Սցիֆոիդ մեդուզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սցիֆոիդ մեդուզաները հանդիպում են ծովերում, հատկապես ջրի մակերեսային շերտերում, և վարում են շարժուն, ակտիվ կենսակերպ։

Մեդուզաների մարմինը հովանոցաձև է, չափսերը կարող են հասնել 30-200 սմ։ Հովանոցի եզրերին դասավորված են բազմաթիվ կարճ շոշափուկներ, իսկ մարմնի ներքին մասի կենտրոնում գտնվում է բերանային անցքը։ Նրանց խայթող բջիջները պարունակում են թունավոր նյութ։ Խայթը ցավոտ է նաև մարդու համար։

Բացի այդ, մեդուզայի մարմինը թափանցիկ է, որովհետև արտաքին և ներքին շերտի արանքում գտնվում է ապակենման, դոնդողանման զանգված։ Մարմնի թափանցիկության շնորհիվ մեդուզաները ջրում աննկատ են, ինչն օգնում է պաշտպանվել թշնամիներից։ Նրանց մարմինը պարունակում է մինչև 98% ջուր, քիչ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ։

Սև ծովում պետք է զգուշանալ արմատաբերան մեդուզայից, որի կիսաթափանցիկ սպիտակավուն հովանոցը հասնում է ֆուտբոլի գնդակի մեծության և ունի վառ մանուշակագույն կամ կապույտ եզրեր։ Ծովային կենսակերպ վարող մեդուզաները բազմազան են։

Մեդուզաների նյարդային համակարգն ավելի լավ է զարգացած, քան կերայինը, որը պայմանավորված է ակտիվ ապրելակերպով։ Նրանց նյարդային համակարգը նույնպես ցանցանման է, սակայն կան նաև նյարդային բջիջների կուտակումներ, որոնք նման են ավելի բարձր կազմավորում ունեցող անողնաշավորների նյարդային հանգույցներին։ Մեդուզաներն ունեն քիմիական զգացողության, հավասարակշռության օրգաններ, լուսազգայուն աչիկներ և օժտված են մի հատկությամբ, որով նրանք ընկալում են ջրի տատանումներից առաջացած ձայները։ Այդ հատկության շնորհիվ գիտնականներին հաջողվել է ստեղծել հատուկ սարք՝ «մեդուզայի ականջ», որը 15 ժամ առաջ կարող է որոշել փոթորիկի ալեկոծության մոտենալը։

Մեդուզայի զարգացման փուլերը * 1-3 Թրթուրի փնտրում է նստելու տեղ * 4-8 Պոլիպը աճում է * 9-11 Պոլիպը ստրոբիլանում է * 12-14 Մեդուզան աճում է

Շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդուզաները տեղաշարժվում են հրթիռանման շարժումներով։ Ջուրը դուրս են մղում հովանոցի գոգավորությունից և շարժվում հակառակ ուղղությամբ (ուռուցիկ կողմով դեպի առաջ)։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդուզաները բաժանասեռ են։ Նրանց սեռական բջիջներն առաջանում են էնտոդերմում և ապա բերանային անցքով թափվում ջրի մեջ, որտեղ տեղի է ունենում բեղմնավորում, բեղմնավորված ձվից զարգանում է թարթիչավոր թրթուրը։ Այն նստում է ջրի հատակի առարկաներին, առաջացնում է պոլիպ, որից էլ՝ նոր մեդուզա։