Նահապետ Ապտալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նահապետ Ապտալյան
Ծնվել է1844
ԾննդավայրԿյու­րի­ն, Օսմանյան կայսրություն
Մահացել է1895
Մահվան վայրԿյու­րի­ն, Օսմանյան կայսրություն
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Դավանանքքրիստոնեություն
ԿրթությունՆյու Յոր­քի բժշկա­կան քո­լե­ջ
Մասնագիտությունբժիշկ

Նահապետ Ապտալյան (1844, Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա - 1895, Կյու­րի­ն), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1844 թվականին Սե­բաս­տի­ա­յի նահանգի Սեբաստիայի գավառի Կյու­րի­նի գավառակի կենտրոն Կյուրին քաղաքում։ Սովորել է ամերիկացի միսիոներների Մարզ­վա­նի Անա­տո­լիա քո­լե­ջում, որի ուսանողները, բացի մի քանի հույնից, հայեր էին։ Բարձր առաջադիմությամբ աչքի ընկնելով՝ շահել է քոլեջի ամերիկացի տնօրենի համակրանքը և նրա հոգածությամբ մեկնել ԱՄՆԿոնեկտիկուտ նահանգի Հարթ­ֆորդ քաղաքի աստվածաբանական դպրոցում ուսանելու, որը ևս ավարտել է բարձր առաջադիմությամբ։ 1877 թվականին Հարթֆորդում քարոզիչ է ձեռնադրվել և ամերիկյան քաղաքացիություն ստացել։ Այս տարիներին սովորել է Նյու Յոր­քի բժշկական քոլեջում և հմտացել վիրաբուժության ճյուղի մեջ։ 1879 թվականին ավարտելով բժշկական կրթությունը՝ վերադարձել է Թուրքիա։ 1882 թվականին Բրու­սա­յի նա­հան­գի Նի­կո­մի­դի­այ­ի գավառակի կենտրոն Նիկոմիդիա (Իզմիթ) քաղաքում ամուսնացել է օրիորդ Հայկանուշ Բեյազյանի հետ, այնուհետև կրկին մեկնել ԱՄՆ և իր մոտ հրավիրել կնոջը։ 1884 թվականին Կյու­րին քաղաքի կառավարչության մասնավոր հրավերով վերադարձել է Թուրքիա և հաստատվել իր ծննդավայրում։ 1884-1895 թվականներին Ամերիկյան Պորտի միսիոներ և կառավարական բժիշկ է աշխատել Կյուրինում։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին մի օր թուրքերը հարձակվել են Կյուրինի հայկական տների, այդ թվում՝ իրենց լավ ծանոթ բժիշկ Նահապետ Ապտալյանի տան վրա։ Բժշկի կինը զավակների հետ փախել ու ապաստանել է հայոց եկեղեցում։ Բժշկին նախօրոք, վիրաբուժական գործողություն կատարելու պատրվակով, հրավիրել են կառավարչատուն, որտեղ նրա մտերիմ թուրք ժանդարմն սպանել է նրան թունավոր գնդակով՝ 51 տարեկանում։ Այդ ահավոր օրերից հետո տիկին Հայկանուշը մեկնելով Կոստանդնուպոլիս՝ ԱՄՆ-ի հյուպատոսի միջոցով բողոք է հղել Թուրքիայի կառավարությանը՝ ԱՄՆ քաղաքացի ամուսնու սպանության համար և հաջողացրել հատուցում ստանալ։ Հետագայում տիկին Հայկանուշ Ապտալյանը զավակների հետ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նրա դուստրը՝ Զապել Ապտալյանը ստացել է բժշկական կրթություն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմագիրք Կիւրինի, պատասխանատու խմբագիր՝ Պետրոս Մինասեան, Պէյրութ, 1974, 823 էջ։