Մարդու իրավունքները Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի քաղաքականություն
Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ և  Եվրոպայի խորհուրդ կազմակերպությունների անդամ

Մարդու իրավունքները Հայաստանում ավելի պաշտպանված են, քան նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասում, և դրանք մոտեցել են ընդունելի չափանիշներին, հատկապես տնտեսական առումով[1][2]։ Եվ այնուամենայնիվ, գոյություն ունեն որոշ լուրջ խնդիրներ։

Ժողովրդավարության և ազատության վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը «մասամբ ազատ» է դասակարգվել Freedom House-ի 2019 թվականի հաշվետվության մեջ (2018 թվականի տվյալներով), որը նրան 100-ից 51 գնահատական է տալիս[3]։

Հայաստանը 54-րդ հորիզոնականն է զբաղեցնում 2017 թվականի Մարդու ազատության ինդեքսի (2016 թվականի տվյալներով) զեկույցում, որը հրապարակել է Կանադայի Ֆրեյզերի ինստիտուտը։

2017 թվականին Կատոնի ինստիտուտի կողմից հրապարակված Մարդու ազատության ինդեքսում Հայաստանը 159 երկրների շարքում տնտեսական ազատության ցուցանիշով 29-րդ հորիզոնականն է զբաղեցրել, իսկ անձնական ազատության ցուցանիշով՝ 76-րդ հորիզոնականը։

Այս դասակարգումը կարող է բարելավվել, երբ կվերլուծվեն 2018 թվականի տվյալները, ներառյալ թավշյա հեղափոխության շրջանը և դրան հետևող ժամանակահատվածը։

Տնտեսություն և մարդու իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ Պետական դեպարտամենտի տվյալներով՝ 2009 թվականի դրությամբ երկրում կոռուպցիան խնդիր է եղել[4]։

Քաղաքական ազատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո քաղաքական ազատությունը որոշակիորեն բարելավվել է։ Տեր-Պետրոսյանի վարչակազմը սահմանադրական փոփոխություններ է ձեռնարկել, որոնք ավելի մեծ իշխանություն են ապահովել նախագահին, քան Ազգային ժողովին։ Նա նաև արգելափակել է ինը քաղաքական կուսակցությունների գործունեությունը (այդ թվում՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը)։ Տեր-Պետրոսյանի կառավարման կիսաժողովրդավարական ոճը և նրա աստիճանական մոտեցումը արցախյան հակամարտության կարգավորման հարցում հանգեցրել են նրա պաշտոնազրկմանը, ինչի արդյունքում նախագահի պաշտոնում նրան փոխարինել է Ռոբերտ Քոչարյանը[5]։ 2008 թվականին Քոչարյանին փոխարինել է Սերժ Սարգսյանը։

Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը մեղադրել են Նիկոլ Փաշինյանին իրենց դեմ քաղաքական վենդետա վարելու մեջ[6][7]։ Իշխանության անցումից հետո Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին[7], նրա մտերիմ բարեկամներին (եղբայրներ՝ Ալեքսանդր Սարգսյան[8], Լևոն Սարգսյան[9], որդի՝ Նարեկ[10], դուստր՝ Անի[11]), նախարարների կաբինետի նախկին անդամներին (Սեյրան Օհանյան[12], Սերգո Կարապետյանը[13], Գևորգ Հարությունյանը[13], Արմեն Գևորգյանը[14] և ուրիշներ), ԱԺ նախկին պատգամավորներին (Արսեն Բաբայան[15], Հրայր Թովմասյան[16], Մանվել Գրիգորյան), նախկին դատավոր Սամվել Ուզումյանին[17] մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի, ապօրինի եկամուտ ստանալու և հարկերից խուսափելու համար։ Բացի այդ՝ որոշ լրագրողներ (Գագիկ Շամշյան, Սաթիկ Սեյրանյան[18], Մհեր Եղիազարյան[19] և այլք) և քաղաքական ակտիվիստներ (Նարեկ Մալյան, Կոնստանտին Տեր-Նակալյան, Արթուր Դանիելյան[20]) ձերբակալվել են՝ մեղադրվելով թմրանյութեր օգտագործելու և ապօրինի զենք պահելու մեջ և ավելի ուշ ազատ են արձակվել։ Ինչպես հաղորդում է Ասսոշեյթեդ պրես-ը, Սարգսյանը հերքել է իր, հարազատների և նախկին նախարարների կաբինետի անդամների դեմ բոլոր մեղադրանքները[7]։

