Jump to content

Հայերեն արմատական բառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայերեն արմատական բառարան
ՀեղինակՀրաչյա Աճառյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբառարան
Թեմահայերեն
Բնօրինակ լեզուհայերեն
Երկիր ԽՍՀՄ

«Հայերէն Արմատական Բառարան», Հրաչյա Աճառյանի ամենաարժեքավոր աշխատանքներից։ Բառարանում ստուգաբանված բառերի քանակն է 5,602։ Հրատարակված ապակետիպ է առաջին անգամ յոթ հատորով 1926-1935։ 1971 թվականին երկրորդ հրատարակությունը եղել է Երևանում։

Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանում» տիպական բառահոդվածները ներկայանում են հինգ բաժնով՝

  • Բառագիտություն։ Գլխաբառ արմատի դիմաց տրված են քերականական նշումներ, բացատրվում է իմաստը, ուղենշվում նրա պատմական էվոլյուցիան, բերվում են համապատասխան վկայություններ (գրավոր աղբյուրներից), որոնց մեջ երևում է արմատի բառակազմական պլանը, ցուցադրվում են նրանից կազմված բառերը, հնչյունափոխված ձևերը, տարբեր գրչությունները և այլն։
  • Ստուգաբանություն։ Բնիկ հայերեն բառի դիմաց տրվում են հնդեվրոպական նախալեզվի վերականգնված ձևը, ցեղակից լեզուների վկայությունները, իսկ եթե բառը փոխառյալ է, նշվում է աղբյուրը (փոխատու լեզուն)՝ համապատասխան բառի (արմատի) ցուցադրումով։
  • Ստուգաբանությունների պատմություն։ Բերվում են տվյալ արմատի վերաբերյալ անցյալում արված բոլոր ստուգաբանությունները։ Այս բաժինը հիմնականում տեղեկատու նշանակություն ունի։
  • Բարբառագիտություն։ Բերվում են արմատի համապատասխանությունները նոր հայերենի բարբառներում՝ ցուցադրելով դրա հնչյունական, իմաստաբանական, բառակազմական զարգացումները, փոփոխությունները։ Գավառական ձևերը վերցված են հայերենի մի քանի տասնյակ բարբառներից։
  • Փոխառություն հայերենից։ Այստեղ նշվում է, թե տվյալ արմատը՝ իբրև հայերենից կատարված փոխառություն, որ լեզվում է առկա։

Բառարանի առաջաբանում հեղինակը հանգամանորեն պարզաբանում է իր աշխատության կառուցվածքը, մեկնաբանում ստուգաբանական այն սկզբունքները, որոնցով ղեկավարվել է ինքը։ Առաջաբանին կից տրված են համառոտագրական ընդարձակ ցանկեր։ Բառարանի առաջին հրատարակության 7-րդ հատորը հավելվածային է, և երկրորդ հրատարակության ժամանակ այն մուծվել է համապատասխան բաժինների մեջ։ Հ. Աճառյանի այս աշխատությունն անգնահատելի ներդրում է հայերենագիտության մեջ. այն իր նմանը չունի նաև համաշխարհային բառարանագրության մեջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։