Պիղատոս Պոնտացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիղատոս Պոնտացի
լատին․՝ Pontius Pilatus
Դիմանկար
Ծնվել էենթդ․ դեկտեմբեր մ. թ. ա. 12[1]
ԾննդավայրԱբրուցցո, Հռոմեական կայսրություն
Մահացել էոչ վաղ քան 38
Մահվան վայրանհայտ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պաշտոնյա
ԱմուսինPontius Pilate's wife?
Զբաղեցրած պաշտոններռոմանական կառավարիչ
 Pontius Pilate Վիքիպահեստում

Պոնտիոս Պիղատոս (լատ.՝ Pontius Pilatus, հուն.՝ Πόντιος Πιλᾶτος), հռոմեական կառավարիչ Հուդա նահանգում մ․ թ․ 26-36 թվականներին։ Առաջին անունը՝ Պոնտիոս, գրաբարյան Աստվածաշնչի թարգմանության մեջ երկու տեղ (Մտթ. ԻԷ 2, Ղուկ. Գ 1) սխալմամբ թարգմանվել է Պոնտացի, իսկ մի տեղ (Գործք Դ 27)՝ ճիշտ տարբերակով՝ Պոնտիոս Պիղատոս, սակայն հայերենում առավելապես տարածվել է սխալ՝ Պիղատոս Պոնտացի տարբերակը (Պիղատոսը պոնտացի չէր)[1]։ Ըստ անտիկ հեղինակների՝ վարել է հարկային դաժան քաղաքականություն, անարգել հրեաների կրոնական հավատալիքներն ու սովորույթները, անխնա ճնշել ժողովրդական ապստամբությունները։ Համաձայն Հովսեպոս Փլավիոսի և նորկտակարանային ավանդության՝ Պոնտիոս Պիղատոսը, հակառակ իր ներքին համոզմունքի, Հիսուս Քրիստոսին դատապարտել է խաչելության։ Արյունահեղության մեջ անմեղությունը խորհրդանշող հին հրեական սովորույթի համաձայն՝ Պիղատոսը ժողովրդի առջև ձեռքերը ջրով լվացել է (այստեղից էլ՝ «ձեռքերը լվանալ» հայտնի արտահայտությունը)։ Արյունոտ հաշվեհարդարի ենթարկված սամարացիների բողոքով 36 թվականին հեռացվել է պաշտոնից և ուղարկվել Հռոմ՝ պատասխանատվության։ Նրա հետագա ճակատագիրը ստույգ հայտնի չէ (համաձայն Եվսեբիոս Կեսարացու՝ ինքնասպան է եղել, ըստ այլ հաղորդումների՝ նրան մահապատժի է ենթարկել Ներոն կայսրը)։ Պիղատոսի հանդեպ քրիստոնեության սկզբնական թշնամանքն աստիճանաբար անցել է, և «զղջացող» ու «քրիստոնեություն ընդունող» Պիղատոսը մտել է մի շարք նորկտակարանային պարականոններում, կնոջ հետ միասին նույնիսկ սրբացվել Ղպտական եկեղեցում։ Պիղատոսի կերպարն արտացոլվել է գեղարվեստական գրականության մեջ (Մ. Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան», Ա. Ֆրանսի «Հուդայի կառավարիչը») և կերպարվեստում (Ռեմբրանդտի «Քրիստոսը Պիղատոսի առջև» և այլն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիղատոս Պոնտացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 296