Պըլը Պուղին ծնվել է Արցախի Ավետարանոց գյուղում։ Ըստ Մակար վարդապետ Բարխուդարյանցի՝ եղել է Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարի զվարճախոս-կատակաբանը։ Պըլը Պուղին հորինել է զվարճալի զրույցներ ու առակներ, որոնք, ժողովրդի մեջ տարածվելով, վերափոխվել, լրացվել են և նրա անունով բանավոր հասել մինչև մեր օրերը։ Առաջինը Մակար Բարխուդարյանցն է Ղարաբաղի ծերունիներից գրի առել Պըլը Պուղու 189 զվարճախոսություն ու առակ և 1883 թվականին տպագրել Թիֆլիսում՝ «Պըլը- Պուղի» խորագրով։ Հետագայում նոր գրառումներ են հրատարակել այլ բանահավաքներ (Ս․ Իսրայելյան, Մ․ Գրիգորյան-Սպանդարյան)։ Տպագրվել են նաև Պըլը Պուղու նյութերի վերապատումներ, թարգմանություններ ու գրական մշակումներ[2]։ Նրա զվարճախոսություններն ու առակները ժամանցի, ծիծաղի ու զավեշտի հետ միասին ունեն խրատական, բարոյախոսական առողջ միտում, մերկացնում են ժամանակի կյանքի ու կենցաղի, սոցիալական հարաբերությունների արատավոր կողմերը։
Բանահյուսությանը համաձայն՝ Պըլը Պուղիի աճյունը գտնվում է Շոշ և Մխիթարաշեն գյուղերի արանքում տեղակայված քարանձավում, և այդտեղ էլ, 1976 թվականին կառուցվեց Վարանդայի Մելիք Շահնազարի պալատական ծաղրածուի՝ Պըլը Պուղու հուշաքարը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 288)։