Մովսես Սարաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսես Սարաֆյան
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ

Մովսես Բունիաթի Սարաֆյան (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), XVIII դարի հայ ազատագրական շարժման գործիչ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկաստանում և Թուրքիայում զբաղվել է վաճառականությամբ։ 1760-ական թվականների սկզբին հաստատվել է Աստրախանում, 1763 թվականին ստացել ռուսական կառավարության հատուկ հրամանագիր, որով նրան տրամադրվում էր հող և 10 հազար ռուբլի գումար՝ Աստրախանի նահանգում մետաքսի ձեռնարկություն հիմնելու համար, ինչպես նաև Կասպից ծովում նավեր կառուցելու արտոնություն։ 1769 թվականի հունիսի 8-ին (1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ) Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգիային ներկայացրել է Հայաստանի ազատագրման և անկախության վերականգնման իր ծրագիրը, որին նախօրոք հավանություն էին տվել ռուսահայ նշանավոր գործիչները։ Ըստ այդ ծրագրի, Թուրքիայի դեմ պատերազմի պետք է հանվեին վրացական երկու թագավորները՝ Հերակլը և Սողոմոնը, Վրաստան ուղարկվեր ռուսական բանակային կորպուս, ինչպես նաև Ռուսաստանում ապրող հայերից և վրացիներից կազմված կամավորական ջոկատ՝ հայ հրամանատարի գլխավորությամբ։ Նրանց միանալու էին նաև Ղարաբաղի մելիքները։ Ռուսական-վրացական-հայկական միացյալ ուժերը նախ պետք է պարսիկներից ազատագրեին Երևանը, ապա երկու զորախմբերով հարձակվեին Ախալցխա-Կարս և Բայազետ-Վան ուղղություններով, դրանք գրավելուց և ուժերը միավորելուց հետո ռազմական գործողությունները շարունակեին մինչև Արևմտյան Հայաստանի լիակատար ազատագրումը։ Պատերազմի հաջող ավարտից հետո Ռուսաստանի հովանու ներքո պետք է վերականգնվեր հայկական պետականությունը և նշանավոր հայերից մեկը դառնար Հայաստանի թագավոր կամ իշխան։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվելիք հաշտության պայմանագրի հատուկ կետով հայերը համարվելու էին Ռուսական կայսրության հպատակներ, որը նրանց կապահովագրեր թուրք, վտանգից։ Ռուսաստանը և Հայաստանը, անհրաժեշտության դեպքում, հնարավոր բոլոր միջոցներով պետք է օգնեին միմյանց։ Սարաֆյանի ծրագիրը չի իրականացվել, որովհետև չէր համապատասխանում Ռուսաստանի այդ ժամանակաշրջանի արտաքին քաղաքական նպատակներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 215