Պատճառ (ժանր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատճառ, մեկնողական գրականության ժանր։ Պատճառի նպատակը արևելաքրիստոնեական մատենագրության մեջ առավել կարևոր տեղ զբաղեցնող աստվածաբանական երկերի հորինման շարժառիթների, ժամանակի, հեղինակային պատկանելության և այլ հարակից հանգամանքների վերլուծությունն ու պարզաբանումն է։ Պատճառը երկի ստեղծման գրական պատմությունն է, նրա աստվածաբանական արժեքավորումը։ Ունենալով մատենախոսական հարուստ բովանդակություն՝ Պատճառները ներառվել են հայ միջնադարյան բարձրագույն դպրոցների և վարդապետարանների ուսումնական ծրագրերի մեջ։ Դրանք եղել են բարոյական աստվածաբանության ձեռնարկներ, որտեղ տեսականորեն ամբողջացված է դասական համարում ունեցող հայրախոսական ժառանգությունը։ Պատճառի հորինման գործում հատկապես մեծ է Դավիթ Քոբայրեցու վաստակը։ Նրա գրչին են պատկանում Փիլոն Ալեքսանդրացու (Եբրայեցի), Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Գրիգոր Նյուսացու երկերի, ինչպես նաև՝ Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան», «Ի Սուրբ Խաչն աստուածընկալ»-ի Պատճառները։ Իր տեսակի մեջ բացառիկ է 13-րդ դարի հեղինակ Գրիգոր Աբասյանի կազմած «Գիրք պատճառացը», որտեղ ի մի են բերված մինչ այդ հրապարակի վրա եղած Պատճառները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: