Մասնակից:Anna Dilijan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքացիական լրագրության չկոնֆերանս Վիքիմանիայի ժամանակ, 2007 թվական։

Քաղաքացիական լրագրություն, հայտնի է նաև որպես համագործակցային մեդիա[1], մասնակցային լրագրություն[2], դեմոկրատական լրագրություն[3] կամ փողոցային լրագրություն[4], ժամանակակից լրագրության տեսակ, որը հիմնված է այն քաղաքացիների վրա, որոնք «ակտիվ դեր են խաղում` նորությունների և տեղեկությունների հավաքման, հաղորդման, վերլուծության և տարածման գործընթացում»: Ամերիկացի լրագրող Քորթնի Ռադշը քաղաքացիական լրագրությունը սահմանում է որպես «նորությունների հավաքման և հաղորդման այլընտրանքային և ակտիվիստական ձև, որը գործում է կայացած լրատվամիջոցներից առանձին՝ օգտագործելով այլընտրանքային հարթակներ կամ ուղիներ՝ նորությունները հաղորդելու համար: Քաղաքացիական լրագրության գոյության հիմնավորումներից մեկն այն է, որ այս տեսակի լրագրությունը ձևավորվում է այն պատճառով, որ մարդիկ պրոֆեսիոնալ լրագրության մեջ թերություններ են տեսնում և քաղաքացիական լրագրությունն օգտագործում են՝ որպես ավանդական լրատվամիջոցների լուսաբանման մեջ իրենց տեսած բացերը լրացնելու միջոց։ Թեև քաղաքացիական լրագրությունը կարող է օգտագործել նույն գործիքները կամ մեթոդները, ինչ ավանդական լրագրությունը, այն առաջնորդվում է տարբեր նպատակներով ու սկզբունքներով և արժանահավատություն ձեռք բերելու համար հենվում է տարբեր մեթոդների կամ գործոնների վրա»[5]: Լրագրող Ջեյ Ռոզենն էլ առաջարկում է ավելի պարզ սահմանում․ «Քաղաքացիական լրագրությունն այն է, երբ ավանդական լրատվամիջոցների սպառողներն օգտագործում են իրենց տրամադրության տակ եղած գործիքները՝ միմյանց տեղեկություններ փոխանցելու համար»[6]։ Քաղաքացիական լրագրության հիմքում ընկած հիմնական գաղափարն այն է, որ լուրերի հիմնական ստեղծողն ու տարածողը սովորական մարդիկ են և ոչ թե պրոֆեսիոնալ լրագրողները[7]։ Քաղաքացիական լրագրությունը պետք է տարբերակել լրագրության հարակից ճյուղերից, օրինակ՝ համայնքային կամ քաղաքային լրագրությունից, որով զբաղվում են պրոֆեսիոնալ լրագրողները, համագործակցային լրագրությունից, որը պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լրագրողների համագործակցության արդյունքն է[8], սոցիալական լրագրությունից, որը թվային հարթակներում հրապարակվող պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լրագրության միախառնումն է։

Համեմատելով և հակադրելով «քաղաքացի» և «լրագրություն» տերմինները, որտեղ «քաղաքացին» ենթադրում է քաղաքացիական պարտքի և սոցիալական պատասխանատվության զգացում, իսկ «լրագրությունը» վերաբերում է լուրեր հաղորդելու մասնագիտական գործունեությանը, Քորթնի Ռադշը պնդում է, որ «քաղաքացիական լրագրություն» տերմինն ամենահարմար բնութագրիչն է սիրողական բնույթի առցանց և թվային լրագրության համար, որովհետև այն ընդգծում է պրակտիկ լրագրության կապը քաղաքական ու հանրային ոլորտների հետ[9]։

Քաղաքացիական լրագրությամբ զբաղվելը դարձավ ավելի հեշտ՝ բազմաթիվ ինտերնետային հարթակների ի հայտ գալու շնորհիվ[7]: Նոր մեդիա տեխնոլոգիաների վերջին զարգացումները, այդ թվում՝ սոցիալական ցանցերը, լրատվական կայքերը և բջջային հեռախոսների համատարած օգտագործումը, համաշխարհային մասշտաբով մեծացրել են քաղաքացիական լրագրության հասանելիությունը: Նոր մեդիա տեխնոլոգիաների վերջին զարգացումները սկսել են խորը քաղաքական ազդեցություն ունենալ[10]: Տեխնոլոգիական գործիքների լայն հասանելիության շնորհիվ սովորական մարդիկ հաճախ ավելի արագ են հաղորդում հրատապ լուրերը, քան ավանդական լրատվամիջոցներում աշխատող լրագրողները։ Համաշխարհային նշանակալից իրադարձությունների ժամանակ քաղաքացիական լրագրության դրսևորման ուշագրավ օրինակներ են 2010 թվականի Հայիթիի երկրաշարժը, Արաբական գարունը, «Գրավի՛ր Ուոլ Սթրիթը» շարժումը, Թուրքիայում 2013 թվականի բողոքի ցույցերը, ուկրաինական Եվրամայդանը և Սիրիայի քաղաքացիական պատերազմը, ինչպես նաև 2014 թվականի Ֆերգյուսոնի անկարգությունները և «Սևամորթների կյանքը կարևոր է» (Black Lives Matter) շարժումը:

Քանի որ քաղաքացիական լրագրությունը դեռևս չունի իր գործելաոճը կարգավորող սկզբունքներ և ուղեցույցներ, դրա բովանդակությունը հաճախ կարող է լինել կողմնակալ և սուբյեկտիվ, ինչի պատճառով հասարակական կարծիքի ձևավորման տեսանկյունից այն համարվում է ոչ թե առաջնային, այլ լրացուցիչ աղբյուր[7]։ Քննադատները, այդ թվում՝ պրոֆեսիոնալ լրագրողները և լրատվական կազմակերպությունները, պնդում են, որ քաղաքացիական լրագրությունը կանոնակարգված չէ, սիրողական է և անկանխատեսելի՝ թե՛ ճշգրտությամբ, թե՛ լուսաբանվող թեմաների շրջանակով[7]: Ավելին, համարվում է, որ քաղաքացիական լրագրությամբ զբաղվող անձինք, քանի որ չեն աշխատում պրոֆեսիոնալ լրատվամիջոցներում, իրենց տրամադրության տակ ունեն ավելի քիչ ռեսուրսներ և հնարավոր է՝ չկարողանան արդյունավետորեն ծառայել հանրությանը[11]։

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական լրագրությունը՝ որպես տեղեկատվության այլընտրանքային միջոց, «էական մարտահրավեր է ներկայացնում ավանդական լրատվամիջոցներում հաստատված նորմերի և ընթացակարգերի համար»[12]:

Ավստրալացի գիտնական Թերրի Ֆլյուն առանձնացնում է երեք հիմնարար գործոն, որոնք առանցքային դեր են խաղացել քաղաքացիական լրագրության վերելքի գործում՝ առցանց ազատ հրապարակման հնարավորությունը, բովանդակության վրա համատեղ աշխատելու հնարավորությունը, և բովանդակության տարածումը տարբեր հարթակներով[13]: Իսկ լրագրող, մեդիա խորհրդատու Մարկ Գլեյզերը 2006 թվականին ասել է[14].

