Պորտալ:Տիգրան Մեծ/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ (հին հունարեն՝ Τιγράνης ὁ Μέγας, մ․թ․ա․ մոտ 140, Արտաշատ, Այրարատ, Արտաշեսյանների թագավորությունմ․թ․ա․ 55, Տիգրանակերտ, Աղձնիք, Մեծ Հայք), Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից, ով կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։ Մ.թ.ա. 115 թվականին անժառանգ Արտավազդ Ա-ն, ով կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր արկածախնդիր ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Օրեցօր բարգավաճող Հայոց թագավորության զարթոնքն արգելակելու նպատակով երբեմնի հակառակորդները դաշինք են կնքում և արյունարբու պատերազմներից հետո՝ մ․թ․ա․ 66 թվականին, պաշարում հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կնքված Արտաշատի պայմանագրով Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճյալ հողեր։