Հայելի (ֆիլմ, 1974)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայելի
ռուս.՝ Зеркало
Երկիր ԽՍՀՄ[1]
Ժանրարտհաուս
Թվական1975 և մարտի 7, 1975[2]
Լեզուռուսերեն[1]
ՌեժիսորԱնդրեյ Տարկովսկի[2][3]
Սցենարի հեղինակԱնդրեյ Տարկովսկի և Ալեքսանդր Միշարին
ԴերակատարներՄարգարիտա Տերեխովա[3][4], Օլեգ Յանկովսկի[3], Անատոլի Սոլոնիցին, Larisa Tarkovskaya?[4], Ալլա Դեմիդովա[3][4], Նիկոլայ Գրինկո[3], Ֆիլիպ Յանկովսկի[3][4], Ալեքսանդր Միշարին, Արսենի Տարկովսկի, Ինոկենտի Սմոկտունովսկի, Olga Kizilova?[4] և Յուրի Նազարով[4]
ՕպերատորԳեորգի Ռերբերգ
ԵրաժշտությունԷդուարդ Արտեմև
Պատմվածքի վայրԽՍՀՄ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն108 րոպե
Բյուջե622 000 ԽՍՀՄ ռուբլի

«Հայելի» (ռուս.՝ Зеркало), Անդրեյ Տարկովսկու ինքնակենսագրական կինոդրաման, որը նկարահանվել է 1974 թվականին։

Գլխավոր հերոսը մահացող բանաստեղծ Ալեքսեյն է, որը ցուցադրվում է որպես երեխա և դեռահաս, մինչդեռ հասունության տարիքում լսվում է միայն նրա ձայնը, և նա ընդհանրապես չի հայտնվում կադրում։ Բոլոր իրադարձությունները ներկայացված են նրա տեսանկյունից։ Պայմանական սյուժեից զուրկ պատմվածքը ծավալվում է նրա հիշողությունների և երազների շուրջ, որոնք միահյուսված են պատմական իրադարձությունների արխիվային կադրերի հետ․ Իսպանիայի քաղաքացիական պատերազմը, առաջին սովետական ստրատոստատների գործարկումը, Հայրենական Մեծ պատերազմը, Դամանսկի կղզում սահմանային հակամարտությունը։ Ոչ գծային պատմվածքն ուղեկցվում է Արսենի Տարկովսկու բանաստեղծությունների հետկադրային ընթերցմամբ[5]։ Ռեժիսորի մայրը՝ Մարիա Վիշնյակովան, կատարում է գլխավոր հերոսի մոր՝ ծերացած Մարիայի դերը[6]։

Պատմվածքի ասոցիատիվությունը և քաղաքական ենթատեքստը քննադատություն են առաջացրել, որի արդյունքում ֆիլմը թողարկվել է սահմանափակ վարձույթում։ Հետագայում ճանաչվել է Տարկովսկու ստեղծագործության գագաթնակետը և բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը[7][8][9]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաբան։ Իգնատ անունով տղան միացնում է հեռուստացույցը և դիտում հաղորդումը, որտեղ բժիշկն օգնում է խիստ կակազող դեռահասին բարձրաձայն և հստակ ասել. «Ես կարող եմ խոսել»[10]։

Հետո ֆիլմը տեղափոխվում է անցյալ, մոտավորապես 1935 թվական[11]։ Ալեքսեյի մայրը՝ Մարիան՝ ապրելով գյուղում, դժվարությամբ վերապրում է ամուսնալուծությունն ամուսնուց։ Նստած իր տնից ոչ հեռու գտնվող ցանկապատի վրա՝ նա հանդիպում է անցնող բժշկի։ Լավատես տղամարդը անհաջող փորձում է զրույց սկսել նրա հետ։ Կյանքի և բնության մասին դատողություններից հետո նա հեռանում է։ Ուշ երեկոյան մանկահասակ Ալեքսեյը մոր և հարևանների հետ ականատես է լինում գոմում պատահական հրդեհի։