Հայաստանի ևս մեկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվել է այն բանում, որ նախագահական ընտրությունները հակել է Սարգսյանի օգտին, և նրան մեղադրանք է առաջադրվել «սահմանադրական կարգը տապալելու» համար[6]։ Քոչարյանի տասնյակ կողմնակիցներ 2019 թվականի մայիսին հավաքվել են Երևանի քաղաքային դատարանի շենքի մոտ՝ «Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է» և «քաղաքական վենդետա» պաստառներով[21]։ 64-ամյա Ռոբերտ Քոչարյանը AFP-ին հայտնել է, որ գործն իր դեմ է հարուցվել նոր ղեկավարության պատճառով, որը նրան փոխարինողին դուրս է մղել անցյալ տարվա ժողովրդական ապստամբության ընթացքում[21]։

Բողոքի ցույցեր 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի են ունեցել մի շարք զանգվածային բողոքի ակցիաներ։ Հայաստանի մայրաքաղաքում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նախագահական ընտրություններում ենթադրյալ կեղծիքների դեմ, որոնք կազմակերպել են նախագահի անհաջող թեկնածու և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները։ Օպերայի հրապարակում 9 օր խաղաղ ցույցերից հետո Ազգային ոստիկանությունը և զինված ուժերը մարտի 1-ին փորձել են ցրել ցուցարարներին[22]։ Բողոքի ակցիաները սկսվել են փետրվարի 20-ին և շարունակվել են 10 օր Ազատության հրապարակում։ Օրվա ընթացքում դրանց մասնակցել են տասնյակ հազարավոր ցուցարարներ, իսկ գիշերը՝ հարյուրավոր։ Արդյունքում 10 մարդ է սպանվել։ Չնայած ցույցերը դադարեցնելու կառավարության կոչերին՝ բողոքի ցույցերը շարունակվել են մինչև մարտի 1-ը։ Մարտի 1-ի առավոտյան ոստիկանները և բանակային ստորաբաժանումները ցրել են գիշերը մնացած 700-1000 մարդկանց՝ ծեծելով նրանց մահակներով ու էլեկտրաշոկերներով[23][24][25]։ Մարտի 4-ի դրությամբ շատ ցուցարարներ դեռ համարվում էին անհետ կորած[26]։ Մարտի 1-ից Լևոն Տեր-Պետրոսյանը փաստացի տնային կալանքի տակ էր[22][25][27]։

Քաղաքականություն և իրավակիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Բանտարկության ամենաբարձր և ամենացածր մակարդակ ունեցող 30 երկրների քարտեզ

2018 թվականին Հայաստանի բոլոր հարևան երկրները ներառվել են բանտարկության ամենաբարձր մակարդակով 30 երկրների ցանկում, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը ցածր էր[28]։ Զեկույցը կազմելուց հետո կառավարությունը լայնածավալ համաներում է նախաձեռնել և իրականացրել[29]։

Տեղեկություններ են ստացվել ոստիկանության դաժանության և կամայական ձերբակալությունների մասին, համաձայն որոնց՝ խոստովանական ցուցմունքներ կամ տեղեկություններ ստանալու համար ձերբակալվածներին ծեծում և խոշտանգում էին։ Կառավարության դեմ ցույցերը ցրվել են ուժի կիրառմամբ, իսկ ընդդիմության առաջնորդները ձերբակալվել են։ 2006 թվականի դրությամբ դաժան վերաբերմունքը սովորական երևույթ է դարձել բանակում և ենթադրվել է որպես բազմաթիվ կասկածելի մահերի պատճառ[30]։

Միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մայիսի 12-ին, որպես սպանության գործով վկա ոստիկանություն կանչված Լևոն Ղուլյանը մահացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում այն բանից հետո, երբ նրան, իբր, սպանել է և պատուհանից դուրս է նետել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովիկ Թամամյանը[31]։ Ոստիկանությունը պնդում է, որ Ղուլյանը սայթաքել և ընկել է առաջին հարկից՝ փորձելով փախչել կալանքից։ Դանիայից և Գերմանիայից դատաբժշկական մասնագետների կողմից կատարված նախնական դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ Ղուլյանի մահը վրա է հասել գանգի, կրծքավանդակի, ողնաշարի և կողոսկրերի կոտրվածքների հետևանքով։ Համաձայն ArmeniaNow-ին՝ «ոստիկանության ներսում կատարված սպանությունները չեն բացահայտվում»[32]։ Ոստիկանության պետին ուղղված նամակում Մարդու իրավունքների միջազգային Հելսինկյան ֆեդերացիայի (IHF) գործադիր տնօրենը վկայակոչել է Ղուլյանի մահվան ոստիկանական բացատրության հետ կապված կասկածները և նշել է, որ ոստիկանության կողմից խոշտանգումները և դաժան վերաբերմունքը լուրջ խնդիրներ են մնում Հայաստանում, ինչպես դա նշվել է նաև Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի կողմից 2004 թվականի Հայաստանի վերաբերյալ զեկույցում[33]։

ArmeniaNow-ի կողմից կազմած ոչ ամբողջական ցուցակում կա ևս 11 մարդ, որոնք կասկածելիորեն մահացել են ոստիկանությունում կալանքի տակ գտնվելիս[34]։

Խոսքի և զանգվածային լրատվամիջոցների ազատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչդեռ ԶԼՄ-ներն ունեն անկախության որոշակի աստիճան, Հայաստանում մամուլի ազատությունը սահմանափակ է։ Որոշ անկախ ալիքներից, ինչպիսիք են «Ա1+»-ը, «Նոյան Տապան»-ը և ռուսական ՆՏՎ-ն, կառավարությունը խլել է հաճախությունները։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ բողոքի ցույցը լուսաբանող լրագրողները հարձակման են ենթարկվել, երբ ոստիկանությունը միջամտել է ցուցարարներին ձերբակալելու համար[35]։

2011 թվականի հունվարին Լրագրողների պաշտպանության կոմիտեն քննադատել է Հայաստանի կառավարությանը երկրի հեռարձակվող ԶԼՄ-ների նկատմամբ խիստ վերահսկողությունը պահպանելու համար և մեղադրել է նրանց իրենց մարտահրավեր նետող տեղական լրագրողներին պարբերաբար հետապնդելու մեջ[36]։ CPJ-ի հաշվետվության համաձայն՝ 2010 թվականին Հայաստանի հեռարձակման մասին օրենքի նոր փոփոխությունները թույլ են տվել նախագահ Սարգսյանին «պահպանել վերահսկողությունը երկրի հնազանդ հեռուստառադիոընկերությունների նկատմամբ, որոնց մեծ մասը պատկանել են իշխանամետ քաղաքական գործիչներին և գործարարներին»[36]։ Զեկույցում նաև նշվում է, որ 2010 թվականին հայ ոստիկանները «պարբերաբար հետապնդել, հարձակվել և կալանավորել են լրագրողներին»։ CPJ-ի հետազոտությունը ցույց է տվել, որ «դատախազները պարբերաբար նման պրակտիկա էին օգտագործում՝ հրաժարվելով հետաքննել ոստիկանների գործողությունները, նույնիսկ երբեմն մեղադրանքներ առաջադրելով լրագրողների դեմ, որոնք բողոքում էին չարաշահումների դեմ»[36]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացառությամբ Գյումրիում գործունեությունը ծավալող ԳԱԼԱ-յի, գրեթե բոլոր հայկական հեռուստաալիքները, ներառյալ Երևանի ազգային ցանցերը, վերահսկվում են կառավարության կողմից կամ հավատարիմ են դրան։ Միակ խոշոր մասնավոր ցանցը, որը պարբերաբար քննադատությամբ էր հանդես գալիս կառավարության կողմից, 2002 թվականին վիճահարույց հեռացվել է եթերից[37]։

2010 թվականին Հայաստանի կառավարությունն ընդունել է հեռարձակման մասին ՀՀ օրենքի մի շարք վիճահարույց փոփոխություններ, որոնք թույլ են տալիս պետական կարգավորիչներին լիցենզիաներ տրամադրել կամ հետ կանչել առանց պատճառների բացատրության, ինչպես նաև սահմանափակումներ մտցնել ծրագրավորման վրա, որոնք որոշ կայաններին սահմանափակում են նեղ թեմաներով, ինչպիսիք են մշակույթը, կրթությունը և սպորտը[36]։ Լրագրողների պաշտպանության կոմիտեն ենթադրել է, որ այդ փոփոխություններն առաջին հերթին ուղղված են «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը եթերից հանելուն։ Նաև նշվել է, որ GALA TV-ն, որը Գյումրիում տեղակայված ևս մեկ գործող անկախ հեռարձակող ընկերություն էր, հեռացվելու է եթերից 2015 թվականին փոփոխությունների պատճառով[36]։ Ինչպես «Ա1+»- ը, այդպես էլ «GALA TV»-ն չեն կարողացել նոր լիցենզիաներ շահել, իբր, մրցակցային տենդերներում, որոնք 2010 թվականի վերջին անցկացվել են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից[36]։

2008 թվականի արտակարգ դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի նախագահական ընտրությունների դեմ բողոքներից հետո նախագահ Քոչարյանը մարտի 1-ին 20-օրյա արտակարգ դրություն է հայտարարել և այն օգտագործել է բոլոր հանրային հավաքներն արգելելու և բոլոր զանգվածային լրատվամիջոցների գրաքննելու համար (ինչպես համացանցում, այնպես էլ մամուլում), որպեսզի դրանք ներառեն միայն պետության կողմից հովանավորվող տեղեկատվությունը։ Բացի այդ, իշխանությունները փակել են մի քանի ընդդիմադիր թերթեր իրենց կայքերի հետ միասին, այդ թվում՝ «Ա1+»-ը և «Հայկական ժամանակը»։ Կառավարությունը նաև արգելափակել է ՅուԹյուբի հասանելիությունը, որը տեսանյութեր էր պարունակում մարտի 1-ի բողոքի ցույցերից և ոստիկանության հետ գիշերային բախումներից, որոնց վրա երևում է, որ հատուկ ջոկատայինները ավտոմատ զենքից կրակել են հենց ամբոխի վրա։ Արգելափակվել է նաև «Հայկական ազատություն» կայքի և ռադիո հաղորդման հասանելիությունը։

Հարձակումներ լրագրողների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ պետական լրատվամիջոցների լրագրողների վրա հաճախակի հարձակումները լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանի մամուլի ազատության համար։

2009 թվականի ապրիլի 30-ին «ARMENIA Today» («ԱՐՄԵՆԻԱ այսօր») լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը Երևանում աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դաժան ծեծի է ենթարկվել։ Հաղորդվում է, որ երեք անհայտ անձինք հարձակվել են Կիվիրյանի վրա և ծեծի են ենթարկել նրան՝ պատճառելով գլխի և դեմքի լուրջ վնասվածքներ։ Նրա վիճակը «ծանր, բայց կայուն» էր հայտարարվել այն բանից հետո, երբ նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն[38]։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դատապարտել է այս արարքը և նշելով, որ նախկինում տեղի ունեցած լրագրողների նկատմամբ բռնության գրեթե բոլոր դեպքերը չեն բացահայտվել, կոչ է արել ոստիկանությանը հետաքննություն անցկացնել և բացահայտել հարձակվողներին[39]։

