՛փ, օթախս լավ ես սրբե՞լ, տես հա՞․․․» Իվան բեյն ապրում էր իր պառավ կնոջ հետ։ Երկուսով էին և նրանց կյանքի անցած օրերը։ Ներկան ասես նրանց համար չէր։ Մի կողմից խտանում էր հիշողությունը, մյուս կողմից՝ լռությունը։ Նախկինում գյուղացիներին ծեծելու համար նրան հեռացնում են աշխատանքից։ Կտրվում է աշխարհի հետ նրա վերջին ու միակ կապը։ Նա իրեն զգում էր ինչպես ավելորդ ու անպետք մի իր՝ աստիճանաբար դառնալով ավելի լուռ ու մտասույզ։ Մահանում է կինը, բայց կնոջ մահը նրան այնքան չի տանջում, որքան լքվածությունը, որ նա ավելի էր զգում աշխատանքի գնացողների հանդիպելիս։ Այդ հոգեվիճակը նրան հասցնում է ցնորման։ Մի օր նա հանում է մառանում պահած իր նախկին համազգեստի պղնձյա կոճակները, երկար նայում իր փառքի հիշատակներին և ափի մեջ սեղմած էլ ավանդում հոգին[4]։

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանական այս խոր ու ցնցող պատկերը ոչ միայն հին օրերի մարդու միայնությունն ու ողբերգությունն է, այլև, ընդհանրապես, կյանքում տեղը կորցրած մարդու ծանր ողբերգությունը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աղաբաբյան, Սուրեն (1986). Ակսել Բակունց. Երևան: Սովետական գրող. էջեր 16։.
  2. Ակսել Բակուց Երկեր. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ. 1979. էջեր 636։.
  3. Ակսել Բակունց Երկեր. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ. 1979. էջեր 636։.
  4. Ակսել Բակունց. Երևան: Սովետական գրող. 1986թ․. էջեր 280-300։.
  5. Գասպարյան, Դավիթ (Սկիզբը՝ 2011 Մայիս Ա-Հունիս Ա։). Ակսել Բակունց 1899-1937. Քրիստոնյա Հայաստան.