Լրագրողական ֆորմալ կրթություն չունեցող անձինք կարող են օգտագործել ժամանակակից տեխնոլոգիական գործիքները և համացանցի գլոբալ հասանելիությունը՝ ինքնուրույն կամ այլոց հետ համատեղ մեդիա բովանդակություն արտադրելու, բարելավելու կամ ստուգելու համար։

Հրապարակախոս, լրագրող Ջոզեֆ Դենիել Լեսիքան իր «Ի՞նչ է մասնակցային լրագրությունը» գրքում (2003)[15] նշել է քաղաքացիական լրագրության ոլորտում օգտագործվող մեդիայի տարբեր ձևեր՝

Քաղաքացիական, այլընտրանքային և մասնակցային լրագրության շուրջ գիտական դիսկուրսը ժողովրդավարական սկզբունքների ավելի լայն շրջանակում լայնորեն ուսումնասիրում է մեդիայի այս ձևերը ՝ ընդգծելով քաղաքացիների ներգրավվածության, արտահայտվելու ազատության և տեղեկատվության տարբեր աղբյուրներին հասանելիության կարևորությունը[16]: Ավելին, գիտնականները հաճախ առաջ են քաշում այն միտքը, որ քաղաքացիական, այլընտրանքային և մասնակցային լրագրությունն ի հայտ են եկել որպես կանխամտածված պատասխաններ կորպորատիվ վերահսկվող ավանդական լրատվամիջոցների համատարած ազդեցությանը, որտեղ շահույթից բխող դրդապատճառները հաճախ գերակայում են լրագրողական ազնվությանը և հանրային շահերին վերաբերող մտահոգություններին: Որոշ գիտնականներ, օրինակ՝ Սիլվիա Մորեցսոնը[17], Քորթնի Ռադշը[18] և Կլեմենսիա Ռոդրիգեսը[19], ձգտել են ընդլայնել քաղաքացիական լրագրության վերաբերյալ հետազոտությունների շրջանակը՝ նպատակ ունենալով ընդգրկել զարգացած Արևմտյան աշխարհից դուրս գտնվող տարածաշրջանները: Ռադշը, օրինակ, գրել է, որ «Արաբական տարածաշրջանում քաղաքացիական լրագրողները առաջնային դեր ունեն սոցիալական նոր շարժումներում, որոնք հատուկ ուղղված են մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանությանը»[20]:

Տեսություններ քաղաքացիականության վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտող Վինսենթ Քեմփբելը քաղաքացիականության տեսությունները բաժանում է երկու հիմնական խմբերի՝ առաջին խումբը լրագրությունը համարում է քաղաքացիականությունը խթանելու գործիք կամ միջոց, մինչդեռ երկրորդ խումբը լրագրությունն ինքնին ընկալում է որպես քաղաքացիականության մարմնացում։ Քաղաքացիականության այս երկու տեսությունները հիմնված են քաղաքացիականության դասական մոդելի վրա: Դասական մոդելն էլ իր հերթին հիմնված է տեղեկացված քաղաքացիներ ունենալու հայեցակարգի վրա։ Այս մոդելում շեշտը դրվում է տեղեկության տրամադրման և հանրային դիսկուրսի ձևավորման գործում լրագրողների դերի վրա, այլ ոչ թե հենց քաղաքացիների անհատական գործողությունների կամ պարտականությունների վրա[21]:

Դասական մոդելն ունի չորս հիմնական առանձնահատկություն.

  • լրագրողների դերը քաղաքացիներին իրազեկելու գործում,
  • ենթադրվում է, որ քաղաքացիները տեղեկացված են, եթե նրանք պարբերաբար հետևում են իրենց մատուցվող լուրերին,
  • տեղեկացված քաղաքացիները ավելի հավանական է, որ կմասնակցեն քաղաքացիական գործընթացներին,
  • որքան տեղեկացված քաղաքացիներ մասնակցեն քաղաքացիական գործընթացներին, այնքան ժողովրդավարական կլինի պետությունը[21]:

Առաջին առանձնահատկությունը հաստատում է այն տեսությունը, որ լրագրությունը ծառայում է քաղաքացիների շահերին: Այս մոտեցմանը բնորոշ առաջնահերթ խնդիրներից մեկը նորմատիվ դատողությունների առկայությունն է, թե ինչ ծավալի և բնույթի տեղեկությունների պետք է տիրապետեն քաղաքացիները, ինչպես նաև լրագրության և քաղաքացիների միջև փոխգործակցությունն է: Քաղաքացիական լրագրության ճյուղերից մեկը կոչվում է «մշտադիտարկող քաղաքացի», որը ստեղծել է պրոֆեսոր Մայքլ Շուդսոնը): «Մշտադիտարկող քաղաքացի» հասկացությունը ենթադրում է, որ քաղաքացիները նպատակաուղղված ընտրում են այն լուրերն ու տեղեկությունները, որոնք սպառելու են: «Մշտադիտարկող քաղաքացին», նմանատիպ գաղափարախոսությունների հետ մեկտեղ, անհատներին դիտարկում է որպես ակտիվ դերակատարներ, որոնք տեղեկատվությունն օգտագործում են՝ փոփոխություններ իրականացնելու և որպես քաղաքացի իրենց դերը կատարելու համար: Այնուամենայնիվ, կարևոր է գիտակցել, որ տեղեկություն ստեղծելը, թեև կարևոր է, սակայն իր էությամբ չի հանդիսանում քաղաքացիականության արտահայտում, այն ավելի շուտ լրագրողական գործունեության դրսևորում է: Հետևաբար, քաղաքացիները և լրագրողները ներկայացվում են որպես առանձին սուբյեկտներ, որոնցում լրագրությունը ծառայում է որպես քաղաքացիների կողմից իրենց քաղաքացիական պարտականությունները կատարելու գործիք, իսկ լրագրողներն իրենց հերթին գործում են ի շահ քաղաքացիների[21]:

Երկրորդ տեսությունը լրագրությունը համարում է քաղաքացիականության մարմնացում։ Այս տեսությունը կենտրոնանում է քաղաքացու ինքնության և ներգրավվածության տարբեր ասպեկտների վրա՝ հայեցակարգելով քաղաքացիական լրագրությունը որպես ինքնին քաղաքացիականության անբաժանելի բաղադրիչ:  «Հեղհեղուկ քաղաքացիականության» հայեցակարգը, որը ներկայացրել է Զիզի Պապախարիսին, ցույց է տալիս, թե ինչպես է անհատների ապրելակերպը հեշտացնում նրանց փոխազդեցությունն այլ անհատների և կազմակերպությունների հետ՝ դրանով իսկ վերափոխելով քաղաքացիական, քաղաքական և սոցիալական ներգրավվածության վերաբերյալ մեր պատկերացումները: «Հեղհեղուկ քաղաքացիականություն» հասկացությունը հնարավորություն է տալիս անհատներին իրենց ամենօրյա փոխազդեցությունները և փորձառությունները վերածել քաղաքացիական լրագրության ուրույն ձևի: Գոյություն ունեն քաղաքացիների երկու տարբեր կատեգորիաներ՝ «իր պարտքը կատարող» և «գործող»։ «Իրենց պարտքը կատարող» քաղաքացիները նրանք են, ովքեր կատարում են իրենց սովորական քաղաքացիական պարտականությունները, ինչպիսիք են ընտրություններին մասնակցելը, օրենքներին ենթարկվելը, հարկերը վճարելը և այլն: Մյուս կողմից, «գործող» քաղաքացիներն այն անհատներն են, որոնք ձգտում են իրացնել իրենց ողջ ներուժը՝ որպես հասարակության ակտիվ մասնակիցներ և շոշափելի ազդեցություն թողնել իրենց համայնքների և ամբողջ հասարակության վրա։ «Գործող» քաղաքացիները հակված են ավելի քիչ ապավինել սովորական լրատվամիջոցներին և տեղեկատվություն ստանալու, քննարկումներում ներգրավվելու և տարբեր միջոցառումների մասնակցելու համար օգտվել առցանց հարթակներից և սոցիալական ցանցերից։ Այսպիսով, առցանց հարթակների և սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող լրագրությունը «գործող քաղաքացիների» համար ծառայում է որպես քաղաքացիականության արտահայտման միջոց[21]։

Քաղաքացիական լրագրությունը  հատկապես քննադատվել է լրագրողական ոլորտի մասնագետների կողմից։ Քաղաքացիական լրագրողները հաճախ ներկայացվում են որպես անվստահելի, կողմնակալ և ֆորմալ կրթություն չունեցող, ի տարբերություն պրոֆեսիոնալ լրագրողների, որոնք ունեն «ճանաչում, վարձատրվող աշխատանք, անդամակցում են արհմիությունների և սովորաբար ձգտում են լինել քաղաքականապես չեզոք և չանդամակցել որևէ կուսակցության, ինչն իրականում միշտ չէ, որ այդպես է»[22]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Citizen journalist at English Defense League demonstration in London
Քաղաքացիական լրագրողը Անգլիական պաշտպանության լիգայի ցույցին, Լոնդոն, 2011 թվական։