Պատմությունը տեղափոխվում է 1970-ական թվականներ։ Մեծացած Ալեքսեյը, բացի տարեց մոր հետ լարված հարաբերություններից, տարաձայնություններ է ունենում նաև նախկին կնոջ՝ Նատալիայի և որդու՝ Իգնատի հետ։ Մոր հետ հեռախոսազանգից Ալեքսեյը իմանում է, որ վերջերս մահացել է իր գործընկերը։

Դրան հետևում է Մարիայի աշխատանքում տեղի ունեցած մի դեպքի մասին հիշողությունը․ Մի անձրևոտ օր նա վազում է տպարան՝ շտկելու տեքստում թույլ տված տառասխալը, որը կարող է արժենալ աշխատանքը և նույնիսկ գործընկերների կյանքը։ Պարզվում է, որ տառասխալ չի եղել, բայց Մարիայի անհանգիստ աշխատակցուհի Լիզան վեճ է սկսում նրա հետ։ Նա կշտամբում է Մարիային եսասիրության համար, որի պատճառով ամուսինը լքել է իրեն։ 1970-ական թվականներ․ Մինչ Իգնատը թեյի սեղանի շուրջ տարօրինակ կնոջ խնդրանքով կարդում է Պուշկինի նամակը Չաադաևին, հնչում է դռան զանգը։ Շեմքին կանգնած է տարեց Մարիան, որը՝ չճանաչելով թոռանը և կարծելով, թե սխալվել է բնակարանով, հեռանում է[11]։ Դրանից հետո Իգնատը հայտնաբերում է տարօրինակ կնոջ խորհրդավոր անհետացումը։ Շուտով հայրը զանգահարում է տղային, իսկ որդու հետ զրույցի ընթացքում Ալեքսեյը հիշում է իր պատանեկությունը, որը տեղի է ունեցել պատերազմի տարիներին։ Նա սիրահարված է եղել տեղի գյուղացի աղջկան և այլ դեռահասների հետ միասին հրաձգություն է սովորել խիստ զինղեկից։ Պատերազմից հետո Ալեքսեյն ու քույրը երկար տարիների ընթացքում առաջին անգամ վերամիավորվում են հոր հետ։

Պիտեր Բրեյգել Ավագի «ձմեռային» պատկերները, և, մասնավորապես, «Որսորդները ձյան վրա» պատկերը, դարձել են ֆիլմի դրվագներից մեկի տեսողական հիմքը։

Ալեքսեյը, հանուն իր որդու ավելի լավ դաստիարակության, առաջարկում է Նատալիային կրկին ամուսնանալ կամ Իգնատին տալ իր խնամքին։ Ինքը՝ Իգնատը, հրաժարվում է ապրել հոր հետ[12]։ Որոշ ժամանակ անց Ալեքսեյը լրջորեն հիվանդանում է և հայտնվում անկողնուն գամված։

Եզրափակիչ մասը նկարագրում է ամուսնու մասին Մարիայի ուրախ հիշողությունները։ Դրանցից մեկն այն է, երբ նրանք, պառկած խոտածածկ դաշտում, հանգիստ զրույց են ունենում այն երեխայի մասին, որին նրանք դեռ ևս սպասում են (այսինքն՝ Ալեքսեյի մասին)։ Վերջին կադրերը ցույց են տալիս, որ տարեց Մարիան քայլում է տեղի երեխաների հետ, որոնք հիշեցնում են փոքրիկ Ալեքսեյին քրոջ հետ[6]։

