Կայծակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայծակ (այլ կիրառումներ)
Ամպերից երկրին հարվածող կայծակ։
Կայծակը հարվածում է Էյֆելյան աշտարակին։ 1902 թ։

կայծակ նաև՝ շանթ, մթնոլորտում՝ ամպերի կամ ամպի և երկրի միջև տեղի ունեցող կայծային էլեկտրական պարպում է։ Սովորաբար դրսևորվում է պայծառ լույսի բռնկումով և ուղեկցվում որոտով։ Պարպման ժամանակ հոսանքի ուժը հասնում է 10-100 հազար ամպերի, լարումը՝ տասնյակ միլիոնավորներից մինչև միլիարդավոր վոլտի։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրագնդի վրա ամենահաճախ կայծակները տեղի են ունենում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքի լեռներում գտնվող փոքրիկ Կիֆուկա գյուղի մոտ։ Մեկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա տարեկան տեղի է ունենում կայծակի 158 բռնկում։ Կայծակները հաճախակի են նաև Վենեսուելայում, Սինգապուրում, Բրազիլիայի հյուսիսում և Կենտրոնական Ֆլորիդայում։

Որոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայծակին ուղեկցող որոտի առաջացման բացատրությունը հետևյալն է. էլեկտրական հոսանքի արագ աճի պատճառով կայծակի անցուղու ներսում օդը խիստ տաքանում է և արագ ընդարձակվում։ Հոսանքի հանկարծակի ընդհատումից հետո ջերմաստիճանը կայծակի անցուղում ընկնում է, քանի որ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին. անցուղին արագ սառչում է, օդը կտրուկ սեղմվում, որի հետևանքով առաջանում են ձայնային ալիքներ։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայծակները լինում են գծային, գնդային և օղաձև։ Ավելի հաճախ հանդիպում է գծային կայծակ, որի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի, տևողությունը՝ տասնյակ կամ անգամ հարյուրավոր միլիվայրկյաններ, հոսանքի ուժը՝ 100 կիլոամպերի։ Գնդային կայծակի բնույթը դեռևս բացահայտված չէ։

Կայծակի ավերիչ հետևանքներից պաշտպանվելու համար կիրառվում են շանթարգելներ։

Առաջացման անհրաժեշտ պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայծակներն առաջանում են լիցքավորված մասնիկների կուտակման տեղերում։

Կայծակի փոխադրած լիցքերի հավաքումը կատարվում է վայրկյանի հազարերորդական մասերի ընթացքում, մի քանի կմ³ տարածությունում գտնվող իրարից լավ մեկուսացված միլիարդավոր մասնիկներից։

Կայծակի առաջացման համար անհրաժեշտ է, որ ամպի համեմատաբար փոքր ծավալի մեջ ձևավորվի էլեկտրական պարպում սկսելու համար անհրաժեշտ լարում (≈1ՄՎ/մ) ունեցող էլեկտրական դաշտ, իսկ ամպի նշանակալի մասում լինի սկսված պարպմանն աջակցելու համար անհրաժեշտ միջին լարումով (≈0.1-0.2 ՄՎ/մ) դաշտ։ Կայծակի միջոցով ամպի էլեկտրական էներգիան վերափոխվում է ջերմային, լուսային և ձայնային էներգիաների։ Ձայնային էներգիայի անջատումն արտահայտվում է ամպրոպի ձևով։

Կայծակի էլեկտրական բնույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայծակի էլեկտրական բնույթը բացահայտել է ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինը, որի գաղափարների հիման վրա փորձեր են կատարել ամպրոպաբեր ամպից էլեկտրականություն ստանալու ուղղությամբ։ Ամպրոպաբեր ամպի տարբեր մասերն ունենում են տարանուն լիցքեր։ Առավել հաճախ ամպի ստորին մասը լիցքավորված է լինում բացասական, վերևինը՝ դրական լիցքով։ Տարանուն լիցք ունեցող մասերով միմյանց մոտենալիս, ամպերի միջև Կայծակ է առաջանում։

Կայծակի հետ կապված պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի մակերևույթին հասած կայծակը հաճախ հրդեհների և մարդկային զոհերի պատճառ է դառնում։

  • 1789 թվականին Իտալիայի Բրեշիա քաղաքում կայծակը, հարվածելով Սուրբ Նազար եկեղեցուն, պայթեցրեց այնտեղի զինանոցում գտնվող իննսուն տոննա վառոդը։ Զոհվեց երեք հազար մարդ, ավերվեց քաղաքի մեկ վեցերորդը։
  • 1994 թվականին նոյեմբերի 2-ին Եգիպտոսի Դրոնկա նավահանգստում կայծակը խփելով պայթեցրեց նավթատար նավերը, զոհվեց 469 մարդ։
  • 2005 թվականին հոկտեմբերի 31-ին կայծակի հարվածից Նոր Հարավային Ուելսում սատկեց վաթսունութ կով։
  • Պակիստանի հյուսիսարևմտյան Ուշարի Դարա գյուղում կայծակից սպանվեց 30 մարդ։
  • Ամերիկացի անտառապահ Ռոյ Սալիվանը գրանցվել է Գինեսի գրքում այն բանից հետո, երբ ողջ է մնացել 35 տարվա ընթացքում ստացած կայծակի յոթ տարբեր հարվածներից հետո։


Կայծակի փայլատակումը պատկերող 0.32 վրկ միջակայքով լուսանկարների շարք։
Կայծակի փայլատակումը պատկերող 0.32 վրկ միջակայքով լուսանկարների շարք։


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 222