Հայկ Սուքիասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սուքիասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Տիգրանի Սուքիասյան
Ծնվել է1994 փետվարի 18
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունթավջութակահար

Հայկ Սուքիասյան (ծնվ. 1994 թվական փետրվարի 18 Երևան), հայ թավջութակահար։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Սուքիասյանը ծնվել է 1994 թվականի փետրվարի 18-ին, Երևանում։

2010 թվականին ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցները։ Նույն թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` Արմեն Մեսրոպյանի դասարան։ Երաժշտական դպրոցում սովորել է Արամ Թալալյանի, Աշոտ Այվազյանի, այնուհետև` Տիրուհի Սարգսյանի դասարաններում։

14 տարեկանում մասնակցել է Կոմիտասի 140-ամյակին նվիրված երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին` արժանանալով 3-րդ կարգի դափնեկրի կոչման։

14 տարեկանում դարձել է «Պատանի վիրտուոզներ» խմբի անդամ Ռուբեն Ասատրյանի ղեկավարության ներքո և ելույթներ ունեցել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում, ինչպես նաև Հայաստանի շրջաններում։

15 տարեկանում, որպես «YerazArt» կազմակերպության պատանի երաժիշտ, ելույթներով հանդես է եկել ԱՄՆ-ի և Կանադայի բազմաթիվ քաղաքներում։

16 տարեկանից մասնակցոմ է «Կամերտոն» պատանի-երաժիշտների կազմակերպած համերգներին Գերմանիայում։

16 տարեկանում արժանացել է 1-ին, ինչպես նաև Հատուկ մրցանակների Ավետ Գաբրիելյանի և Սարգիս Ասլամազյանի անունը կրող ջութակահարների և թավջութակահարների հանրապետական մրցույթում։

20 թվականին «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում կամերային անսամբլ անվանակարգում արժանացել է Գրան Պրիի։

17 տարեկանից Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական ֆոնդի կրթաթոշակակիր է։

17 և 19 տարեկանում մասնակցել է Գերմանիայի «Bayreuther Osterfestival» և այլ միջազգային ու հանրապետական փառատոների Հայաստանում։

18 տարեկանից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել որպես մենակատար` համագործակցելով դիրիժոր Հարություն Արզումանյանի հետ։

18 տարեկանից Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել որպես մենակատար` համագործակցելով դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։

19 տարեկանում մասնակցել է Գերմանիայի «Dr. Richard Bellon» պատանի մենակատարների միջազգային մրցույթին` գրավելով 3-րդ տեղը։ Վարպետության դասեր է անցել Սուրեն Բագրատունու, Ալեքսանդր Չաուշյանի, Ռալֆ Կիրշբաումի, Ռամոն Յաֆֆեի, Վահրամ Սարաջյանի, Անյա Լեխների, Ռոնալդ Լեոնարդի, Հարթմուդ Բրաուերի, Մարտին Րիիտցի, Նարեկ Հախնազարյանի և միջազգային ճանաչում ունեցող այլ թավջութակահարների ու երաժիշտների մոտ։ Համերգներով շրջագայել է ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Սիրիայի, Լիբանանի, Գերմանիայի տարբեր քաղաքներով։ Ներկայումս շարունակում է ուսումը Գերմանիայի «Karl Maria von Weber Hochschule fur Musik» երաժշտական բարձրագույն դպրոցում[1]։

2017 թվականից առ այսօր Հայկ Սուքիասյանն ունի 2 կազմավորված կամերային երաժշտության խմբեր` «Trío fundación Mahou San Miguel» և «Cuarteto Mendelssohn BP», որոնց հետ ակտիվ համերգային գործունեություն է ծավալում։

2018 թվականի ապրիլին Իսպանիայում կայացած «XVI CMCET Concurso Música de Cámara Ecoparque Trasmiera» մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և միաժամանակ ճանաչվել որպես «Լավագույն ինստրումենտալիստ»։

2019 թվականի հունիսին Իսպանիայում արժանացել է տարվա լավագույն թավջութակահարի կոչմանը և երկու անգամ պարգևատրվել անձամբ Իսպանիայի թագուհի Սոֆիայի կողմից։

2020 թվականի հունվարի 30 ազատվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Հայկ Սուքիասյան». avproduction.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.(չաշխատող հղում)
  2. Studio, Sargssyan. «Times.am | Թավջութակահար Հայկ Սուքիասյանն ազատվեց զինվորական ծառայությունից». blog.times.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.