Լարիսա Տարկովսկայայի կատարմամբ Նադեժդայի կերպարը ակնհայտորեն ոգեշնչված է Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» նկարով[11]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարգարիտա Տերեխովա՝ Մարիա, Ալեքսեյի մայր / Նատալիա, կին
  • Մարիա Վիշնյակովա՝ ծերացած Մարիա
  • Օլեգ Յանկովսկի՝ Ալեքսեյի հայր
  • Ինոկենտի Սմոկտունովսկի՝ մեծահասակ Ալեքսեյ (ձայն կադրից դուրս)
  • Իգնատ Դանիլցև՝ երիտասարդ Ալեքսեյ (12 տարեկան) / Իգնատ
  • Ֆիլիպ Յանկովսկի՝ Ալյոշա (5 տարեկան)
  • Անդրեյ Տարկովսկի՝ ինչ-որ մեկը մուշտակով / մեծահասակ Ալեքսեյը մահվան մահճում
  • Նիկոլայ Գրինկո՝ տպարանի տնօրեն
  • Ալլա Դեմիդովա՝ Լիզա
  • Յուրի Նազարով՝ ռազմական հրահանգիչ
  • Անատոլի Սոլոնիցին՝ բժիշկ
  • Ալեքսանդր Միշարին՝ բժիշկ Ալեքսեյի մահվան մահճում
  • Լարիսա Տարկովսկայա՝ Նադեժդա
  • Տամարա Օգորոդնիկովա՝ դայակ / հարևան / տարօրինակ կին թեյի սեղանի շուրջ
  • Տատյանա Ռեշետնիոկվա՝ սրբագրիչ տպարանում
  • Էռնեստո Դել Բոսկե՝ իսպանացի
  • Արսենի Տարկովսկի՝ բանաստեղծություններ ընթերցող (ձայն կադրից դուրս)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Անդրեյ Տարկովսկի
  • Սցենարիստ՝
    • Ալքսանդր Միշարին
    • Անդրեյ Տարկովսկի
  • Օպերատոր՝ Գեորգի Ռերբերգ
  • Երգահան՝ Էդուարդ Արտեմյև
  • Նկարիչ՝ Նիկոլայ Դվիգուբսկի, Նելի Ֆոմինա (կոստյումներ)
  • Էֆետկներ՝ Յ․ Պոտապով
  • Մոնտաժ՝ Լյուդմիլա Ֆեյգինովա
  • Խմբագիր՝ Լազար Լազարև
  • Կինոնկարի տնօրեն՝ Էռնստ Վայսբերգ

Ֆիլմը վերականգնվել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի կողմից 2008 թվականին[13]։ Վերականգնման նյութերը տրամադրվել են Ռուսաստանի Պետական ֆիլմաֆոնդի կողմից։

  • Գլխավոր պրոդյուսեր՝ Կարեն Շահնազարով
  • Ֆիլմի վերականգնման աշխատանքների ղեկավար՝ Անատոլի Պետրիցկի
  • Ձայնի վերականգնում և վերագրում՝ Պավել Դորեուլի
  • Կոլորիստներ՝ Պլատոն Լագուտին, Իրինա Ագաֆոնովա, Աննա Շուրովա

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանք սցենարի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայելի» ֆիլմի գաղափարը ծագել է 1967 թվականին՝ «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմի նկարահանումներից հետո։ Ըստ դրամատուրգ Ալեքսանդր Միշարինի հիշողությունների՝ Անդրեյ Տարկովսկու հետ զբոսանքի ժամանակ նրանք խոսել են ժամանակակից պատմության մասին, որում արտացոլված են լինելու սովետական իրականության իրողությունները։ Միևնույն ժամանակ, պատմությունը շատ առումներով համընկել է հենց Տարկովսկու իրական կյանքի հետ, որը բարդ հարաբերություններ էր ունեցել ծնողների հետ[14]։