Այն գաղափարը, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է զբաղվել լրագրողական գործունեությամբ, Միացյալ Նահանգներում երկար պատմություն ունի: Քաղաքացիական լրագրության ժամանակակից շարժումը սկիզբ է առել այն բանից հետո, երբ պրոֆեսիոնալ լրագրողները սկսեցին կասկածի տակ դնել կամ քննադատաբար մոտենալ իրենց լուսաբանման հավաստիությանն ու արդյունավետությանը[23], մասնավորապես՝ այնպիսի իրադարձությունների լուսաբանման ժամանակ, ինչպիսին էին 1988 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունները: Այդ լրագրողները միացան հասարակական կամ քաղաքացիական լրագրության շարժմանը` նպատակ ունենալով նպաստել լրատվամիջոցների նկատմամբ վստահության վերականգնմանն ու հասարակության մեջ քաղաքացիական և քաղաքական գործընթացներին ավելի մեծ ներգրավվածությանն ու մասնակցությանը խթանելուն ուղղված ջանքերին[24][25][26]:

Սկզբում հանրային լրագրության մասին դիսկուրսը կենտրոնացած էր հանրային շահերին ծառայող լրագրությունը խթանելու վրա՝ նպատակ ունենալով փոփոխություններ մտցնել պրոֆեսիոնալ լրագրողների մեթոդների և գործելակերպի մեջ: Ըստ լրագրող, պրոֆեսոր Լեոնարդ Ուիթի՝ սկզբնական շրջանում հանրային լրագրության նախաձեռնությունները «հաճախ «հատուկ նախագծերի» մաս էին կազմում և ծախսատար էին, ժամանակատար ու դրվագային: Հաճախ այս նախագծերն անդրադառնում էին որոշակի խնդրի, այնուհետև անցնում էին այլ թեմաների: Պրոֆեսիոնալ լրագրողներն ակտիվ դեր էին խաղում հանրային դիսկուրսի ձևավորման գործում: Նրանք նպատակ ունեին լուսաբանել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ սոցիալական ապահովությունը, բնապահպանական խնդիրները, երթևեկության հետ կապված խնդիրները կամ տնտեսական հարցեր, որի շրջանակներում ներգրավելու էին տարբեր քաղաքացիների՝ իրենց տեսակետները փաստելու համար։ Հաշվի առնելով, որ ոչ բոլոր լրագրողներն ու խմբագիրներն էին ընդունում հանրային լրագրության այս ոճը, ոմանք նույնիսկ բացահայտորեն դեմ էին դրան, նման նախաձեռնություններում խմբագրություններից մարդ ներգրավելը դժվար գործ էր»: Փաստացի, արդեն 2003 թվականին շարժումը մարել էր, իսկ Քաղաքացիական լրագրության Փյու կենտրոնը դադարեցրեց իր գործունեությունը[2]։

Պատմականորեն «քաղաքացիական լրագրություն» հասկացությունը մի շարք մարտահրավերների է բախվել՝ հստակ և համընդհանուր ընդունված սահմանում ունենալու համար, սակայն դրա շուրջ քննարկումները շարունակվում են մինչ օրս: Որպես «քաղաքացիական լրագրության» այլընտրանքային տերմին, երբեմն օգտագործվում է «օգտատերերի կողմից ստեղծված բովանդակություն» տերմինը: Այնուամենայնիվ, այս այլընտրանքային արտահայտության կիրառման խնդիրը կայանում է նրանում, որ այն անտեսում է քաղաքացիական լրագրության տված քաղաքացիական օգուտները՝ այն ներկայացնելով որպես սահմանափակ և շահադիտական[27]:

Այժմյան տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ քաղաքացիական լրագրությունն ակտիվացել է՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին նյութ գրել որևէ իրադարձության վերաբերյալ և տարածել աշխարհով մեկ: Ըստ Յոխայ Բենկլերի՝ «իմաստալից բովանդակություն ստեղծելու, մեկնաբանելու, դա աշխարհով մեկ տարածելու կարողությամբ ամբողջ աշխարհում օժտված է հարյուր միլիոնավոր օգտատեր»[28]։ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի իրավաբանական դպրոցի սահմանադրական իրավունքի պրոֆեսոր Մերի Ռոուզ Պապանդրեան իր «Քաղաքացիական լրագրությունը և լրագրողի առավելությունը» հոդվածում նշում է[29].

«Լրագրող» սահմանումը շատ առումներով վերադարձել է նախկին ընկալումներին։ Երբ ընդունվեց ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությունը, «մամուլի ազատությունը» ուղղակիորեն վերաբերում էր տպագիր մամուլի միջոցով նյութեր հրապարակելու ազատությանը, այլ ոչ թե հրատարակչական կազմակերպությունների ազատությանը: … Միայն տասնիններորդ դարի վերջում էր, որ «մամուլ» հասկացությունը վերափոխվեց և սկսեց ասոցացվել նաև մրցակցային շուկայական միջավայրում գործող բիզնեսների և անհատների հետ:

Քաղաքացիական լրագրության մեջ կա մի նոր միտում, որը բլոգեր Ջեֆ Ջարվիսը կոչել է «հիպերլոկալ լրագրություն», որտեղ առցանց լրատվական հարթակները որոշակի աշխարհագրական տարածքների բնակիչներին խնդրում են բովանդակություն ստեղծել[30]։ Վերջիններս հաճախ լուսաբանում են ավանդական թերթերի կողմից անտեսված թեմաները: Կալիֆորնիայի Բեյքերսֆիլդ քաղաքում լույս տեսնող «Northwest Voice» թերթի հրատարակիչ Մերի Լու Ֆուլթոնն ասում է, որ իրենց մոտեցումը ճիշտ հակառակն է այն ամենի, ինչ ընդունված է ավանդական լրագրության մեջ.

Դռնապահ լինելու փոխարեն, որը մարդկանց ասում է՝ իրենց հետաքրքրող թեմաներն արժանի չեն լուսաբանման, մենք բացում ենք մեր դարպասները և թույլ ենք տալիս՝ մարդիկ ներս գան։ Մենք համայնքային լավ թերթ ենք, քանի որ հազարավոր ընթերցողներ ունենք, որոնք «Northwest Voice»-ի աչքերն են ու ականջները և չենք հիմնվում սահմանափակ թվով թղթակիցների և խմբագիրների տեսակետների վրա[31]։

Քաղաքացիական լրագրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականատեսի կողմից արված ցունամիի լուսանկար, որը վերբեռնվել է Վիքիպահեստ, 2004 թվական։

Ըստ Ջեյ Ռոզենի՝ «քաղաքացիական լրագրողներն այն մարդիկ են, որոնք ժամանակին եղել են մեդիա բովանդակության պասիվ սպառողներ (լսարան)։ Նախկինում նրանք մեդիա համակարգի մի մասն էին, որը գործում էր միակողմանի հոսքի օրինաչափությամբ, այսինքն՝ տեղեկատվությունը հոսում էր մեկ ուղղությամբ՝ մեդիա կազմակերպություններից դեպի լսարան՝ հաճախ խլացնելով հասարակ մարդկանց ձայները: Արդյունքում մարդիկ մեդիա բովանդակությունը լսում էին միմյանցից մեկուսացված, այսինքն՝ իրենց տներում կամ հասարակական այլ վայրերում ու մեծ լսարանի հետ քննարկման հնարավորություն չունեին: Սակայն այսօր թվային տեխնոլոգիաների շնորհիվ անհատները հնարավորություն ունեն մասնակցել մեդիա բովանդակության ստեղծմանը և տարածմանը։ Մարդիկ, որոնք նախկինում ուղղակի տեղեկությունը լսողի դերում էին, հիմա էլ նույն մարդիկ են՝ ուղղակի ավելի իրական, նվազչ հորինված, ավելի կարող, առավել քիչ կանխատեսելի»[32]:

Աբրահամ Զապրուդերը, որն իր տնային կինոխցիկով պատահաբար նկարահանել էր նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու սպանությունը, երբեմն համարվում է քաղաքացիական լրագրության նախահայրը[33]: Եգիպտոսի քաղաքացի Վաել Աբբասը միջազգային լրագրողական մի քանի մրցանակի է արժանացել իր «Թվային Եգիպտոս» (Misr Digital) բլոգի համար, իսկ նրա հրապարակած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են երկու ոստիկաններ ծեծում ավտոբուսի վարորդի, ոչ միայն հասարակության ուշադրությունը հրավիրեց միջադեպի վրա, այլև առանցքային դեր ունեցավ դատական ​​գործընթացում, ինչի արդյունքում ոստիկանները դատապարտվեցին[34]։

