Հանի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պետություն Հան, նաև Հան թագավորություն, հնագույն չինականԿռվող թագավորության դարաշրջանի ապանաժային թագավորություն, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 403-230 թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանային և աշնանային ժամանակաշրջանի վերջում քաղաքացիական բախումների պատճառով թագավորություն Ցզինը թուլացել է, որի արդյունքում այն սկսել են կառավարել 6 նախարարներ 6 տոհմերից (六卿): Շուտով նրանք դարձել են 4-ը՝ Չժի(智), Վեյհ(魏), Չժաո(趙) և Հան(韓), սակայն գլխավորում էր Չժի տոհմը։ Տոհմի վերջին ղեկավարը՝ Չժի Յաոն, մ.թ.ա. 453 փորձել է միանալ Վեյհ և Հան տոհմերի կազմած կուալիցիային, որպեսզի հեռացնի Չժաո տոհմը։ Սակայն Վեյհ և Հան տոհմերը նրան չեն վստահել իր ագրեսիայի և դաժանության պատճառով։ Արդյունքում նրանք Չժաոյի հետ առանձին պայմանագիր են կնքել, հանկարծակի հարձակվել և ոչնչացրել են Չժի տոհմը[1]։

Մ.թ.ա. 403 թվականին 3 տոհմերը պայմանավորվել են երկիրը բաժանել 3 թագավորությունների․ պատմության այս շրջանը կոչվում է «3 տոհմերը բաժանեցին Ցզինը» (三家分晉): Այս իրադարձությունը մի շարք պատմաբաններ համարում ենԿռվող թագավորություն դարաշրջանի սկիզբը։ Երեք թագավորությունների ղեկավարներ Հանը, Չժաոն և Վեյհը ստացան հոու(侯) կոչումը, իսկ 3 պետությունները անվանվեցին «3 Ցզին» (三晉)[2]:

Բարգավաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 375 թվականին Հանը նվաճվել է Չժեն թագավորության կողմից[3]։

Հանի իշխանությունը հասել է իր գագաթնակետին Չժաո-հոու Չուի ժանամակ՝ առաջին նախարար նշանակելով Շեն Բուհային, ով իրականացրել է մի շարք լեգիստական բարեփոխումներ, որոնք հզորացրել են պետությունը։

Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հան տոհմը «7 հզորագույններից» ամենափոքրն էր ինչպես տարածքային, այնպես էլ բնակչության թվով։ Բնական ռեսուրսները, բացառությամբ մետաղական հանքաքարերի հանքավայրերից, այս թագավորությունում քիչ են եղել։ Աշխարհագրական դիրքով Հան թագավորությունը չի ունեցել ելք դեպի ծով և շրջապատված է եղել իրենից ռազմական տեսանկյունից ավելի հզոր թագավորություններով։ Հաշվի առնելով այս ամենը՝ Հան թագավորությունը չէր կարող մեծացնել իր տարածքը ավելի թույլ հարևանների հաշվին՝ չնայած նրան, որ իրեն հաջողվել էր նվաճել փոքր Չժեն թագավորությունը։

Չնայած նրան, որ թագավորություն Հանը ունեցել է լավ զարգացած մետալուրգիա և զինատեսակներ՝ մասնավորապես սրեր և տապարատեգեր, որոնք հայտնի էին ողջ Չինաստանում, այն ռազմական տեսանկյունից բավականին թույլ է եղել և խոցելի այլ ավելի հզոր հարևանների համար։ Իր ողջ պատմության ընթացքում Հան թագավորությունը ավելի հզոր պետությունների կողմից ենթարկվել է կա՛մ հարձակման, կա՛մ մրցակցության պատճառ է դարձել։ Նման իրադարձությունների զարգացման օրինակ է Վեյհ թագավորության հարձակումը մ.թ.ա. 341 թվականին, երբ Հանին հաջողվել է պահպանել իր անկախությունը Ցի թագավորության օգնության շնորհիվ, որի բանակը Մալինի կռվի ժամանակ ջախջախել է վեյհական բանակը[4]։ Հետագայում թագավորություն Հանը այլ թագավորությունների հարձակման դեպքում ինքն իրեն պաշտպանել չկարողանալու պատճառով ստիպված էր լինում կա՛մ օգնություն խնդրել այլ ավելի հզոր թագավորություններից, կա՛մ զիջել իր հողից որոշակի հատված, որը հաճախ տեղի է ունեցել մ.թ.ա. 3-րդ դարում ցիների հարձակման ժամանակ։

Ուժ չունենալով դիմակայել Ցին թագավորությանը և փորձելով իրեն շեղել հարձակումներից՝ Հանի թագավորը խորամանկ ռազմավարական քայլ է կատարել՝ ուղարկելով Ցին ինժեներ-հիդրոլոգ Չժեն Գոյին, որպեսզի վերջինս կառուցի ավելի քան 300 լի (150 կմ) երկարություն ունեցող մեծ ջրանցք, որը պետք է ոռոգեր Ցզինշույհ և Լոշույհ միջգետային տարածքը։ Հանի կառավարիչ Հուան-հուեյ-վանը հաշվարկել էր, որ նման ջրանցքի կառուցումը շատ միջոցներ և աշխատուժ կպահանջի և ցիներին կշեղի դեպի Արևելք կատարվելիք արշավանքներից ու կթուլացնի Ցինի մարտական պատրաստվածությունը, իսկ նման լայնածավալ նախագծի հաջող ավարտի հավանականությունը շատ չէր։ Սակայն արդյունքը Հուան-հուեյ-վանի ենթադրություններից խիստ տարբեր է եղել։ Շինարարության ընթացքում հաների պլանները բացահայտվել են, և Ցինի կառավարիչը որոշել է կախաղան բարձրացնել Չժեն Գոյին։ Սակայն նա ապաշխարելով վստահեցրել է Ցինի ղեկավարին, որ ջրանցքի ավարտը մեծ օգուտներ կբերի իր թագավորությանը։ Ցինի թագավորը հավատացել է Չժեն Գոյին և հանձնարարել նրան ավարտին հասցնել մեծ ջրանցքի կառուցման ծրագիրը։ Մ.թ.ա. 247 թվականին ավարտված ջրանցքը օգնել է ոռոգել ցամաքային հսկայական տարածներ և ի վերջո ոչ թե թուլացրել, այլ ավելի հզորացրել է Ցին թագավորությանը։ Այս ջրանցքը գոյություն ունի մինչ օրս և անվանված է Չժեն Գոյի պատվին[5]։