«Սպիտակ, սպիտակ օր» սցենարին նրանք ձեռնամուխ են եղել 1968 թվականի սկզբին Լենինգրադի մերձակայքում գտնվող «Ռեպինո» կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տանը։ Սյուժեն ծնվել է Տարկովսկու հիշողություններից, ինչ-որ մեկի պատմած պատմություններից, գրական ստեղծագործությունների քննարկումներից և այլն։ Սկզբում գրառումներ չեն եղել։ Միայն այն բանից հետո, երբ մեծ թվով գաղափարներ և պատկերներ են կուտակվել, հեղինակները փորձել են համակարգել իրենց քննարկածը։ Առանձնացվել է 36 դրվագ (հետագայում՝ հաշվի առնելով ֆիլմի կադրերը, դրանց թիվը կրճատվել է մինչև 28)։ Դրանից հետո նրանք սկսել են սցենարը տեղափոխել թղթի վրա՝ ամեն օր ձայնագրելով երկու դրվագ, քննարկելով դրանք և խմբագրումներ կատարելով։ Սցենարը պատրաստ է եղել երկու շաբաթ անց. 14 դրվագ գրվել է Ա. Միշարինի, 14 դրվագ՝ Ա. Տարկովսկու կողմից։ Յուրաքանչյուր դրվագ համահեղինակների կողմից ընդունվել է նվազագույն շտկումներով, տարաձայնություններ են առաջացել միայն մեկ դրվագի շուրջ, որը Ա. Միշարինը ստիպված է եղել նորից վերանայել։ Սցենարը անսովոր ձև է ունեցել. այն կառուցվել է Տարկովսկու՝ մոր հետ ենթադրյալ երկխոսության վրա՝ հարցաթերթիկի տեսքով. վերջինս պատասխանում էր իր կյանքի մասին հարցերին, րա յուրաքանչյուր պատասխան ուղեկցվում էր յուրահատուկ կինեմատոգրաֆիական մեկնաբանությամբ[15]։

Ավարտված սցենարով Ա. Տարկովսկին ժամանել է Մոսկվա։ Գրիգորի Չուխրայի փորձարարական ստեղծագործական ասոցիացիայի ստուդիայում սցենարը աջակցություն է ստացել, սակայն ԽՍՀՄ Պետկինոյի նախագահ Ա.Վ. Ռոմանովը կտրականապես դեմ է հանդես եկել։ «Սպիտակ, սպիտակ օր» սցենարի իրագործումն անհնար է դարձել, և Ա. Տարկովսկին ստիպված է եղել անդրադառնալ մեկ այլ թեմայի. նա ձեռնամուխ է եղել «Սոլարիս» ֆիլմի նկարահանումներին[15]։

1972 թվականին Ֆ. Տ. Երմաշը նշանակվել է Պետկինոյի նախագահ, իսկ Ա. Տարկովսկին թույլտվություն է ստացել նկարահանելու «Սպիտակ, սպիտակ օր» ֆիլմը։ Աշխատանքը սկսելուց առաջ ռեժիսորը վերանայել է սցենարի մոտեցումը, որում մոր հետ երկխոսությունը պետք է նկարահանվեր թաքնված տեսախցիկով։ Ըստ Ա. Միշարինի, ենթադրելով, որ մայրը հասկանալու է որդու մտադրությունը և հրաժարվելու է նկարահանումներից, Ա. Տարկովսկին որոշել է մշակել սցենարը՝ յուրաքանչյուր դրվագից առաջ հեռացնելով մոր հետ հարցաթերթիկի տեսքով երկխոսությունը։ Ավելին, երբ ֆիլմը անցել է արտադրության փուլ, սցենարը անընդհատ փոխվում էր, նկարահանող խումբը երբեք չգիտեր, թե կոնկրետ որ տեսարանն է նկարահանվելու։ Սցենարի համահեղինակները նախորդ օրը վերամշակում էին յուրաքանչյուր տեսարանը և գալիս նկարահանման հրապարակ՝ թղթի կտորներով, որոնց վրա գրված է եղել դրվագի նոր տարբերակը[16]։ Վերաշարադրելով սցենարը ռեժիսորը փորձել է հասնել առավել ճշգրիտ կերպարի։ Մասնավորապես, երկար ժամանակ նա չի կարողացել գտնել դրվագներից մեկի համար կապող օղակ՝ մերժելով առաջարկվող բոլոր տարբերակները, և միայն այն ժամանակ, երբ Միշարինը զրույցի ընթացքում պատահաբար նշել է, որ մանկության տարիներին մի թռչուն է նստել իր գլխին, անմիջապես «տեսել է» դրվագը բոլոր մանրամասներով[17]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումների ժամանակ ավելացվել են նոր դրվագներ, որոնք փոխարինել են սցենարից հանված հարցազրույցը մոր հետ, մասնավորապես զգալիորեն ընդլայնվել է մոր դերը Մարգարիտա Տերեխովայի կատարմամբ։

