Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն
Изображение логотипа
Տեսակgovernment organization? և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրվածօգոստոսի 4, 2005
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
ՂեկավարԵսթեր Աբրահամյան
Վերադաս կազմակերպությունՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Անձնակազմ22 մարդ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ Ստեղծվել է 2005 թվականին՝ կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի թիվ 1194-Ն  որոշմամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան որպես փորձաքննություն իրականացնող առանձին կառույց գործունեություն ծավալելը` կենտրոնի գործառույթներն իրականացվել են այլ կառույցների կազմում։

1992 թվականին ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունում ստեղծվեց Փորձագիտական հանձնաժողով, որը փորձագիտական եզրակացության հիման վրա տալիս էր նաև մշակութային արժեքների արտահանման թույլտվություն։

1993 թվականին  «Մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ներմուծումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» Փարիզի 1970 թվականին Կոնվենցիային Հայաստանի միանալուց ապա` 1994 թվականին  «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» 1-ին օրենքի ընդունումից հետո, ՀՀ կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 501 որոշմամբ, Մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարության համակարգում 1995 թվականին ստեղծվեց Մշակութային արժեքների պահպանության վարչությունը։ Վարչության պետը Նորա Դայանն էր (1995-2001)[1], այնուհետև՝ Շողիկ Ասոյանը (2001-2002)։

2002 թվականին ՀՀ Կառավարության թիվ 202 որոշմամբ Մշակութային արժեքների պահպանության վարչությունը վերակազմավորվեց  ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության առանձնացված ստորաբաժանման՝ Մշակութային արժեքների պահպանության գործակալության, որի պետը Շողիկ Ասոյանն էր (2002-2005), իսկ 2005 թվականից՝ Վահան Գասպարյանը[2]։

2004 թվականին ընդունվել է  «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» 2-րդ օրենքը։ Այդ ընթացքում, նախքան ՀՀ կառավարության կողմից օրենքով սահմանված կարգով համապատասխան իրավական ակտերի ընդունումը, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով Փորձագիտական հանձնաժողովը դեռևս գործում էր գործակալության կազմում։ 2001 թվականի հոկտեմբերի 23-ին ընդունված «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների պահանջին համապատասխան՝ պետական կառավարչական լիազորությունների և մասնագիտական գործունեության միջև տարանջատում դրվեց. գործակալությունը, որպես պետական կառավարչական գործառույթներ իրականացնող հիմնարկ, իրավասու չէր իրականացնել նաև մասնագիտական գործունեություն։

2005 թվականին, կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի թիվ 1194-Ն  որոշմամբ, ստեղծվեց «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Կենտրոնում աշխատում են ՀՀ մշակույթի նախարարության կողմից հավատարմագրված տարբեր ոլորտների փորձագետներ։ ՊՈԱԿ-ի տնօրենը 2005-2018 թվականներին եղել է Շողիկ Ասոյանը։  2018 թվականի հունիսի 19-ից - 2019 թ. մարտ ամիսը կենտրոնի տնօրեն է նշանակվել Լիլիթ Սարգսյանը[3]։ 2019 թ. մարտ ամսից ցայսօր կենտրոնը տնօրինում է նույն կենտրոնի փորձագետ Եսթեր Աբրահամյանը։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնին Կանոնադրությամբ վերապահված են մի շարք գործառույթներ. կենտրոնի հիմնական նպատակը և առարկան ՀՀ տարածքից արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրված մշակութային արժեքների մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության իրականացումն է և փորձաքննության արդյունքների հիման վրա փորձագիտական եզրակացության տրամադրումը, ինչպես նաև մշակութաբանության և արվեստաբանության բնագավառում մասնագիտական դասընթացների կազմակերպումը, մշակութաբանական և արվեստաբանական փորձագիտությանը վերաբերող գրքերի, ձեռնարկների, տեղեկագրերի, ժողովածուների և այլ գրականության պատրաստումը և հրատարակումը։

Կենտրոնը նաև իրականացնում է մի շարք հավելյալ ծառայություններ. մշակութային արժեքների լուսանկարահանում, թարգմանություն, առանձին ստեղծագործությունների և ամբողջական հավաքածուների գիտական հետազոտություն և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նորա Դայանը մնայուն արժեք է ստեղծել մշակութաբանների և թանգարանագետների համար». armenpress.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  2. «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման ազատականացման շնորհիվ Հայաստան են ներմուծվել մի շարք բարձրարժեք գործեր». armenpress.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  3. «Լիլիթ Սարգսյանը նշանակվել է Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրեն». www.newsinfo.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.(չաշխատող հղում)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]