Հայ գաղթականների համագումարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ գաղթականների համագումարներ, 1915-1916 թվականների համագումարներ, որոնց նպատակն էր օգնել Արևմտյան Հայաստանից փախած հայ գաղթականներին։

Էջմիածնի համագումար[խմբագրել | խմբագրել կոդը]

Էջմիածնի համագումարը հրավիրվել է 1915 թվականի մարտի 1-2-ը. նպատակն էր միավորել պատերազմի պատճառով արևմտյան Հայաստանից փախած հայ գաղթականներին օգնություն կազմակերպող բոլոր բարեգործական, բարեսիրական և այդ խնդրով զբաղվող կազմակերպություններին։ Համագումարը կազմակերպել էր նորաստեղծ Եղբայրական օգնության կոմիտեի էջմիածնի բաժինը, պատվավոր նախագահն էր Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե։ Օրակարգի հարցերն էին գաղթականներին օգնող բոլոր հանձնաժողովների ու ընկերությունների գործողությունների համակարգումը, գաղթականներին օգնելու գործի կազմակերպումը Կովկասի գյուղերում ու քաղաքներում, միջոցների մշակումը՝ փախստականներին իրենց նախկին բնակավայրերը վերադարձնելու համար և այլն։ Համագումարի աշխատանքներին մասնակցել են էջմիածնի, Երևանի, Նախիջևանի, Իգդիրի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Սիմֆերոպոլի, Կովկասի հայոց բարեգործական և այլ ընկերությունների ներկայացուցիչները։ Համագումարը որոշակի դեր խաղաց՝ գործողություններ ծրագրելով հայ գաղթականներին օգնելու հարցում։

Պետրոգրադի համագումար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոգրադի համագումարը տեղի է ունեցել 1916 թվականի մայիսի 10-12-ին։ Համագումարի հրավիրումը նախաձեռնել էին Մոսկվայի և Պետրոգրադի հայ հասարակայնության ներկայացուցիչները։ Նպատակը նույնպես հայ գաղթականներին օգնող բոլոր ընկերությունների և կազմակերպությունների ջանքերի ու ուժերի միավորումն էր համառուսաստանյան չափերով։ Մասնակցել են Պետրոզրադի, Մոսկվայի, Աստրախանի, Դոնի Ռոստովի. Եկատերինոդարի, Օդեսայի և Ռուսաստանի այլ քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաև պատվիրակներ Թիֆլիսից, Երևանից, Շուշիից, Բաքվից։ Կովկասում գործող մի շարք կազմակերպություններ (Էջմիածնի օգնության կոմիտե, Հայոց գյուղատնտեսական ընկերություն և ուրիշներ), չհամաձայնելով անցկացման վայրի հետ, չմասնակցեցին համագումարին։ Համագումարի աշխատանքներին մասնակցեցին ակաղեմիկոս Նիկողայոս Մառը, պետական դումայի անդամներ Մ. Պապաջանյանը, Մ. Աճեմյանը, նախկին անդամ Պ. Ղուկասովը, գեներալ Բադրամյանը, Մուլթանշահը, Գ. Բաբայանը, Ա. Թամամշյանը, Լ. Մանթաշյանը, Ս. Լազարևը, սենատորներ և ռազմական գործիչներ, ընդամենը՝ 142-150 պատվիրակ։ Համագումարը որոշեց միջնորդել, որպեսզի պատերազմական գործողություններից առաջացած վնասների հատուցման օրենքը տարածվի նաև հայ փախստականների վրա, տեղեկություններ հավաքել հայերի վրա գործադրված թուրքական վայրագությունների մասին և, համաձայն դաշնակից պետությունների 1915 թվականի դեկլարացիայի, պատասխանատվության ենթարկել հանցավորներին, կազմակերպել տեղական հանձնախմբեր փախստականների գույքը պաշտպանելու նպատակով, միջնորդել՝ թուրքերից ազատված հայկական շրջաններում ծանր վիճակում գտնվող հայերին օգնություն ցույց տալու համար։ Որոշվեց կազմել Կենտրոնական խորհուրդ (62 հոգի) և առաջիկա համագումարը հրավիրել սեպտեմբերին՝ Երևանում կամ Թիֆլիսում։ Համագումարը թեև չստեղծեց ընկերությունների միություն, սակայն իր որոշումներով նպաստեց գոյություն ունեցող ընկերություններին՝ շարունակելու իրենց գործունեությունը որոշակի համակարգված։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։