Վանչե Շիկովն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Կավադարցի քաղաքի «Տիկվեշ» թիմում։ 2002 թվականին տեղափոխվել է «Քսանտի» ակումբ, որտեղ անցկացրել է 55 խաղ և խփել երկու գոլ։ 2006 թվականին տեղափոխվել է Պիրեյոսի«Օլիմպիակոս», բայց նրա կազմում ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել՝ վարձավճարով հանդես գալով «Կերկիրա» (13 խաղ, չերս գոլ, որ խփել է 2007 թվականի փետրվարի 4-ին և ապրիլի 29-ին) և Կալամարիայի «Ապոլլոնում»։ Երեք տարի անցկացնելով Ախնայի «Էթնիկոսում»՝ Վանչե Շիկովը 2011 թվականի ամռանը տեղափոխվել է ուկրաինական «Վոլին», որտեղ եղել է թիմի ավագ։ Ակումբից հեռացել է 2014 թվականի հունիսին որպես ազատ գործակալ։ 2014 թվականի հունիսի վերջին երկամյա պայմանագիր է կնքել ավստրիական «Աուստրիա» (Վիեննա) ակումբի հետ[4], որտեղ վերցրել է 4 համարը։
Հետագայում Վանչե Շիկովը հանդես է եկել ադրբեջանական «Նեֆթչի», մակեդոնական «Ռաբոտնիչկի», ղազախական «Տոբոլ» (ակումբից հեռացել է 2018 թվականի հուլիսին որպես ազատ գործակալ), ապա մակեդոնական «Ակադեմիա Պանդևա» ակումբներում։
Մակեդոնիայի հավաքականի կազմում Վանչե Շիկովն անցկացրել է 27 խաղ և խփել երեք գոլ։ Առաջին գոլը խփել է Ռումինիայի հավաքականի դեմ խաղում 2010 թվականի հունիսի 2-ին (հաղթանակ 1:0 հաշվով), երկրորդը՝ Անդորրայի հավաքականի դեմ խաղում 2010 թվականի հոկտեմբերի 8-ին (հաղթանակ 2:0 հաշվով)։