Օլեգ Յանկովսկու խոսքով՝ ֆիլմի մի մասը նկարահանվել է Տուչկովում[18]։ Փոքր դրվագներ նկարահանվել են Մոսկվայում՝ Կալանչևսկի փակուղում։

Վերջին դրվագներից մեկի նկարահանումների ժամանակ Տարկովսկին առաջարկել է ֆիլմի նոր անվանումը՝ «Հայելի»։

Մոնտաժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ նկարահանվել է ֆիլմի 32 դրվագ։ Մոնտաժի ժամանակ սցենարիստի և ռեժիսորի առջև դժվարություններ են առաջացել դրանց հաջորդականության հետ կապված։ Տարկովսկին առաջարկել է պատրաստել «տառերի համար 32 գրպան ունեցող դրամարկղ» և յուրաքանչյուրում տեղադրել դրվագի վերնագրով քարտ՝ «Ականջօղերի վաճառք», «Տպագրություն», «Իսպանացիներ» և այլն։ Ըստ Միշարինի հիշողությունների՝ քարտերի տեղափոխումները տևել են ավելի քան 20 օր. հաջորդականության տարբերակներից յուրաքանչյուրում հայտնաբերվել են դրվագներ, որոնք չեն տեղավորվել փոխաբերական շղթայի մեջ, չեն կապվել և չեն բխել այլ դրվագներից։ Լուծումը գտնվել է այն բանից հետո, երբ դրվագներից մեկը դրվել է նախաբանի մեջ։ Արդյունքում մնացած բոլոր դրվագների հաջորդականությունը ներդաշնակորեն «դասավորվեցլ է»[19]։

Ֆիլմի մոնտաժող Ֆեյգինովայի խոսքով՝ հենց ինքն է պնդել, որ «Ես կարող եմ խոսել» դրվագը, որը, ըստ սցենարի, եղել է ֆիլմի ներսում, տեղափոխվի նախաբան։ Բացի այդ, Տարկովսկին ընդունել է նրա առաջարկը՝ բանաստեղծություններ կարդալ կինոխրոնիկայի ֆոնի վրա՝ դրանով իսկ դրանք դարձնելով «ավելի հուսալի և մատչելի, իսկ խրոնիկան՝ բանաստեղծական»[20]։

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան կազմակերպվել էր նեղ շրջանակում։ Նրան հրավիրել են Դմիտրի Շոստակովիչը, Պյոտր Կապիցան, Վիկտոր Շկլովսկին, Պավել Նիլինը, Յուրի Բոնդարևը, Չինգիզ Այթմատովը։ Նրանք բոլորը դրական են արտահայտվել ֆիլմի մասին։

ԽՍՀՄ Պետկինոյի նախագահ Երմաշը դիտումից հետո, ըստ Միշարինի, երկար դադար է ունեցել և ասել. «Մենք, իհարկե, ստեղծագործական ազատություն ունենք։ Բայց ոչ այս չափով»։ Մի կողմից, պատրաստի ֆիլմում ոչ մի ուղղում չի արվել, մյուս կողմից, Պետկինոյի նախագահի նման արձագանքը ազդել է վարձույթի վրա՝ «Հայելի» ֆիլմը թողարկվել է փոքր տիրաժով։

