Լվացող-վարակազերծող մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լվացող վարակազերծող մեքենա, արտադրության օբյեկտների, տեխնոլոգիական և օժանդակ սարքավորումների, տարայի և թռչնաբուծական ձեռնարկությունների գույքի ջրով մաքրման և խոնավ վարակազերծման մեքենա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանոն՝ շարժունակ է։ Հիմնական մասերն են՝ սայլակը, որի շրջանակի վրա մոնտաժված է էլեկտրաշարժիչը, սեպափոկավոր փոխանցիչը և բարձր ճնշման պոմպը։ Բանող մարմիններն են՝ մաքրող կամ վարակազերծող ջուրը կամ լուծույթն ուղղորդող ծայրապանակ ջրնետիչը, կարգավորման և հսկման մարմինը (ապահովիչ կափույրներ, ճնշաչափիչներ, ազդանշանային սարք), ջրաշիթի մեջ խտացված վարակազերծող միջոցների որոշակի չափաքանակի մատուցման բաժնեվորիչը, ջրի և լվացող-վարակազերծող նյութերի (դետերգենտների) բաքերը, տեղափոխման ժամանակ բարձր ճնշման փողրակները փաթաթող թմբուկը (օժանդակ սայլակի վրա)։ Թողարկվում են 2 տիպի՝ տաք ջրով (համալրված վառելանյութի պոմպով և բաքով, նաև ջերմափոխանցիչով) և սառը ջրով աշխատող լվացող վարակազերծող մեքենաներ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղտոտված օբյեկտները մաքրում և վարակազերծում են փոշեցրվող ջրի կամ 1–6%-անոց վարակազերծող լուծույթի բարձր ճնշումային շիթով (ռետինե փողրակների միջոցով)։ Հեղուկի աշխատանքային ճնշումը (կախված լվացող վարակազերծող մեքենայի տեսակից)՝ 1,6–14,0 մթնոլորտային, աշխատանքային միջավայրի ջերմաստիճանը՝ 15–20o C-ից մինչև 70–85o C, հեղուկի ծախսը՝ 1,0–1,6 մ3 /լ։ Շիթի տեսակարար ճնշումը՝ գլխադիրից 0,2–1,5 մ հեռավորության վրա, 3–0,2 կգ/սմ² է։ Մակերևույթները ձեռքով մշակելու համեմատ լվացող վարակազերծող մեքենայի աշխատանքի արտադրողականությունը բարձրացնում է 2–3 անգամ և բակտերիային աղտոտվածությունը նվազեցնում է 96–97%-ով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։