Մարջա-է թաղլիդի սկզբունքը շիայական գաղափարախոսության մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ըստ շիա իսլամի՝ շիայական համայնքի կրոնական, քաղաքական ու հոգևոր առաջնորդությունը մարգարեն պատվիրակել է իմամներին։ Թաքուցման մեջ գտնվող տասներկուերորդ իմամը, սակայն, շիայական համայնքը թողել է առանց առաջնորդի։ Հեղինակության ու առաջնորդության այս բացը լրացնելու համար 1864 թվականին, ժամանակի Իրանի ամենահեղինակավոր կրոնական հեղինակություններից մեկը՝ Մորթեզա ալ-Անսարին ձեռնարկում է «մարջաիյա»- յի ինստիտուտի ձևավորումը։ Ըստ Ալ-Անսարիի՝ մինչև թաքուցման մեջ գտնվող իմամ Մահդիի վերադարձը, շիայական համայնքի կրոնական ու քաղաքական առաջնորդությունը պետք է ստանձնի կրոնական որևէ հեղինակություն, որը պետք է ընկալվի որպես «ընդօրինակման աղբյուր»՝ «մարջայե թաղլիդ»[1]։ Այսպիսով, բոլոր հավատացյալները պիտի հետևեն այդ հեղինակությանը՝ իրենց կրոնական պարտավորությունները կատարելիս։ Արդյունքում, շիայական աշխարհում, հատկապես՝ Իրանում, Իրաքում ու Լիբանանում, մի շարք կրոնական հեղինակություններ ստացան «մարջայե թաղլիդի» տիտղոսը և հետևորդների հսկայական բանակ ձեռք բերեցին։ Ներկայում ողջ շիայական աշխարհում քսան «մարջայե թաղլիդ» կա, որոնց մեծամասնությունը հաստատված են շիայական խոշոր կենտրոններում՝ Ղոմում, Նաջաֆում ու Քերբալայում։ «Մարջայե թաղլիդը» պիտի հետևորդների մեծ թիվ ունենա, հրատարակի իր անհատական կրոնական ուղեցույցը՝ «ռեսալեն», ունենա մի քանի գրասենյակ՝ «դաֆթարներ», որտեղ իր ուսանողները կքարոզեն իր գաղափարները, և «մարջայե թաղլիդն» է միայն, որ իրավասու է շիայական հարկ՝ «խոմս» հավաքագրելու։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. سید حسین محمد جعفری. تشیع در مسیر تاریخ. تحلیل و بررسی علل پیدایش تشیع در اسلام. էջ 99.
  2. Юнусов, Ариф (2012). Исламская палитра Азербайджана. Баку. էջ 23.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]