Մասնակից:Revolution Saga/Արփեն Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արփեն Դավթյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 7, 1898 կամ նոյեմբերի 5, 1895
ԾննդավայրԱզատաշեն կամ Շուշի, Ռուսական Կայսրություն
Մահացել էփետրվարի 21, 1944
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿուսակցությունԽորհրդային Միության կոմունիստական կուսակցություն (մինչև 1927)

Արփեն Աբրահամի Դավթյան (նաև Դավիթյան, 18951944), նաև հայտնի Արմենակ Մանուկյան, Տարով և Անդրե կեղծանուններով, հայ հեղափոխական, կուսակցական և ռազմական գործիչ, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ֆրանսիական պարտիզանական շարժման մասնակից, Միսաք Մանուշյանի ղեկավարած զինյալ խմբավորման անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփեն Դավթյանի ծննդյան վայրի ու տարեթվի մասին գոյություն ունի երկու վարկած. նրա փաստաթղթերը վկայում այն մասին, որ նա ծնվել է 1898 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիում, իսկ նրա մարտական ընկեր և մտերիմ Տիրան Ոսկերիչյանի պնդմամբ՝ Դավթյանը ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 5-ին Գորիսի շրջանի Ազատաշեն գյուղում։ Հայրը աղյուսագործ էր, իսկ ինքը՝ Դավթյանը տասնչորս տարեկանից աշխատել է Թիֆլիսում որպես մեխանիկ, ապա տպագրիչ։ Ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց[1]։

Միացել է Վրաստանի բոլշևիկյան կուսակցությանը 1917 թվականին, ապա հաջորդ տարի՝ Կարմիր բանակին։ Մասնակցել է մարտերին Բաքվի կոմունայի համար։ Օգոստոսին գերեվարվել է Բաքուն գրաված բրիտանական զորքերի կողմից, սակայն նրան հաջողվել է փախչել Թեհրան[1]։ Եղել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի Կոմունիստական կուսակցությունների կենտրոնական կոմիտեներում հրահանգիչ-կազմակերպիչ[1]։ 1923 թվականից սովորել է Թիֆլիսում՝ Անդրկովկասի կոմունիստական համալսարանում, որտեղից 1925 թվականին հեռացվել է տրոցկիզմի և ստալինիզմը քննադատող ձախ ընդդիմությանը անդամակցելու համար։ Հետ է ուղարկվել Հայաստան, որտեղ զբաղեցրել է մի շարք պաշտոններ. ղեկավարել է ագիտպրոպը, եղել է շրջկոմի քարտուղար, Կենտկոմի մամուլի բաժնի քարտուղար, երկաթուղային շինարարության աշխատողների կոմիտեի նախագահ[1]։

1927 թվականի տրոցկիստական ընդդիմության դեմ ուղղված կադրային զտումների հետևանքով հեռացվել է Կոմունիստական կուսակցությունից։ 1928 թվականի սեպտեմբերի 24-ին ձերբակալվել է այլ հայ ընդդիմադիրների հետ միասին։ Նրան տեղափոխում են Թիֆլիս, ապա դեկտեմբերին աքսորում են Ակմոլինսկ (Ղազախստան)։ 1931 թվականի հունվարի 22-ին այլ տրոցկիստների հետ կրկին ձերբակալվել և բանտարկվել է Պետրոպավլովսկի բանտում, դատապարտվել է երեքուկես տարվա ազատազրկման։ Պատժի ժամկետի լրանալուց հետո, 1934 թվականի հունվարի 22-ին աքսորվել է Անդիջան (Ուզբեկստան)։ Նույն տարվա մարտին նա առաջարկել է ստալինյան իշխանություններին դուրս գալ ընդդիմադիր դաշտից և կրկին միանալ Կոմունիստական կուսակցությանը՝ ֆաշիզմի դեմ պայքարին միանալու նպատակով, սակայն այս առաջարկը մնացել է անպատասխան[1]։

1934 թվականի հունիսին Դավթյանը փախչել է աքսորից: Սկզբում մտածել է գնալ Մոսկվա՝ իր առաջարկը կրկնելու համար, սակայն հրաժարվել է այդ մտքից և մեկնել է Պարսկաստան։ Պարսիկ սահմանապահները ձերբակալել են նրան և մինչև սեպտեմբեր պահել Թավրիզում[1]։ Թավրիզում գրել է իր հուշերը («Ռուսական թերմիդորի բանտերում» վերնագրով), որի ձեռագիրը հետագայում ոչնչացվել է[1]։

1935 թվականի ամռանը կապ է հաստատել Տրոցկու որդու՝ Լև Սեդովի հետ և վերջինիս ուղարկել «Դիմում համաշխարհային պրոլետարիատին» վերնագրով մի գրություն, որը նա ստորագրեց «Տարով» կեղծանվամբ[1]։ Այս գրությունում հեղինակն ահազանգում է ԽՍՀՄ-ում քաղբանտարկյալների ճակատագրի մասին։ Այն տարածվել է միջազգային տրոցկիստական ​​մամուլում՝ ուղեկցված Տրոցկու մեկնաբանությամբ[1]։