2008 թվականի նոյեմբերի 17-ին Էդիկ Բաղդասարյանը, որը հայ ամենահայտնի հետաքննող լրագրողներից մեկն է և «Հետք» պարբերականի խմբագիրը, ենթարկվել է դաժան հարձակման և գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել, որի պատճառով նրան ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց։ Հարձակումն, ամենայն հավանականությամբ, կապված էր նրա ռեպորտաժի հետ[փա՞ստ]։

Տեղաշարժի ազատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում իրավապահ մարմիններն արգելափակել էին մոտակա քաղաքներից Երևան հասարակական տրանսպորտի հասանելիությունն ամեն անգամ, երբ Երևանում ընդդիմության խոշոր հանրահավաք էր տեղի ունենում։ 2011 թվականի մարտի 1-ին Երևանի և հարակից շրջանների միջև հասարակական տրանսպորտը կանգնեցվել է։ Դրա նպատակն էր նվազեցնել խոշոր հանրահավաքի հաճախելիությունը, որը պետք է կայանար ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կողմից[40]։ Մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող փոքր քաղաքներում, այդ թվում՝ Վաղարշապատում, Արտաշատում և Մասիսում, ավտոբուսային կայանները փաստացի չէին աշխատում առավոտյան և օրվա սկզբին՝ տեղացի տասնյակ ուղևորներին թողնելով դժվարին կացության մեջ։ Ըստ ոստիկանության հաղորդումների, սա հատուկ ոստիկանական գործողության մի մասն է, որի նպատակն գողացած մեքենաների հետախուզումն է։ Ինչպես իրավապահ մարմինները, այնպես էլ կառավարական պաշտոնյաները հերքել են ընդդիմության հայտարարություններն այն մասին, որ իշխանություններն այդ կերպ փորձում են շատ հայերի հետ պահել Երևանում հակակառավարական ցուցարարներին միանալուց[40]։

Կրոնի ազատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ Առաքելական եկեղեցին զգալի մենաշնորհ ունի Հայաստանում և օգտվում է ավելի շատ իրավունքներից, քան ցանկացած այլ գրանցված կրոն[փա՞ստ]։ Այլ կրոնական փոքրամասնություններին են պատկանում Ռուս ուղղափառ քրիստոնյաները, ասորի քրիստոնյաները, հույն ուղղափառ քրիստոնյաները, հուդայականները, մուսուլմանները, եզդիները և Եհովայի վկաները։ Մեծ հաշվով, Հայաստանի մուսուլմանական համայնքը (երբեմնի բաղկացած ադրբեջանցիներից և քրդերից) գործնականում գոյություն չունի Արցախյան պատերազմի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև բնակչության փոխանակման պատճառով։

ԼԳԲՏ իրավունքները Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համասեռականությունը Հայաստանում օրինական է 2003 թվականից[41]։ Սակայն, չնայած ապաքրեականացմանը, տեղի լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերների (ԼԳԲՏ) վիճակը էապես չի փոխվել։ Հայաստանում լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերների (ԼԳԲՏ) իրավունքները դեռևս չեն հայտարարվել և ձեռք չեն բերվել։ Համասեռականությունը տաբուացված թեմա է մնում հայ հասարակության որոշ հատվածներում, քանի որ ազգը հետ է մնում եվրոպական այլ երկրներից ԼԳԲՏ իրավունքների առաջխաղացման հարցում։ Բացի այդ, չկա ոչ մի իրավական պաշտպանություն ԼԳԲՏ անձանց համար, որոնց մարդու իրավունքները պարբերաբար խախտվում են[42][43]։ Շատերը վախենում են աշխատավայրում կամ ընտանիքում բռնություններից և, հետեւաբար, չեն արտահայտում իրենց սեռական կողմնորոշումը և չեն բողոքարկում մարդու իրավունքների խախտումների կամ քրեական հանցագործությունների դեմ[44]։ 2013 թվականին Հայաստանը ԼԳԲՏ իրավունքների ճանաչմամբ 47-րդ հորիզոնականն է զբաղեցրել 49 եվրոպական երկրներից, ընդ որում միայն Ռուսաստանը և Ադրբեջանն են այդ ցանկում ավելի ցածր տեղ զբաղեցրել[45]։

