Ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիա
Դիֆրակցիոն երկրաչափություն

Ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիա, ռենտգենյան ճառագայթների ցրումը նյութի էլեկտրոնների հետ փոխազդելիս, առանց ալիքի երկարության փոփոխության ցրված երկրորդային ալիքների ինտերֆերենցիայի արդյունք։ Ցրումը կարող է հանգեցնել նաև ալիքի երկարության փոփոխության։ Ցրված ճառագայթների ուղղությունը և ինտենսիվությունը կախված են ցրող նյութի ներքին կառուցվածքից (էլեկտրոնների բաշխումից)։ Ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիան (որպես դրանց ալիքային բնույթի ապացույց) փորձով դիտելու համար բյուրեղի տարածական ցանցն օգտագործելու գաղափարը տեսականորեն մշակել է Լաուեն (1912)։ Բյուրեղում ցրող կենտրոնների (ատոմներ, իոններ) հեռավորությունը ռենտգենյան ճառագայթների ալիքի երկարության կարգի մեծություն է (), ուստի, ռենտգենյան ճառագայթների համար բյուրեղը բնական եռաչափ դիֆրակցիոն ցանց է։ Դիֆրակցիոն մաքսիմումների ուղղությունները որոշվում են Լաուեի պայմաններով՝

,

ուր -ն բյուրեղային ցանցի պարբերություններն են երեք առանցքների ուղղությամբ, -ն ընկնող, իսկ -ն՝ ցրված ճառագայթների կազմած անկյուններն են բյուրեղի առանցքների հետ, -ն ալիքի երկարությունն է, իսկ -ը ամբողջ թվեր են։ Ու․ Բրեգը և Յու․ Վուլֆը բյուրեղի տարածական ցանցից ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիան մեկնաբանեցին որպես ատոմային հարթությունների համակարգերից ռենտգենյան ճառագայթների ընտրողական (սելեկտիվ) անդրադարձում։ Անշարժ միաբյուրեղներից ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիա ստացվում է ճառագայթների բազմերանգ փնջի, իսկ բազմաբյուրեղներից՝ մեներանգ փնջի դեպքում։ Ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիայի երևույթն ընկած է ռենտգենակառուցվածքային վերլուծության և ռենտգենյան սպեկտրոսկոպիայի հիմքում։ Ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիա դիտվում է նաև, երբ ճառագայթները ցրվում են ամորֆ մարմիններից, հեղուկներից կամ գազերից։ Այս դեպքում ինտենսիվության փոփոխության կախումը ցրման անկյունից արտահայտվում է նմուշի միջով անցնող ճառագայթների փնջի շուրջն առաջացած մեկ կամ մի քանի լայն օղակներով (հալո), որոնց դիրքը կախված է նյութի մոլեկուլների միջին հեռավորությունից կամ մոլեկուլի ատոմների հեռավորություններից։ Ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիա ստացվում է նաև օպտիկական դիֆրակցիոն ցանցով, եթե ճառագայթների սահքի անկյունը ցանցի նկատմամբ փոքր է լրիվ անդրադարձման անկյունից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Боровский И․ Б․, Физические основы рентгеноспектральных исследований, 1956․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 420