Սուրբ երրորդություն եկեղեցի (Թելավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ երրորդություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԿախեթի մարզ և Թելավ
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ երրորդություն եկեղեցի, հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Թելավ քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու կառուցման մասին պատմող արձանագրություններ չեն պահպանվել, սակայն «Մեղու Հայաստանի» հայկական քաղաքական, բանասիրական և առևտրային շաբաթաթերթի 1862, № 35, էջ 3-ում կա հետևյալ գրառումը՝ «...պ. Ղաղոյ Թադոսեանց տեսեալ, թէ բազմաթիւ բնակիչք վերին թաղի չունելով եկեղեցի յամենայն դէպս դիմեն ի հեռաւոր եկեղեցիս քաղաքին... ընտրեաց նախ զյարմարաւոր տեղի շինութեան նոր եկեղեցւոյ իւր սեպհական ծախիւք ի նոր գերեզմանատան քաղաքիս մերձ իւր շինած աղբերն, պատրաստեաց ամենայն հարկաւոր նիւթերը շինութեան, ի ձեռս բերեալ զձևակերպութիւն նոր եկեղեցւոյ, ետ փորել զհիմն նորա և ի 30 յունիսի արժանապատիւ գործակատարն տեղւոյս Խաչատուր աւագ քահանայն Սուքիասեանց հանդերձ ուխտիւք եկեղեցւոյ ընդ այլ միաբան քահանայից մեծաւ և փառաւոր հանդիսիւ օրհնեաց զհիմն եկեղեցւոյն, և ըստ աւուր պատշաճին խօսեցաւ... Ապա ի հիմունս նորաշէն եկեղեցւոյս եդաւ կապարեայ տախտակ այսու արձանագրութեամբ՝ Ի ժամանակս կայսերութեան Ռուսաց Աղեքսանդրի Բ եւ ի հայրապետութեան Ամենայն Հայոց Տ.Տ. Մատթեոսի Ա եղեւ հիմնարկութիւն շինութեան սուրբ Երրորդութեան տաճարիս ի ձեռն Թէլավու քաղաքացի Ղաղօյի Եսայեան Թադոսեանց վասն փրկութեան հոգւոյն եւ արեւշատութեան որդւոց իւրոց ի 1862 ամի եւ Ազգային ՌՅԺԱ։

Շինութիւնն օր ըստ օրէ առաջ է գնում և մեծ յոյս ունիմք փութով տեսանել աւարտումն շինութեան այս նորաշէն տաճարին...»[1]։

1888 թվականին մահացել է Թելավի հայոց դպրոցների հոգաբարձու և առևտրական տան հիմնադիր Բաղդասար Բաղդոյանը, որի հիշատակին եկեղեցու նորոգման համար փոխանցվել է 50 ռուբլի[2]։

1923 թվականին եկեղեցին փակվել է[3]։

Եկեղեցու շուրջ գտնվում է հայոց գերեզմանոցը, որտեղ կան 1830-ական թվականների արձանագիր տապանագրեր։ Գերեզմանոցում ավելի շատ կան վրացագիր տապանաքարեր։

Վավերագրերում Սուրբ Երրորդություն եկեղեցին հիշվում է նաև որպես գերեզմանատան եկեղեցի։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին երկթեք ծածկով միանավ շենք է, տանիքը թաղակապ է, այն ներքուստ պահում են չորս որմնասյուների վրա հենված թաղակիր կամարներ։ Արևելյան մասում գտնվում է կիսաշրջանաձև եզրագծով խորանը որի երկու կողմերում կան մեկական ավանդատներ։ Եկեղեցին ունի երեք մուտք՝ բացված արևմուտքից, հյուսիսից և հարավից։ Ներքուստ հյուսիսային պատի մեջ՝ իր ավանդական տեղում գտնվում է մկրտարանի ավազանը։ Արևմտյան ճակտոնի գագաթին սրածայր վեղարով ավարտվող փոքրիկ զանգակատունն է։ Արտաքուստ որմերը զարդարված են որմնակամարաշարով։ Եկեղեցին կառուցված է աղյուսով, գետաքարով ու կրաշաղախով։ Արտաքին չափերն են՝ 14,05 x 8,85 մ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]