Լիլիթ Մարտիրոսյանը տրանսգենդեր կին է, որը 2019 թվականի ապրիլի 5-ին 3 րոպե տևողությամբ ելույթ է ունեցել Ազգային ժողովում։ Նա խորհրդարանին հայտնել է, որ իր կողմից հիմնադրված «Իրավունքի կողմ» կազմակերպությունը գրանցել է տրանսգենդերների իրավունքների խախտման 283 դեպք։ Որոշ օրենսդիրներ անմիջապես թշնամաբար են վերաբերվել նրան՝ հայտարարելով, որ Մարտիրոսյանը «խախտել է լսումների օրակարգը և անհարգալից վերաբերմունք է դրսևորել խորհրդարանի նկատմամբ»։ Հանրության ներկայացուցիչները սպառնացել և դատապարտել են Մարտիրոսյանին և Հայաստանում ապրող տրանսգենդեր մարդկանց։ Նիկոլ Փաշինյանն անվանել է ԼԳԲՏՔ իրավունքներն «ավելորդ գլխացավանք են, որոնց հետ պետք է գործ ունենալ 10, 20, 30 տարի հետո»[46]։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Երևանում ԵՄ առաքելության և ԵՄ անդամ երկրների դեսպանատների հայտարարությանը և դատապարտել է ատելության արտահայտությունները Մարտիրոսյանի, Իրավունքի կողմի և ԼԳԲՏՔ համայնքի հասցեին․ «Մեր միջազգային գործընկերները պետք է ավելի մեծ հարգանք և նրբանկատություն ցուցաբերեն հայ հասարակության նկատմամբ և զերծ մնան հանրային բանավեճերին չափից ավելի մասնակցելուց, նույնիսկ եթե նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։ Մենք ցանկանում ենք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորությունների մի մասն է և չի կարող անտեսվել»[47]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Human Freedom Index». Cato Institute (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. «Country profiles» (PDF).
  3. «Armenia». freedomhouse.org (անգլերեն). 2019 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  4. U.S. Department of State 2009 Report — see Section 4
  5. «Armenia». freedomhouse.org (անգլերեն). 2012 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  6. 6,0 6,1 «Ex-Armenia president goes on trial, rejects 'coup' charges». France 24 (անգլերեն). 2019 թ․ մայիսի 13. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Armenia's ex-president accused of embezzlement». AP NEWS. 2019 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  8. https://web.archive.org/web/20200220060920/https://www.lragir.am/en/2019/02/27/71132. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  9. «Court issues second arrest warrant for ex-president's brother Levon Sargsyan». armenpress.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  10. «Նարեկ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի եղբորորդին, կալանավորվեց». Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  11. «Ex–Armenian president's relatives under investigation for tax fraud». OC Media (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 2. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  12. «Ես կառչած չեմ այս պաշտոնին, ես ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում եմ մեծ պատասխանատվությամբ». news.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  13. 13,0 13,1 «Սերժ Սարգսյանին և մյուսներին առնչվող գործը մակագրվել է Վահե Միսակյանին». news.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  14. «SIS seeks arrest of former Secretary of Security Council Armen Gevorgyan». armenpress.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  15. «Արսեն Բաբայանը կալանավորվեց». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  16. «ԱԱԾ–ում ի՞նչ հարցեր են տվել Հրայր Թովմասյանի դուստրերին. փաստաբանը մանրամասնում է». news.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  17. «Սամվել Ուզունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նա մեկնել է Հայաստանից». news.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  18. «https://www.aravot.am/2019/12/27/1085850/». 2019 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին. {{cite news}}: External link in |title= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  19. LLC, Helix Consulting. «Haynews.am news website responsible Mher Yeghiazaryan died of myocardial infarction - aysor.am - Hot news from Armenia». aysor.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  20. «Armenian public-political club issues statement on apprehension of activists». Новости Армении (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  21. 21,0 21,1 «Coup or political vendetta?: Ex-Armenia president goes on trial, rejects 'coup' charges». today.rtl.lu (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  22. 22,0 22,1 "Report by the Commissioner for Human Rights, Mr Thomas Hammarberg, on his special mission to Armenia, 12 – 15 march 2008", Council of Europe, March 20, 2008.