Անընդհատ պարտություններն ու արտաքին քաղաքական ձախողումները հանգեցրել են պետության աստիճանական անկմանը և նրա գրավմանը մ.թ.ա. 230 թվականին Ցին թագավորության կողմից, որը հետագայում միավորել է ողջ Չինաստանը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հան թագավորությունն ունեցել է լավ զարգացած արվեստներ. այնտեղ գտնվող Նանյան քաղաքը համարվել է այն ժամանակվա երկաթի արտադրության ամենամեծ կենտրոններից մեկը։ Հան թագավորության երկաթե զենքերը հայտնի էին ողջ Չինաստանում։ Սակայն լեռային ռելիեֆը և հարթավայրերի բացակայությունը վատ անդրադարձ են ունենեցել թագավորության տնտեսության վրա։ Եվ սա այն դեպքում, երբ կլիմայական պայմաններից ելնելով՝ Հանի ժաղովուրդը կարող էր աճեցնել միայն ցորեն և լոբի։ Ագրարային տնտեսության այս պայմանները հանգեցնում էին նրան, որ Հան թագավորությունը ամենաթույլ և ամենաաղքատ թագավորություններից մեկն էր։ Այդ պատճառով Հանում կար սննդի անբավարարություն, հատկապես ոչ բերքատու տարիներին[6]։ Հան թագավորությունում, ինչպես և մյուս երկու թագավորություններում, որոնք առաջացել էին նախկին Ցզին թագավորության տեղում (Չժաո և Վեյհ), առք ու վաճառքի համար օգտագործվել են թիակի շեղբի տեսքով բրոնզե մետաղադրամներ։

Հայտնի գործիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հան թագավորության բնիկներն էին Հան Ֆեհյը (մոտ մ.թ.ա. 233 թվականներ)՝ հին չինական լեգիստների առաջատար գաղափարախոս, ականավոր ինժիներ-հիդրոլոգ Չժեն Գոն և Հան թագավորության գլխավոր հրամանատար Չժան Լյանը ( մ.թ.ա. 262-189 թվականներ)։

Կառավարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հան թագավորության արքաների ցանկ[7]։

Անվանումը հայերեն Անվանումը չինարեն Կառավարման տարիներ Ծանոթագրություններ
Ցզին-հոու Ցյան 韓虔 մ.թ.ա. 408-399 թվականներ Պետության հիմնադիր
Լե-հոու Ցյույհ 韓取 մ.թ.ա. 398-387 թվականներ
Վեն-հոու 韓猷 մ.թ.ա. 386-377 թվականներ
Այհյ-հոու 韓屯蒙 մ.թ.ա.376-371 թվականներ Մ.թ.ա. 375 թվականին նվաճել է Չժեն թագավորությունը
Չժան-հոու Ի-հոու 韓若山 մ.թ.ա. 370-359 թվականներ
Չժաո-հոու Չու 韓武 մ.թ.ա. 358-333 թվականներ
Սյուան-հուեյ-վան 韓康 մ.թ.ա. 323-312 թվականներ Մ.թ.ա. 323 թվականին ընդունել է վան կոչումը
Սյան-վան Ցան 韓倉 մ.թ.ա. 311-296 թվականներ
Լի-վան Ցզյու 韓咎 մ.թ.ա. 295-273 թվականներ
Հուան-հուեյ-վան 韓然 մ.թ.ա. 272-239 թվականներ
Հան-վան Անյ 韓安 մ.թ.ա. 238-230 թվականներ. Հանը նվաճվել է Ցին թագավորության կողմից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Васильев Л. С. Древний Китай. т.2 М.2000.
  2. Крюков М. В., Софронов М. В., Чебоксаров Н. Н. Древние китайцы. М.1978.
  3. Николай Сычёв. Книга династий. — АСТ, Восток-Запад, 2005. — С. 398. — 960 с. — 500 экз. — ISBN 5170324960
  4. Сыма Цянь «Ши цзи» Глава 65 «Сунь-цзы, У Ци ле чжуань — Жизнеописание Сунь-цзы и У Ци»
  5. Сыма Цянь «Ши цзи» Глава 29 «ХЭ ЦЮЙ ШУ — „Трактат о реках и каналах“»
  6. Сыма Цянь "Ши цзи" Глава 70 "Чжан И ле чжуань-Жизнеописание Чжан И"
  7. Николай Сычёв. Книга династий. — АСТ, Восток-Запад, 2005. — С. 392. — 960 с. — 500 экз. — ISBN 5170324960

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Николай Сычёв. Книга династий. — АСТ, Восток-Запад, 2005. — 960 с. — 500 экз. — ISBN 5170324960
  • Рыжов.К. Все монархи мира. Древний Восток. — М.: "Вече", 2001.
  • Сыма Цянь. Исторические записки. — М.: "Восточная литература", 1972.