Jump to content

Սաբահեդդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սաբահեդդին (1877-1948), թուրք հասարակական-քաղաքական գործիչ։ Երիտթուրքերի շարժման հիմնադիրներից և ղեկավարներից։ Սուլթան Աբդուլ Համիդ ll-ի զարմիկը։ Հայրը, որը ծագումով քրիստոնյա էր, «զուլումի» տարիներին փախել է Ֆրանսիա։ Սաբահեդդինը դարձել է այդտեղ գործող երիտթուրքերի ղեկավարը։ Անգլիասեր էր. հույս ուներ Մեծ Բրիտանիայի օգնությամբ Օսմանյան կայսրությունում իրագործել սոցիալական հեղափոխություն։ Օսմանյան կայսրության հետամնացության պատճառ է համարել պետական սեփականության տիրապետությունը և պայքարել է մասնավոր սեփականությունը տարածելու համար։ Ազգային հարցում՝ լայն ինքնուրույնություն շնորհելու կողմնակից, ընդհուպ մինչև ազգային ծայրամասերին ինքնավարություն տալը և իրավահավասար պետական կազմավորումների կոնֆեդերացիայի ստեղծումը։ Սերտ կապեր է ունեցել հայ քաղաքական շրջանակների հետ։ Սաբահեդդին ի ջանքերով հնարավոր է դարձել երիտթուրքերի ժամանակավոր դաշինքը ոչ թուրք, ժողովուրդների հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ։ Երիտթուրքերի շարժման պառակտումից հետո նրա անդամների մեծ մասը համախմբվել է Սաբահեդդին ի շուրջ և ստեղծել «Մասնավոր նախաձեռնության և ապակենտրոնացման ընկերությունը»։ Սաբահեդդինը պաշտպանել է օտարերկրյա միջամտության անհրաժեշտության գաղափարը։ Անգլիացիների օգնությամբ փորձել է դավադրություն կազմակերպել Աբդուլ Համիդ ll-ի դեմ, սակայն մատնվել է անհաջողության։ 1908 թվականի հեղաշրջման հետևանքով, երբ իշխանությունը զավթել են երիտթուրքերի ազգայնական թևի ներկայացուցիչները, Սաբահեդդինը փախել է Եվրոպա։ 1918 թվականի վերջին փորձել է վերադառնալ քաղաքական ասպարեզ, սակայն, հաջողություն չունենալով, հաստատվել է Շվեյցարիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։