  23. "Protestor on scene tells of melee" Արխիվացված 2008-05-16 Wayback Machine, ArmeniaNow.com, March 1, 2008
  24. "Armenia: Police Beat Peaceful Protesters in Yerevan", Human Rights Watch (NY), March 2, 2008.
  25. 25,0 25,1 Ter-Petrosyan ‘Under House Arrest,’ Rally Broken Up, Radio Free Europe/Radio Liberty, March 1, 2008. Արխիվացված Նոյեմբեր 23, 2008 Wayback Machine
  26. "Human Rights Watch Demands Probe Into Armenian Crackdown", Armenia Liberty (RFE/RL), March 4, 2008. Արխիվացված Ապրիլ 12, 2009 Wayback Machine
  27. "Armenia: At Least 2 Dead in Yerevan Violence, as Kocharian Declares State of Emergency" Արխիվացված 2008-09-03 Wayback Machine, Armenia: Vote 2008 (EurasiaNet.org), March 1, 2008.
  28. «Top 30 countries with highest and lowest imprisonment rates».
  29. LLC, Helix Consulting. «Armenian president signs amnesty bill into law». panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  30. Human Rights Watch World Report 2006
  31. Do they need to kill while investigating a murder case?(չաշխատող հղում), Human Rights in Armenia, May 23, 2007.
  32. Escape or Torture?: Police under spotlight as death of witness raises questions Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, ArmeniaNow, May 18, 2007.
  33. Open Letter to the Armenian Head of Police on the Death of Levon Gulyan in Police Custody , International Helsinki Federation for Human Rights, May 17, 2007.
  34. Deadly Pattern: Gulyan death not the first to raise suspicion about police treatment Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, ArmeniaNow, May 18, 2007.
  35. Amnesty International Report 2005 Արխիվացված 2006-09-05 Wayback Machine
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 36,5 "Western Watchdog Deplores Government Control Of Armenian TV", Armenia Liberty (RFE/RL), February 15, 2011.
  37. "Embattled TV Raising Money To Stay On Air", Armenia Liberty (RFE/RL), March 19, 2008.
  38. Grigoryan, Armine (2009 թ․ մայիսի 1). «Ambushed: Attack on journalist raises concerns over safety of profession in Armenia». Armenia Now. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.(չաշխատող հղում)
  39. «Violence against the journalist» (Press release). Human Rights Defender of Armenia. 2009 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  40. 40,0 40,1 Shoghikian, Hovannes (2011 թ․ մարտի 1). «Travel To Yerevan Restricted Ahead Of Opposition Rally». RFE/RL. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
  41. «State-sponsored Homophobia A world survey of laws prohibiting same sex activity between consenting adults» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  42. Armenian Gays Face Long Walk to Freedom Արխիվացված 2012-10-10 Wayback Machine
  43. «Armenia's Animosity Towards Gays». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  44. Report: The situation of homosexuals and lesbians in Armenia (January 2003 - December 2005) by the Government of Canada
  45. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  46. Press, The Associated (2019 թ․ ապրիլի 27). «Armenian Trans Woman Gets Threats After Parliament Speech». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  47. «Armenia roiled by transgender woman's speech in parliament». Eurasianet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]