Սեպտեմբերի 11-ին Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա ահաբեկչական հարձակումների մասին բազմաթիվ հաղորդումներ ստացվել են սովորական անհատներից՝ քաղաքացիական լրագրողներից: Մոտակայքում գտնվող քաղաքացիական լրագրողների տրամադրած նկարներն ու պատմությունները մեծ դեր են խաղացել տեղում առկա իրավիճակը հասկանալու համար[35][36]:

2004 թվականին, երբ 9,1 մագնիտուդով ստորջրյա երկրաշարժը մեծ ցունամի առաջացրեց Ինդոնեզիայի Բանդա Աչեհ քաղաքի ափերի մոտ և Հնդկական օվկիանոսում, ձևավորվեց նախկինում միմյանց հետ կապ չունեցող բլոգերների վիրտուալ ցանց, որն իրական ժամանակում լուսաբանում էր, թե ինչ է կատարվում։ Ցունամիին հաջորդած առաջին շաբաթվա ընթացքում այս ցանցն ավանդական լրատվամիջոցների համար արագորեն դարձավ կարևոր տեղեկատվական աղբյուր[37]: Բազմաթիվ անձինք, որոնք ականատես էին եղել ցունամիին, բազում կադրեր հրապարակեցին[38], բազմաթիվ քաղաքացիներ էլ հաղորդում էին անմիջապես դեպքի վայրից, իսկ բլոգերները վերլուծություններ էին անում. այս ամենը խոշոր լրատվամիջոցների միջոցով լայնորեն տարածվեց ամբողջ աշխարհում[37]:

Հետևելով աղետների և դրա հետևանքների վերաբերյալ քաղաքացիական լրագրողների լուսաբանմանը՝ հետազոտողները եզրահանգեցին, որ այդ անձինք կարող են վճռորոշ դեր ունենալ աղետների նախազգուշացման հարցում: Նրանց հաղորդած տեղեկությունները երբեմն կարող են նույնիսկ ավելի հուսալի լինել, քան, օրինակ, ցունամիի վտանգի նախազգուշացման սարքավորումներինը, որոնք հիմնված են բացառապես տեխնոլոգիայի վրա և պետք է վերլուծվեն մասնագետների կողմից՝ նախքան աղետի մասին ահազանգելը[39]:

«Twitter»-ը կարևոր դեր խաղաց 2009 թվականին Իրանում նախագահական ընտրություններից հետո ծավալված բողոքի ցույցերի ժամանակ, երբ օտարերկրյա լրագրողներին փաստացի «արգելեցին» տեղում ռեպորտաժներ անել: Իրանում բողոքի ցույցերի ժամանակ Twitter ընկերությունը, հասկանալով այս սոցմեդիայի վճռորոշ դերակատարումը, որոշեց հետաձգել նախապես ծրագրված պլանային սպասարկումը, որը, եթե իրականացվեր, կհանգեցներ այդ երկրում Թվիթերի աշխատանքի խաթարմանը[40]։

Սոցիալական մեդիա հարթակները, ինչպիսիք են բլոգները, «YouTube»-ը և «Twitter»-ը (ներկայումս՝ X), խրախուսում և հեշտացնում են քաղաքացիների միջև փոխգործակցությունը, որոնք մեկնաբանությունների, հավանումների, հղումների և տարածման միջոցով մասնակցում են բովանդակության ստեղծմանը և տարածմանը: Սոցիալական մեդիա հարթակների օգտատերերը կամ բլոգերները սովորաբար իրենց տեքստային բովանդակությունը զրոյից չէին ստեղծում: Նրանք տեղեկություններ էին հավաքում տարբեր աղբյուրներից, խմբագրում և կիսվում լսարանի հետ։ Այժմ դասական իմաստով բլոգներ գրեթե չկան։ Պատճառը սոցիալական մեդիա հարթակներն են, որոնք իրենց կառուցվածքով ավելի պարզ են և օգտատերերին հնարավորություն են տալիս հեշտությամբ ստեղծել և տարածել իրենց բովանդակությունը[27]:

Նույն տրամաբանությամբ Վիքիմեդիա հիմնադրամը տարիներ առաջ գործարկել է մասնակցային լրագրության կայք՝ Վիքիլուրերը[41]:

2021 թվականին «Հատուկ հիշատակում» անվանակարգում Պուլիտցերյան մրցանակը շնորհվել է Դարնելա Ֆրեյզիերին՝ Ջորջ Ֆլոյդի սպանությունը բջջային հեռախոսով նկարահանելու համար[42]։

Քաղաքացիական լրագրությունը առանձին երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանն ունի մեծ մեդիա դաշտ, որն արևմտյան մի շարք երկրների հետ համեմատած, ընդլայնվում է «երկնիշ աճի տեմպերով»[43]: Մարդիկ ամեն օր ականատես են մարդու իրավունքների ոտնահարման և կանանց նկատմամբ բռնության դեպքերի[44][43]։ Հնդկաստանում քաղաքացիական լրագրության նշանակալի օրինակներից է 2008 թվականին Մումբայի հարձակումների ժամանակ «Twitter»-ում հրապարակված լուսանկարները:

Ես չեմ հավատում «քաղաքացիական լրագրող» հասկացությանը։ Տվե՛ք ինձ քաղաքացիական բժիշկներ և քաղաքացիական փաստաբաններ, ես էլ ձեզ կտամ քաղաքացիական լրագրողներ։
- Շեքհար Գուպտա

Իրաք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Դեյլայթ ամսագիրը միանգամյա օգտագործման տեսախցիկների մի տուփ ուղարկեց Բաղդադ և Ֆալլուջա, որոնք պետք է բաժանվեին տեղի բնակիչների շրջանում՝ իրենց առօրյա կյանքը լուսանկարելու համար։ Դեյլայթ ամսագրի հիմնադիր Մայքլ Իթքոֆի խոսքերով՝ «արված լուսանկարները շատ ավելի լավ էին պատկերում պատերազմող երկրի առօրյան, քան երբևէ դա կարող էր անել օտարերկրյա լրագրողների մեծ մասը: Դրանք առօրյա կյանքի այնպիսի լուսանկարներ էին, որոնք միայն տեղաբնակը կարող էր նկարել»: 2004 թվականի մայիսին այդ լուսանկարները ցուցադրվեցին այնպիսի ազդեցիկ վավերագրողների աշխատանքների կողքին, ինչպիսիք են Սյուզան Մեյզելասը, Ռոջեր Հաթչինգսը և այլք: 2004 թվականի հունիսին Ֆրեդ Ռիթչենը և «Pixel Press»-ը սկսեցին համագործակցել Դեյլայթ ամսագրի հետ՝ շրջիկ ցուցահանդես կազմակերպելու համար: Լուսանկարները ցուցադրվեցին Միացյալ Նահանգների բազմաթիվ հաստատություններում, այդ թվում՝ Արտաքին հարաբերությունների խորհրդում, Վուդսթոքի լուսանկարչական կենտրոնում, Նյու Յորքի համալսարանում, Յունիոն քոլեջում, Միչիգանի համալսարանում և Կենտրոնական Միչիգանի համալսարանում: Ցուցահանդեսի ավարտից հետո լուսանկարները նվիրաբերվեցին Դյուկի համալսարանի Վավերագրական արվեստի արխիվին[45]։