Երմաշը երկու անգամ խոստացել է այն ուղարկել Կաննի կինոփառատոն, բայց այդպես էլ թույլտվություն չի տվել, ֆիլմը չի հայտնվել նաև Մոսկվայի կինոփառատոնի մրցույթում։ Միևնույն ժամանակ, այն վաճառվել է արտասահմանյան ընկերություններին, ցուցադրվել է Ֆրանսիայում, Իտալիայում և այլ երկրներում։ Իտալիայում «Հայելի» ֆիլմը դարձել է 1980 թվականի լավագույն արտասահմանյան ֆիլմը[21]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 թվականին «Հայելի» ֆիլմին շնորհվել է «Դավիդ դի Դոնատելլո» մրցանակ՝ Իտալիայում ցուցադրված լավագույն արտասահմանյան ֆիլմի համար։
  • 2012 թվականին Sight & Sound ամսագրի կողմից կազմակերպված 846 կինոքննադատների շրջանում անցկացված հարցման արդյունքում «Հայելի» ֆիլմի օգտին ավելի շատ ձայն է տրվել, քան Տարկովսկու ցանկացած այլ ֆիլմի օգտին (19-րդ հորիզոնականը մեծագույն ֆիլմերի վերջնական ցուցակում)[22]։ Իսկ 358 կինոռեժիսորների հարցման արդյունքներով այն զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը[23]։

