Յոզեֆ Մարկվարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Մարկվարտ
Josef Markwart
Ծնվել էդեկտեմբերի 9, 1864(1864-12-09)[1][2]
Գերմանիա
Մահացել էփետրվարի 4, 1930(1930-02-04)[1][2] (65 տարեկան)
Բեռլին, Վայմարյան Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունպատմաբան և արևելագետ
Գործունեության ոլորտպատմություն[3] և արևելագիտություն[3]
Ալմա մատերԹյուբինգենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][4]
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Josef Markwart Վիքիպահեստում

Յոզեֆ Մարկվարտ (գերմ.՝ Josef Markwart, դեկտեմբերի 9, 1864(1864-12-09)[1][2], Գերմանիա - փետրվարի 4, 1930(1930-02-04)[1][2], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն), գերմանացի արևելագետ, հայագետ, բանասեր, լեզվաբան, աշխարհագրագետ։

Սովորել է Թյուբինգենի համալսարանում։ 1894 - 1900 թթ.-ին եղել է նույն համալսարանի պրիվատ դոցենտ, 1900 - 1911 թթ.-ին՝ Լեյդենի (Հոլանդիա) Նիդերլանդական ազգագրական թանգարանի ավանդապահ, դասախոս, 1912 թ.-ից՝ Բեռլինի համալսարանի դասախոս, որտեղ 1920 թ.-ին հիմնել է իրանական և հայկական բանասիրության ամբիոն և վարել մինչև կյանքի վերջը։

Դոկտորի աստիճան է ստացել 1893 թ.-ին՝ հույն պատմիչ Կտեսիասի (մ.թ.ա. V - IV դդ.) կորած երկի մասին գրած աշխատության համար։ Համընդհանուր ճանաչման է արժանացել իրանագիտության, կովկասագիտության, հայագիտության բնագավառներում կատարած հետազոտությունների համար։ Մարկվարտն օգտագործել է բազմաթիվ ու բազմալեզու աղբյուրներ, ուսումնասիրություններում քննել է հայերի, արաբների, հույների, պարսիկների, թուրքերի, մոնղոլների, ռուսների, հրեաների, աղվանների, վրացիների, ղփչաղների, աֆրիկյան երկրների (Նիգերիա, Սուդան, Մալի, Գվինեա, Գանա, Եթովպիա, Եգիպտոս) և այլ ժողովուրդների պատմության տարբեր խնդիրներ։ Նրա «Երանշահրն ըստ կեղծ Մովսես Խորենացու Աշխարհացույցի» (գերմ., 1901 թ.) երկը (որը շարադրված է Անանիա Շիրակացուն վերագրվող «Աշխարհացոյց»-ի և այլ աղբյուրների հիման վրա) ճանաչված է Իրանի ու Կենտրոնական Ասիայի պատմական աշխարհագրության բնագավառում կատարված ներդրումներից ամենանշանավորը։ Երևանի Շենգավիթ համայնքում կա փողոց Մարկվարտի անունով։

Մարկվարտի հայագիտական ավանդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայագիտության համար կարևոր են հայկական աղբյուրներում կատարված բնագրական ճշգրտումները։ Մարկվարտի զուտ հայագիտական ուսումնասիրությունների շարքն սկսվում է Մեսրոպ Մաշտոցին նվիրված հետազոտությամբ (գերմաներեն, 1917 թ.), որը 1902 թ.-ին կարդացել է Արևելագետների միջազգային կոնգրեսում (Համբուրգ), իսկ 1905 թ.-ին՝ արժանացել Լազարյան ճեմարանի մրցանակին։ Մյուս հետազոտությունների նյութերն են՝ Հարավային Հայաստանն ու Տիգրիսի ակունքներն ըստ հույն և արաբ աշխարհագիրների, Արտաքսատա - Արմաստիկա երթուղին, հայերի բնօրրանը, հայոց Արշակունիները, Բագրատունիները, ինչպես և Մովսես Խորենացուն, Փավստոս Բուզանդին, Մովսես Կաղանկատվացուն և այլոց վերաբերող հարցեր։

Մարկվարտն ունի նաև բազմաթիվ անտիպ երկեր (պահվում են Հռոմի «Pontificio instituto Biblico» գրադարանում), որոնք վերաբերում են հայերի ծագմանը («Հայերը և փռյուգիացիները»), հայկական հին գաղթավայրերին («Հայերը որպես գաղթաբնակներ հին դարերում և վաղ միջնադարում»), առանձին թագավորություններին («Հայոց մասնակի թագավորությունների ժամանակագրությունը»), Արշակունյաց թագավորության հիմնադրմանը («Սեբեոսի նախնական պատմությունը»), Անանուն զրուցագրին (կեղծ Շապուհ Բագրատունի), Կորյունին («Վարք Մաշտոցի»), Փավստոս Բուզանդին, Մանազկերտի 726 թ.-ի ժողովին, մազքութներին և այլ հարցերի լուսաբանմանը։

Մարկվարտը և Հայկական հարցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկվարտը հայ ժողովրդի մեծ բարեկամն էր։ Պարբերաբար հանդես է եկել հայոց դատի պաշտպանությամբ, պայքարել հայոց պատմության չարամիտ աղավաղումների դեմ։ Նշավակել է աբդուլհամիդյան հայաջինջ քաղաքականությունը («Կոմանների ցեղի մասին», գերմ., 1914 թ.), քննադատել և համաշխարհային հասարակական դատին ներկայացրել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի վարած քաղաքականությունը։ Հինավուրց մշակույթի տեր հայ ժողովրդի նկատմամբ հարգանքն ու բարյացակամությունն ընդգծելու համար Մարկվարտը հայերեն է թարգմանել իր անուն-ազգանունը և երբեմն ստորագրել «Հովսեփ Բդեշխյան»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Յոզեֆ Մարկվարտ հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 325
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Մարկվարտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Մարկվարտ» հոդվածին։