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական լրագրությամբ զբաղվող անհատները հնարավորություն ունեն մեծ ճանաչում ձեռք բերել ողջ աշխարհում։ Չնայած տարբեր լրատվամիջոցների կողմից տարբեր թեմաների ակտիվ լուսաբանմանը՝ երբեմն այդ լուրերը և տեղեկությունները համապարփակ չեն, ինչը թույլ չի տալիս ճշգրիտ պատկերացում կազմել, թե աշխարհում ինչ է իրականում տեղի ունենում։ Օրինակ՝ Լոնդոնում գործող «On Our Radar» հարթակը իրադարձությունները լուսաբանելու համար լրագրողական մեխանիզմներ է առաջարկում և զարգացնում տեղաբնակների՝ լուսաբանման հմտությունները՝ խրախուսելով նրանց արտահայտել իրենց տեսակետները տարբեր հարցերի շուրջ։ Ավանդական լրագրությունը հնարավոր է ընտրողաբար վերաբերվի, թե որ թեման լուսաբանի, իսկ «On Our Radar»-ը ձայն է տալիս մարգինալացված անհատներին կամ խմբերին։ «On Our Radar»-ը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ լսելի դարձնել Սիերա Լեոնեում էբոլա տենդի բռնկման վերաբերյալ մարդկանց ձայնը՝ ցույց տալով, որ տիրապետում է ինֆորմացիայի կարևոր աղբյուրների։ Այսպիսով, նախաձեռնության շնորհիվ մարդկանց համար հնարավորություն ստեղծվեց հարցեր տալ իրավիճակի վերաբերյալ և իրենց դիտարկումների հիման վրա զեկույցներ կամ պատմություններ ստեղծել[46]։

Քանի որ հասարակություններն առաջադիմում են և ավելի ու ավելի են ապավինում առցանց լրատվամիջոցներին, անհատները դառնում են ավելի տեղեկացված՝ հատկապես քաղաքական և պետական հարցերի շուրջ: Այդուհանդերձ, այս իրազեկվածության մակարդակը տատանվում է՝ կախված բնակության երկրից: Այսպիսի էվոլյուցիայի արդյունքում քաղաքացիական լրագրությունը նաև իրազեկման միջոց է այն մարդկանց համար, որոնք բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն չեն ունեցել, սակայն տեղեկացված են, թե ինչ է կատարվում իրենց շուրջն ու երկրում[47]։ Չնայած հանրությանն ապակողմնորոշող և կողմնակալ տեղեկատվության տարածվածությանը՝ քաղաքացիական լրագրությունը բազմիցս ապացուցել է ճշգրիտ և վստահելի լուսաբանման իր կարողությունը՝ այդպիսով ինչ-որ չափով հակակշիռ լինելով ապատեղեկատվությանը: Քաղաքացիական լրագրությունը միջոց է՝ կառավարության նկատմամբ հասարակության շրջանում տարածված անվստահությունը մեղմելու համար՝ հատկապես, երբ կառավարության հայտարարություններն ու գործողությունները տարբերվում են իրարից:

2020 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնադրվել է քաղաքացիական լրագրողների «Bylines Network» տեղական ցանցը, որն ընդլայնվել է՝ բացելով 7 տարածաշրջանային մասնաճյուղ[48]։

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական լրագրությունը մեծ փոփոխություններ է բերել և էականորեն ազդել չինական լրատվամիջոցների և հասարակության վրա՝ չնայած դրա գործունեության նկատմամբ չինական իշխանությունների կողմից խիստ վերահսկողությանը: Չինաստանում քաղաքացիական լրագրության և ավանդական լրատվամիջոցների համագործակցությունը նպաստել է քաղաքական և սոցիալական կարևոր տեղեկատվության տարածմանը՝ խթանելով առաջադեմ փոփոխությունները և արտացոլելով ազգային տրամադրությունները։ Այդուհանդերձ, Չինաստանի բնակիչները VPN գործիքների միջոցով կարողանում են շրջանցել առցանց հարթակների վերահսկողությունը և հասանելիություն ստանալ դրանց բովանդակությանը[49]:

Քաղաքացիական լրագրողների նյութերը հաճախ տարբեր հետևանքներ են ունենում իրենց իսկ համար՝ հատկապես, երբ այդ պատմությունները հասնում են ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային լսարանին։ Բացասական հետևանքների մեծ մասը, եթե ոչ բոլորը, հիմնականում պայմանավորված են այն երկրի պետական ​​պաշտոնյաների և իրավապահ մարմինների գործողություններով, որտեղ գործունեություն է ծավալում քաղաքացիական լրագրողը։ Հասարակությունն ապավինում է քաղաքացիական լրագրողներին, սակայն կառավարությունները նրանց ընկալում են որպես անմիջական սպառնալիք։ Քաղաքացիական լրագրության տարբեր ձևերի ի հայտ գալու արդյունքում մի շարք ավանդական լրատվամիջոցներ հնացած են համարվում իրենց որդեգրած մոտեցմամբ[50]։  

Հոնկոնգում 2019–2020 թվականների բողոքի ցույցերի ընթացքում սոցիալական ցանցերում տարածվեցին խաբուսիկ պատկերներ, որոնք խրախուսում էին մարդկանց ներկայանալ որպես լրագրողներ և օգտվելով մամուլի ազատությունից՝ խոչընդոտել ոստիկանական գործողություններին[51]։ Սրա նպատակը քաղաքացիական լրագրողներին վարկաբեկելն էր։ Չինաստանում COVID-19 համավարակի ժամանակ քաղաքացիական լրագրողները ենթարկվեցին գրաքննության, իսկ նրանց գործունեությունը սահմանափակվեց, ինչը խոչընդոտեց համավարակի ազատ լուսաբանմանը։ Սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ քաղաքացիներն ակտիվորեն փաստագրում և տարածում էին Չինաստանում համավարակի բռնկման հետևանքով առաջացած սոցիալական իրավիճակի մասին ինֆորմացիան։ Օրինակ՝ ամբողջ աշխարհում համավարակի տարածման ժամանակ Չինաստանի քաղաքացիական լրագրողներից մեկը տեսանյութեր էր տարածում Ուհան քաղաքից: Արդյունքում իրավապահները ձերբակալեցին լրագրողին, որը երկու ամիս մնաց կալանքի տակ։ Ընդ որում, նա միակը չէր, ում գործունեությունը չինական իշխանությունները գրաքննության ենթարկեցին և կալանավորեցին[52]։  

Իրան[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականին՝ Մահսա Ամինիի մահվանից հետո ծավալված ցույցերից հետո, կառավարության որոշմամբ Իրանում անօրինական դարձավ ոստիկանական գործողությունները նկարահանելը[53]։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբյեկտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական լրագրողները կարող են նաև ակտիվիստական գործունեությամբ զբաղվել այն համայնքներում, որոնց մասին գրում են: Ավանդական լրատվամիջոցները, այդ թվում՝ Նյու Յորք Թայմսը, քննադատում են քաղաքացիական լրագրության կողմնակիցներին՝ պնդելով, որ նրանք հրաժարվում են օբյեկտիվության սկզբունքից[54]: Ավանդական լրատվամիջոցներում աշխատող մի շարք լրագրողներ թերահավատորեն են մոտենում քաղաքացիական լրագրությանը` պնդելով, որ միայն պրոֆեսիոնալ լրագրողները կարող են ըմբռնել լրագրության ճշգրիտ և էթիկական չափանիշները, որոնք պահանջվում են լուրերը հաղորդելու համար:

Վինսենթ Մահերը, որը նախկինում ղեկավարում էր Ռոդսի համալսարանի «Նոր մեդիա լաբ»-ը, իր գիտական աշխատության մեջ առանձնացրել է մի քանի թերություն, որոնք վերաբերում են քաղաքացիական լրագրողների ներկայացրած փաստարկներին։ Նա այդ թերացումներն անվանել է «երեք մահացու Է-եր» և դասարկարգել երեք ոլորտների՝ էթիկա, տնտեսագիտություն (էկոնոմիկա) և իմացաբանություն (էպիստեմոլոգիա)[55]:

Լեզվաբանության պրոֆեսոր Պատրիսիա Բու-Ֆրենչի վերլուծությունը ցույց է տվել, որ որոշ քաղաքացիական լրագրողներ օգտագործում են այնպիսի արտահայտություններ, որոնք ընդունելի են համարում կանանց նկատմամբ բռնությունը: Հետագայում նա պարզեց, որ տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ բռնության մասին այդ արտահայտությունները վիճարկվել են՝ կասկածի տակ դնելով դրանց հիմքում ընկած գենդերային համոզմունքները[56]:

Որակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Թոմ Գրուբիսիչն իր հոդվածներից մեկում ուսումնասիրեց քաղաքացիական լրագրության՝ վերջին տարիներին ստեղծված տասը կայքեր և պարզեց, որ դրանց զգալի մասը թերի է թե՛ որակի, և թե՛ բովանդակության առումով[57]: Շարունակելով իր ուսումնասիրությունները՝ նա մեկ տարի անց նոր հոդված գրեց՝ «'Potemkin Village' Redux»-ը[58]։ Գրուբիսիչը պարզեց, որ այս կայքերից ամենահաջողները բարելավել են իրենց խմբագրական որակը և աստիճանաբար դառնում են շահութաբեր: Սակայն դրանք շահութաբեր են դառնում խմբագրական գործունեության հետ կապված ծախսերը կրճատելու շնորհիվ։ Ըստ հոդվածի՝ ամենավատ խմբագրական որակ ունեցող կայքերը կարողացել են արագ աճել, քանի որ ավելի կայուն ֆինանսական աջակցություն ունեն ու հիմնականում զբաղվում են դեղին մամուլին բնորոշ գործունեությամբ։

«The Baltimore Sun» օրաթերթի նախկին թղթակից և «Գաղտնալսում» հեռուստասերիալի հեղինակ-պրոդյուսեր Դևիդ Սայմոնը քննադատել է «քաղաքացիական լրագրություն» ասվածը՝ պնդելով, որ չվարձատրվող բլոգերները, որոնց համար գրելը հոբբի է, չեն կարող փոխարինել կրթություն ստացած, պրոֆեսիոնալ, փորձառու լրագրողներին։

Ցավալի է մտածել, որ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ հավատում է, որ սիրողական լրագրողները, որոնք առանց վարձատրության և առանց համապատասխան կրթության գործունեություն են ծավալում, կարող են հաշվետու պահել մեկուսացած, ինքնապահպանման բնազդ ունեցող և մշտապես ինքնաարդարացող ամերիկյան հաստատություններին, ինչպիսիք են՝ ոստիկանական բաժանմունքները, դպրոցները, օրենսդիր և գործադիր մարմինները: Բացի այդ, այս սիրողական լրագրողները չունեն բավականաչափ ազդեցություն կամ հեղինակություն, որպեսզի պետական պաշտոնյաներն էլ ստելուց առաջ գոնե մի փոքր մտածեն, թե ում են ստում։

«The Digital Journalist» առցանց ամսագրի կողմից հրապարակված խմբագրականում նմանատիպ դիրքորոշում է արտահայտվում, որը կոչ է անում գործածությունից հանել «քաղաքացիական լրագրող» տերմինը և այն փոխարինել «քաղաքացիական լուրեր հավաքող» արտահայտությամբ.

Ամեն օր պրոֆեսիոնալ լրագրողները լուսաբանում են հրդեհների, ջրհեղեղների, հանցագործությունների, օրենսդրական հարցերի վերաբերյալ լուրերը և Սպիտակ տանը տեղի ունեցող իրադարձությունները: Պրոֆեսիոնալ լրագրողներին հաճախ թույլատրվում է հայտնվել արգելապատնեշի մյուս կողմում, օրինակ՝ անցնել հրշեջ ժապավենները, ոստիկանական ժապավենները կամ անվտանգության անցակետերը՝ ցույց տալով համապատասխան գերատեսչությունների կամ գործակալությունների կողմից տրված հավատարմագրերը: Քաղաքացիական լրագրողները՝ այդ սիրողական լրագրողները, չեն կարող մուտք գործել արգելված տարածքներ: Պատկերացրեք, որ Սպիտակ տունը նախագահական ինչ-որ միջոցառման ժամանակ բացում է իր դռները տեսախցիկով հեռախոս ունեցող ցանկացած մարդու առջև[59]:

Թեև քաղաքացիական լրագրողներն ունեն իրական ժամանակում լուսաբանելու առավելություն (ինչը մտահոգություն է առաջացնում նրանց աշխատանքի ճշգրտության վերաբերյալ), ավանդական լրատվամիջոցները, չնայած ունեն ստուգման մեխանիզմներ և նյութի խմբագրման գործընթացներ, երբեմն սխալ են հաղորդում այն փաստերը, որոնք քաղաքացիական լրագրողները ճիշտ են հաղորդել[60]:

Ազդեցությունն ավանդական լրագրության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական լրագրությունը զգալի ազդեցություն է ունեցել լրագրության ոլորտի վրա, քանի որ այն անհատներին, առանց ժամային սահմանափակման, հնարավորություն է տալիս անսահմանափակ քանակությամբ նյութեր հրապարակել։ Մրցունակ մնալու համար ավանդական լրատվամիջոցներն իրենց լրագրողներից պահանջում են մտնել մրցակցության մեջ։ Սա նշանակում է, որ այժմ լրագրողներից պահանջվում է արագ նյութ գրել, խմբագրել և լուսանկարներ անել, քանի որ լրատվամիջոցները համարում են, որ լրագրողները պետք է բովանդակություն ստեղծեն այն նույն արագությամբ, ինչ որ քաղաքացիները՝ համացանցում են անում։ Սակայն սա դժվար է, քանի որ շատ լրատվամիջոցներ բյուջեի սահմանափակումներ ունեն և չեն կարող իրենց թույլ տալ լրագրողներին վճարել նրանց կատարած աշխատանքի ծավալին համապատասխան: Չնայած լրագրողի աշխատանքի անկանխատեսելի բնույթին և համալսարաններում լրագրողական կրթություն ստանալու աճող վարձավճարին՝ Աստրա Թեյլորն իր «Ժողովրդական հարթակ» գրքում նշում է, որ վերջին տարիներին լրագրության ոլորտում մասնագիտացողների թիվն աճել է 35%-ով:

Իրավական հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքից փաստաբան Էդվարդ Գրինբերգը նշում է[61], որ դատարանում ոչ պրոֆեսիոնալ լրագրողներն ավելի խոցելի են, քան պրոֆեսիոնալները.

«Գաղտնիության մասին օրենքները, որոնք լրագրողներին հնարավորություն են տալիս չբացահայտել իրենց աղբյուրների ինքնությունը, տարբերվում են նահանգից նահանգ: Երբեմն այդ գաղտնիությունը պահպանելը կախված է նրանից, թե արդյոք այն անձը, որը չի ցանկանում բացահայտել իր աղբյուրների ինքնությունը, իսկապես լրագրող է։ Դատական բազմաթիվ գործերի ժամանակ, ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային մակարդակի դատավորներն ուղղակի որոշում են, թե ով է լրագրող, ով՝ ոչ։ Զրպարտության հետ կապված դատական հայցերը հաճախ պտտվում են այն հարցի շուրջ, թե ներգրավված անձը մամուլի ներկայացուցիչ է, թե՝ ոչ[61]:

Վերը նշված տեսակետը, սակայն, չի նշանակում, որ պրոֆեսիոնալ լրագրողները լիովին պաշտպանված են գաղտնիության մասին օրենքներով: 1972 թվականին «Բրանցբուրգն ընդդեմ Հեյզի» գործով Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը որոշեց, որ լրագրողները չեն կարող, որպես պաշտպանություն, օգտագործել ԱՄՆ սահմանադրության առաջին փոփոխությունը, երբ նրանց կանչում են երդվյալ ատենակալների առաջ ցուցմունք տալու համար: 2005 թվականին ԱՄՆ Վերաքննիչ դատարանը մերժեց լրագրողական արտոնության վերաբերյալ Ջուդիթ Միլլերի և Մեթյու Քուփերի հայցը, որը թույլ կտար լրագրողներին պաշտպանել իրենց աղբյուրների գաղտնիությունը։

Քաղաքացիական լրագրության  ապագան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը սմարթֆոնով լուսանկարում է ոստիկանին

Քաղաքացիական լրագրությունը վերելք ապրեց սկսած 20-րդ դարի վերջին տասնամյակից և շարունակվեց նաև 21-րդ դարում, ինչը կապված է համացանցի ստեղծման ու զարգացման հետ։ Վերջինս հաղորդակցության և նորությունների տարածման նոր ուղիներ ստեղծեց։ 2004 թվականին Լեոնարդ Վիթը «National Civic Review» ամսագրում նշել է, որ բազում քաղաքացիների կարծիքներն ու գաղափարները բարձրաձայնվում և հստակորեն արտահայտվում են համացանցում՝ հիմնականում բլոգների միջոցով։ Տեխնոլոգիաների այս փոփոխության շնորհիվ մարդիկ այժմ կարող են ավելի շատ և ավելի արագ նորություններ ստանալ, քան տասնամյակներ առաջ։ Համացանցում ավելի շատ բովանդակության առկայության շնորհիվ անհատներն ինֆորմացիա ստանալու ավելի մեծ հնարավորություններ ունեն[2]:

Քաղաքացիական լրագրությունն ապացուցել է իր արդյունավետությունն ընթացիկ իրադարձությունների լուսաբանման ժամանակ և կարող է վկայել ժամանակակից մեդիայի գործելաոճում փոփոխությունների մասին: Քաղաքացիական լրագրությունն այժմ դարձել է նորությունների հաղորդման հիմնական աղբյուրներից մեկը՝ տրամադրելով այնպիսի ինֆորմացիա, որը նույնիսկ ավանդական լրագրողներին կարող է հասանելի չլինել։ Սա ի վերջո կարող է հանգեցնել նրան, որ քաղաքացիական լրագրությունը դառնա ամբողջ աշխարհում նորությունների հիմնական աղբյուրներից մեկը՝ հաշվի առնելով ինտերնետը և քաղաքացիական լրագրողներից ստացվող տեղեկատվության շարունակական հոսքը, որոնք երկուսն էլ կարևոր գործոններ են, որոնք նպաստում են քաղաքացիական լրագրության զարգացմանը[62]:

Պրոֆեսոր Նատալի Ֆենթոնը, թվային դարաշրջանում քաղաքացիական լրագրության դերն ուսումնասիրելիս, նշում է երեք հիմնական հատկանիշ՝ արագություն և տարածություն, բազմազանություն և բազմակենտրոնություն, ինտերակտիվություն և մասնակցություն[63]:

Քաղաքացիական լրագրության օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական լրատվամիջոցների նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն նվազում է դրանց երբեմն կանխակալ լուսաբանման և քաղաքական կողմնորոշման պատճառով։ Քաղաքացիական լրագրության՝ որպես տեղեկատվության հուսալի միջոցի օրինակ են Ուկրաինական պատերազմի մասին լուսաբանումները: Օգտագործելով տեսանյութերի տարածման հայտնի հարթակները, ինչպիսին է «YouTube»-ը, քաղաքացիական լրագրողները լսարանին հաղորդում են առաջնագծի ընթացիկ իրադարձությունները՝ միաժամանակ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ ավելի խորը պատկերացումներ և սեփական վերլուծություններ տրամադրելով։ Ժամանակակից պայմաններում քաղաքացիական լրագրության ամենահայտնի հարթակը թերևս «Telegram»-ն է, երբ հազարավոր հետևորդներ ունեցող ալիքները ընթերցողին են հասցնում ստացված տեղեկությունները։

Կողմնակիցներ և օժանդակողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեն Գիլմորը, որը եղել է «San Jose Mercury News» օրաթերթի տեխնոլոգիական սյունակագիրներից մեկը, հիմնադրել է «Քաղաքացիական մեդիա կենտրոն» (Center for Citizen Media)[64] շահույթ չհետապնդող կազմակերպությունը՝ նպատակ ունենալով ԱՄՆ-ում խթանել քաղաքացիական լրագրությունը։