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Տարկովսկի ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ««Հայելու» մեջ ես ուզում էի խոսել ոչ թե իմ, այլ մտերիմ մարդկանց հետ կապված իմ զգացմունքների, նրանց հետ իմ հարաբերությունների, նրանց հանդեպ հավերժական խղճահարության և պարտականության անդառնալի զգացողության մասին»[24]։
  • ««Հայելու» հաջողությունն ինձ ևս մեկ անգամ համոզեց այն ենթադրության ճշտության մեջ, որը ես կապում էի էկրանից պատմելիս անձնական էմոցիոնալ փորձի կարևորության խնդրի հետ։ Միգուցե կինոն ամենաանձնական արվեստն է, ամենաինտիմ։»[24]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0072443/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.bbfc.co.uk/releases/mirror-1970
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.imdb.com/title/tt0072443/fullcredits
  5. Sam Ishii-Gonzales. «Mirror» (անգլերեն). Senses of Cinema. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  6. 6,0 6,1 Jeremy Robinson. «Andrei Tarkovsky's The Mirror». www.sabzian.be (հոլանդերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  7. «Списки лучших фильмов и сериалов» (ռուսերեն). КиноПоиск. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  8. «Sight & Sound Revises Best-Films-Ever Lists». Studio Daily (անգլերեն). 2012 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  9. «The 100 greatest foreign-language films». bbc.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  10. «A Deleuzian Analysis of Tarkovsky's Theory of Time-Pressure». offscreen.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  11. 11,0 11,1 11,2 The Film Sufi. «The Mirror - Andrei Tarkovsky (1975)» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  12. «В детстве Андрей Тарковский также отказывался жить вместе со своим отцом». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  13. «Зона реставрации». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 1-ին.
  14. О Тарковском / Сост., авт. предисл. М. А. Тарковская. — М.: «Прогресс», 1989. — С. 56—57. — 400 с. — ISBN 5-01-002285-0
  15. 15,0 15,1 О Тарковском / Сост., авт. предисл. М. А. Тарковская. — М.: «Прогресс», 1989. — С. 57—59. — 400 с. — ISBN 5-01-002285-0
  16. О Тарковском / Сост., авт. предисл. М. А. Тарковская. — М.: «Прогресс», 1989. — С. 59—62. — 400 с. — ISBN 5-01-002285-0
  17. О Тарковском / Сост., авт. предисл. М. А. Тарковская. — М.: «Прогресс», 1989. — С. 64—65. — 400 с. — ISBN 5-01-002285-0
  18. О Тарковском / Сост., авт. предисл. М. А. Тарковская. — М.: «Прогресс», 1989. — С. 247. — 400 с. — ISBN 5-01-002285-0
  19. О Тарковском / Сост., авт. предисл. М. А. Тарковская. — М.: «Прогресс», 1989. — С. 62—63. — 400 с. — ISBN 5-01-002285-0
  20. О Тарковском / Сост., авт. предисл. М. А. Тарковская. — М.: «Прогресс», 1989. — С. 262. — 400 с. — ISBN 5-01-002285-0
  21. О Тарковском / Сост., авт. предисл. М. А. Тарковская. — М.: «Прогресс», 1989. — С. 63. — 400 с. — ISBN 5-01-002285-0
  22. The Top 50 Greatest Films of All Time. British Film Institute. Արխիվացված 2012-12-05 archive.today(անգլ.)
  23. Is Vertigo really the greatest film of all time?. — Telegraph. Արխիվացված 2012-08-03 Wayback Machine(անգլ.)
  24. 24,0 24,1 Тарковский А. Мартиролог: Дневники. — Институт имени Андрея Тарковского, 2008. — 624 с. — ISBN 978-88-903301-0-0. — («Stalker»).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոլդիրև Ն․ Ստալկեր, կամ Անդրեյ Տարկովսկու աշխատություններն ու օրերը:— Челябинск: Урал-LTD, 2003. — 384 էջ — ISBN 5-8029-0254-X. — («Биографические ландшафты»)։
  • Բոլդիրև Ն․ Կրոնական կինոյի ծնունդը // Բոլդիրև Ն․ Անդրեյ Տարկովսկու զոհաբերություն. — М.: Вагриус, 2004. — 528 էջ — ISBN 5-9560-0101-1.
  • Եվլամպիև Ի․ Անդրեյ Տարկովսկու գեղարվեստական փիլիսոփայություն — СПб.: Алетейя, 2001. — 349 էջ — ISBN 5-89329-443-2։
  • Միխալկովիչ Վ․ Ընտրյալ ռուսաստանյան կինոերազներ. — М.: Аграф, 2006. — 320 էջ — ISBN 5-7784-0305-4. — («Кабинет визуальной антропологии»)։
  • Ստոգնիենկո Ա․ Ընկալողական տարածությունը Ա․ Տարկովսկու «Հայելի» ֆիլմում / / Մշակութաբանության, պատմության, բանասիրության արդիական հարցեր. գիտական հոդվածների ժողովածու — Кострома: КГУ имени Н. А. Некрасова, 2013. — С. 28—33։
  • Սուրկովա Օ․ Համապատասխանացումների գիրք — М.: Киноцентр, 1991։
  • Սուրկովա Օ․ Տարկովսկու խրոնիկաներ. «Հայելի»։ 2 մասով — մ. 1 // Искусство кино. — 2002. — № 6։
  • Սուրկովա Օ․ Տարկովսկու խրոնիկաներ. «Հայելի»։ 2 մասով — մ. 2 // Искусство кино. — 2002. — № 7։
  • Սուրկովա Օ․ Տարկովսկու հետ և Տարկովսկու մասին — М.: Радуга, 2005. — 464 էջ — ISBN 5-05-006018-4։
  • Սուրկովա Օ․ Տարկովսկին և ես։ — М.: Зебра Е, 2005. — 487 էջ — ISBN 5-94663-237-X։
  • Տուրովսկայա Մ․  — М.: Искусство, 1991. — 256 էջ — ISBN 5-210-00279-9։
  • Յամշիկով Ս․ Տարկովսկու Հայելին․ Ռուս վարպետի 70-ամյակին // Завтра. — 2002. — № 15(438)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]