Տրոցկու և Լև Սեդովի ջանքերով ստեղծվեց «Տարովի հիմնադրամը», որը միջազգային բաժանորդագրության միջոցով դրամ է հայթայթվել Դավթյանի Եվրոպա մեկնելու ծախսերը հոգալու համար[1]։ Երկու տարվա դրամահավաքից հետո, 1937 թվականի մայիսի 22-ին Դավթյանը ժամանել է Մարսել, իսկ 25-ին՝ Փարիզ։ Ընկերներից «Արմենակ Մանուկյան» անվամբ կեղծ փաստաթղթեր է ստացել և աշխատանք գտել որպես կողպեքագործ։ Նախ բնակվել է Փարիզի Մեզոն-Ալֆոր թաղամասում այլ տրոցկիստական ակտիվիստների մոտ։ Փարիզի մետրոպոլիտենի կայարաններից մեկում փրկվել առևանգման փորձից: Այնուհետև անցկացրել է ամռան մի մասը ֆրանսիացի տրոցկիստ Ալֆրեդ Ռոսմերի մոտ՝ Պերինի համայնքում[1]։

1937 թվականի հունիսի 12-ին Դավթյանը վկայություն է ներկայացրել մոսկովյան դատավարությունները հետաքննող փարիզյան հանձնաժողովին[1]։ Լև Սեդովի առեղծվածային մահից հետո Դավթյանը հեռացել է տրոցկիստական շրջանակներից և թռուցիկ է հրապարակել, որի մեջ քննադատում է տրոցկիստական Չորրորդ ինտերնացիոնալի ծրագիրը։ 1937 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 1940 թվականի մարտի 30-ը աշխատել է կոոպերատիվ տնտեսությունում Փարիզի 13-րդ վարչական տարածքում[1]։

Պարտիզանական գործունեությւն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ականների վերջերին և 1940-ականների սկզբներին Դավթյանը մտերմացել է ֆրանսահայ գաղթական շրջանակների, մասնավորապես հայ կոմունիստների հետ[1]։ 1941 թվականի հունվարի 14-ից մինչև 1942 թվականի մարտի 26-ը ապրել է Գերմանիայում։ Գերմանիայից վերադառնալուն պես ծանոթացել է Միսաք Մանուշյանի հետ, ի հեճուկս դրան, որ վերջինս սովետամետ Ֆրանսիական կոմունիստական կուսակցության անդամ էր և գիտեր, որ Դավթյանը հակաստալինական է և փախել է ԽՍՀՄ-ից: 1943 թվականի հուլիսին, Մանուշյանի միջնորդությամբ Դավթյանը միացել է «Ազատ հրաձիգներ և պարտիզաններ» (ֆր.՝ Francs-tireurs et partisans (FTP)) պարտիզանական կառույցի առաջին ջոկատին, որը հիմնականում կազմված էր ոչ ֆրանսիացի ներգաղթյալներից[1]։ Գործել է «Անդրե» կեղծանվան տակ։ Մասնակցել է գերմանացի զավթիչների և ֆրանսիացի կոլլաբորացիոնիստների դեմ ուղղված տարբեր դիմադրական գործողություններին[1]։

1943 թվականի հոկտեմբերի 5-ին յուրայինների կրակից վիրավորում է ստացել ֆրանսիացի կոլլաբորացիոնիստ Գաստոն Բրունետոնի դեմ իրականացված անհաջող սպանության փորձի ժամանակ։ Ապաստան է գտել և ապաքինվել է զինակից Տիրան Ոսկերիչյանի, Միսակ Մանուշյանի կնոջ՝ Մելինեի և վերջինիս քրոջ՝ Արմենուհի Ասատուրյանի օգնությամբ[1]։

Ձերբակալություն և սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզում «Մանուշյանի խմբի» զոհված պարտիզաններին նվիրված հուշատախտակ։


1943 թվականի նոյեմբերի 19-ին Դավթյանը իր տանը ձերբակալվել է Վիշի վարչակարգի հետախուզության կողմից: 1944 թվականի փետրվարի 21-ի առավոտյան 23 այլ ձերբակալված պարտիզանների հետ միասին դատապարտվել է մահապատժի։ Նրանցից քսաներկուսը, այդ թվում՝ Դավթյանն ու Միսաք Մանուշյանը, գնդակահարվել են նույն օրը Մոն-Վալերիենի բերդում[1]։

Թաղվել է Փարիզի Իվրիի գերեզմանատան մեջ «Մանուշյանի խմբի» այլ անդամների կողքը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Prager, Rodolphe (25-08-2009). MANOUKIAN Armenak [DAV’TIAN Arben, Abramovitch, dit TAVITIAN (Holban), dit DAVIDIAN (SGE), dit ANDRE] (ֆրանսերեն). {{cite book}}: |work= ignored (օգնություն)

[[Կատեգորիա:Ֆրանսիացի հեղափոխականներ]] [[Կատեգորիա:Հայ հեղափոխականներ]] [[Կատեգորիա:Ռուս հեղափոխականներ]] [[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]] [[Կատեգորիա:1944 մահեր]] [[Կատեգորիա:Փետրվարի 21 մահեր]] [[Կատեգորիա:Ռուսական կայսրությունում ծնվածներ]] [[Կատեգորիա:1895 ծնունդներ]] [[Կատեգորիա:Նոյեմբերի 5 ծնունդներ]]