Մորիս Ալին 2003 թվականին հիմնադրել է միջազգային քաղաքացիական լրագրության առաջին ասոցիացիաներից մեկը՝ Անկախ լրագրողների միջազգային ասոցիացիան (IAIJ): Վերջինս ուսումնասիրություններ և հոդվածներ է հրապարակել քաղաքացիական լրագրության վերաբերյալ և որպես ամբողջ աշխարհում քաղաքացիական լրագրության ջատագով՝ մասնակցել և ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ում[65] և Միավորված ազգերի կազմակերպությունում[66][67]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dariusz Jemielniak; Aleksandra Przegalinska (18 February 2020). Collaborative Society. MIT Press. ISBN 978-0-262-35645-9.
  2. 2,0 2,1 2,2 Witt, Leonard (2004). «Is Public Journalism Morphing into the Public's Journalism?». National Civic Review. 93 (3): 49–57. doi:10.1002/ncr.61.
  3. Baase, Sara (2008). A Gift of Fire: Social, Legal, and Ethical Issues for Computing and the Internet (3rd ed.). Prentice Hall. ISBN 9780136008484.
  4. Tamara Witschge (27 March 2009). «Street journalists versus 'ailing journalists'?». openDemocracy – free thinking for the world. openDemocracy Ltd. Արխիվացված է օրիգինալից August 30, 2009-ին. Վերցված է 21 May 2012-ին.
  5. Radsch, Courtney C. The Revolutions will be Blogged: Cyberactivism and the 4th Estate in Egypt. Doctoral Dissertation, American University, 2013.
  6. Jay Rosen (14 July 2008). «A Most Useful Definition of Citizen Journalism». PressThink. Վերցված է 21 May 2012-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Min, Seong-Jae (2016). «Conversation through journalism: Searching for organizing principles of public and citizen journalism». Journalism. 17 (5): 567–582. doi:10.1177/1464884915571298. S2CID 146953446 – via SAGE.
  8. Novin, A., Secko, D. (November 25, 2012). «Debate Cited: A First Exploration of a Web Application to Enhance the Production of Science Journalism Students». Journalism Interest Group, CCA/Groupe d'Intérêt en Journalisme, ACC Conference Proceedings. 2012. Արխիվացված է օրիգինալից September 14, 2016-ին. Վերցված է September 8, 2016-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Deutsch Karlekar, Karin; Radsch, Courtney C. (July 1, 2012). «Adapting Concepts of Media Freedom to a Changing Media Environment: Incorporating New Media and Citizen Journalism into the Freedom of the Press Index». ESSACHESS Journal for Communication Studies. 5 (1, 2012) – via SSRN.
  10. Gilardi, F. (2016). Digital Democracy. How Digital Democracy is Changing Democracy And Its Study., 1-5.
  11. «The Rise of Citizen Journalism». www.kumc.edu (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-04-09-ին.
  12. Atton, Chris. 2003. What is "alternative journalism"? Journalism: Theory, Practice and Criticism 4, no. 3: 267-400.
  13. Flew, Terry. 2005. New media: An introduction. South Melbourne, Vic.; New York: Oxford University Press.
  14. Mark Glaser (September 27, 2006). «Your Guide to Citizen Journalism». Public Broadcasting Service. Արխիվացված է օրիգինալից January 26, 2013-ին. Վերցված է March 22, 2009-ին.
  15. Lasica, J. D. "What is Participatory Journalism?" 2003-08-07, Online Journalism Review, August 7, 2003.
  16. Carpentier, Nico; Dahlgren, Peter; Pasquali, Francesca (August 2013). «Waves of media democratization: A brief history of contemporary participatory practices in the media sphere». Convergence: The International Journal of Research into New Media Technologies (անգլերեն). 19 (3): 287–294. doi:10.1177/1354856513486529. ISSN 1354-8565. S2CID 145092297.
  17. Moretzsohn, S. 2006. " Citizen journalism" and the myth of redemptive technology. Brazilian Journalism Research 2, no. 2.
  18. Radsch, C. (2011). Arab bloggers as citizen journalists (Transnational). In J. Downing (Ed.), Encyclopedia of social movement media. (pp. 62–65). Thousand Oaks, CA: SAGE Publications, Inc. doi:10.4135/9781412979313.n31
  19. Rodríguez, Clemencia. 2001. Fissures in the mediascape : An international study of citizens' media. The Hampton Press Communication Series. Cresskill, N.J.: Hampton Press.
  20. Radsch, C. (2011). Arab bloggers as citizen journalists (Transnational). In J. Downing (Ed.), Encyclopedia of social movement media. (pp. 62–65). Thousand Oaks, CA: SAGE Publications, Inc. P. 61
  21. 21,0 21,1 21,2 21,3 Campbell, Vincent (2015). «Theorizing Citizenship in Citizen Journalism». Digital Journalism. 3 (5): 704–719. doi:10.1080/21670811.2014.937150. hdl:2381/31637. S2CID 55177140.
  22. Allan, edited by Stuart; Thorsen, Einar (2009). Citizen journalism : global perspectives (2009 ed.). New York: Peter Lang. էջ 121. ISBN 9781433102950. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)
  23. Miller, Serena (2019). Citizen Journalism. Oxford, England: Oxford University Press. էջեր 1–25.
  24. Merritt, D. "News Media must regain vigor, courage." September 29, 2004, PJNet Today.
  25. Dvorkin, J. A. "Media Matters. Can Public Radio Journalism be Re-Invented?" January 27, 2005, National Public Radio.
  26. Meyer, E. P. "Public Journalism and the Problem of Objectivity." 1995, Published on personal website.
  27. 27,0 27,1 Wall, Melissa (2015). «Citizen Journalism». Digital Journalism. 3 (6): 797–813. doi:10.1080/21670811.2014.1002513. S2CID 156045632.
  28. «Part One: The Networked Information Economy». The Wealth of Networks. Yochai Benkler. Արխիվացված է օրիգինալից September 27, 2007-ին. Վերցված է 2007-01-05-ին.
  29. Papandrea, Mary-Rose (2007). «Citizen Journalism and the Reporter's Privilege». Minnesota Law Review. 91. Արխիվացված է օրիգինալից Mar 25, 2007-ին. Վերցված է January 7, 2007-ին – via NELLCO Legal Scholarship Repository.
  30. Walker, L. "On Local Sites, Everyone's A Journalist", December 9, 2004, The Washington Post, E1.
  31. Glaser, M. (November 17, 2004). «The New Voices: Hyperlocal Citizen Media Sites Want You (to Write)!». Online Journalism Review. Արխիվացված է օրիգինալից December 4, 2004-ին.
  32. Rosen, Jay (June 27, 2006). «The People Formerly Known as the Audience». PressThink. Journalism at NYU. Արխիվացված է օրիգինալից July 21, 2006-ին.
  33. Costemalle, Olivier (2007-08-21). «La mort de JFK dans le viseur de Zapruder» [The death of JFK in Zapruder's viewfinder] (ֆրանսերեն). Ecrans.fr. Վերցված է 2013-12-19-ին.
  34. Kjellman, Krista (2007-11-06). «Cell Phone Justice; Torture Video Leads to Police Convictions – ABC News». Abcnews.go.com. Վերցված է 2013-06-05-ին.
  35. jamiespud (1 November 2013). «Citizen Journalism – 9/11 Case Study».
  36. «MetaFilter and Citizen Journalism in the 9/11 Attacks». ucsddigitaljournalism.blogspot.com. UC San Diego students. 26 May 2012. Վերցված է 13 September 2014-ին.
  37. 37,0 37,1 Dameron, Kirk (June 2007). Self-Organizing Social Behavior Occasioned By Low-Cost Communication Technology: The Indian Ocean Tsunami of 2004 (Master of Arts thesis). Colorado State University. SSRN 1004415. «Recent advances in information and communication technology have facilitated revolutionary change in the publishing technology available to individuals. Ubiquitous and low-cost access to the Internet has provided a means for a new type of news intermediary to emerge: citizen journalism using freely available weblog technology. A case study of the emergence of a self-organizing social entity – a dynamic virtual news network – following the 2004 South Asian tsunami is examined.»
  38. Glocer, Tim (2006-03-07). «Old media must embrace the amateur». Financial Times. Արխիվացված օրիգինալից December 10, 2022-ին. Վերցված է 2013-03-08-ին.
  39. Grabowski, Martha; Karlene Roberts (December 2011). «High reliability virtual organizations: Co-adaptive technology and organizational structures in tsunami warning systems». ACM Transactions on Computer-Human Interaction. 18 (4). doi:10.1145/2063231.2063233. S2CID 18177410. Վերցված է 2013-03-08-ին. «Systems that combine the characteristics of highly reliable operations and distributed, virtual organizations are known as highly reliable virtual organizations (HRVOs)—distributed and electronically linked groups of organizations that excel in high-consequence settings. Tsunami warning systems (TWS) are one example of virtual organizations that operate under enormous expectations for reliability. Adaptive structuration theory suggests that, in complex systems, technology and organizational structures co-evolve, and users adapt technology to their needs, creating shared meaning about the role and utility of technology in various settings.»
  40. Washington Taps Into a Potent New Force in Diplomacy The New York Times June 16, 2009
  41. «Our projects». Wikimedia Foundation. March 17, 2018.
  42. «The Pulitzer Prizes».
  43. 43,0 43,1 Zeng, Xin; Jain, Savyasaachi; Nguyen, An; Allan, Stuart (2019-03-01). «New perspectives on citizen journalism». Global Media and China (անգլերեն). 4 (1): 3–12. doi:10.1177/2059436419836459. ISSN 2059-4364. S2CID 92993628.
  44. Paul, S. (2015). Between participation and autonomy. Journalism Practice, 12, 526-542.
  45. «Photographs by Iraqi civilians collection, 2004 April-May». Archives & Manuscripts at Duke University Libraries. Արխիվացված օրիգինալից Nov 8, 2020-ին.
  46. Temperton, James (2017-08-21). «Citizen journalism is broken and this startup has a plan to fix it». Wired UK. ISSN 1357-0978. Արխիվացված օրիգինալից 2020-06-12-ին. Վերցված է 2020-06-12-ին.
  47. Cadwalladr, Carole (2018-10-13). «Citizen journalists – the fighters on the frontline against Russia's attacks». The Guardian (անգլերեն). Վերցված է 2020-06-12-ին.
  48. «Welcome to the Bylines Network». bylinesnetwork.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022-01-04-ին.
  49. Xin, Xin (2010-08-01). «The Impact of "Citizen Journalism" on Chinese Media and Society». Journalism Practice. 4 (3): 333–344. doi:10.1080/17512781003642931. ISSN 1751-2786. S2CID 145183996.
  50. Kuo, Lily (2020-04-22). «Missing Wuhan citizen journalist reappears after two months». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020-06-12-ին.
  51. «Fake journalist package lists protesting tips». The Standard (Hong Kong). Արխիվացված օրիգինալից November 18, 2020-ին.
  52. «Coronavirus and China's Missing Citizen Journalists». National Review (ամերիկյան անգլերեն). 2020-03-19. Վերցված է 2020-06-12-ին.
  53. «در لایحه حجاب منتشر کننده تصاویر پلیس، مجرم است - خبرآنلاین».
  54. Thibert, Audrey (2024-01-03). «Conduct in conflict: Engagement with citizen journalists in war zones». Center for Journalism Ethics (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-04-09-ին.
  55. Maher, V. "Citizen Journalism is Dead." 2005, New Media Lab, School of Journalism & Media Studies, Rhodes University, South Africa.
  56. Bou-Franch, Patricia (2013). «Domestic violence and public participation in the media: The case of citizen journalism». Gender and Language. 7 (3): 275–302. doi:10.1558/genl.v7i3.275.
  57. Grubisich, T. "Grassroots journalism: Actual content vs. shining ideal." October 6, 2005, USC Annenberg, Online Journalism Review.
  58. Grubisich, T. "Potemkin Village Redux." November 19, 2006, USC Annenberg, Online Journalism Review.
  59. «Let's abolish the term 'Citizen Journalists'». December 2009. Վերցված է 2010-08-17-ին.
  60. Swift, Art (September 14, 2016). «Americans' Trust in Mass Media Sinks to New Low». Gallup.com. Վերցված է 2016-09-15-ին.
  61. 61,0 61,1 Edward Greenberg (2009-12-20). «About Ed». Վերցված է 17 August 2010-ին.
  62. «Mapping Digital Media: Citizen Journalism and the Internet». www.opensocietyfoundations.org (անգլերեն). Վերցված է 2023-04-18-ին.
  63. «ProQuest Ebook Central». site.ebrary.com. Վերցված է October 29, 2017-ին.
  64. «Center for Citizen Media». Center for Citizen Media Blog. Վերցված է 2013-06-05-ին.
  65. «Citizen Journalism» (PDF). UNESCO. February 27, 2013. Վերցված է 2 August 2011-ին.
  66. «WSIS+10 United Nations General Assembly High-Level Meeting». United Nations. July 2, 2015. Վերցված է 2 August 2016-ին.
  67. «Maurice Ali Speech: International Association of Independent Journalists Inc. WSIS+10-United Nations-July 2, 2015» (PDF). United Nations. July 2, 2015. Վերցված է 2 August 2016-ին.