Վիլանովի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլանովի պալատ
Տեսակpalace complex?
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունՎիլյանուվ
Հասցեul. Stanisława Kostki Potockiego 1002-958
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Կազմված էQ117811573?
Մասն էՎիլանովի պալատի թանգարան և Q117314497?
ՍեփականատերՅան Սոբեսկի
Հիմնադրված է1677
ՀիմնադիրՅան Սոբեսկի
ՃարտարապետAugustyn Wincenty Locci?
ՊատվիրողՅան Սոբեսկի
Ժառանգության կարգավիճակHistorical monument of Poland?, անշարժ հուշարձան և Gminna ewidencja zabytków?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Վիլանովի պալատ ( լեհ.՝ Pałac w Wilanowie), նախկին թագավորական պալատ, որը գտնվում է Լեհաստանի Վարշավայի Վիլանով շրջանում։ Այն կառուցվել է 1677-1696 թվականներին Լեհաստանի թագավոր Յան III Սոբեսկու համար՝ ճարտարապետ Ավգուստին Վինսենթի Լոչչիի նախագծով։ Վիլանովի պալատը վերապրել է Լեհաստանի բաժանումները, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները և, հետևաբար, ծառայում է որպես երկրի բարոկկո ճարտարապետության ամենանշանավոր օրինակներից մեկը։

Վիլանովի պալատը Լեհաստանի կարևորագույն հուշարձաններից է։ Պալատի թանգարանը, որը հիմնադրվել է 1805 թվականին, երկրի թագավորական և գեղարվեստական ժառանգության շտեմարան է և տարեկան ընդունում է մոտ 3 միլիոն այցելու (2019), ինչը այն դարձնում է աշխարհի ամենաշատ այցելվող պալատներից և հուշարձաններից մեկը[1]։ Վիլանովի պալատում ու պուրակում կազմակերպվում են մշակութային միջոցառումներ և համերգներ, ներառյալ ամառային թագավորական համերգները Վարդերի այգում և Դասական երաժշտության միջազգային ամառային ակադեմիան։

Պալատը, Վարշավայի Հին քաղաքի այլ տարրերի հետ միասին, Լեհաստանի պաշտոնական ազգային պատմական հուշարձաններից մեկն է ( Pomnik historii ), որը սահմանվել է 1994 թվականի սեպտեմբերի 16-ին։ Դրա ցուցակը պահպանվում է Լեհաստանի Ազգային ժառանգության խորհրդի կողմից։ 2006 թվականից պալատը հանդիսանում է Եվրոպական թագավորական նստավայրերի միջազգային ասոցիացիայի անդամ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլանովի պալատը կառուցվել է 17-րդ դարի վերջին քառորդում թագավոր Յան III Սոբեսկիի համար, իսկ ավելի ուշ ընդլայնվել է այլ սեփականատերերի կողմից[3]։ Այն ներկայացնում է թագավորական արվարձանային նստավայրի բարոկկո ճարտարապետության բնորոշ տեսակ, որը կառուցված է պալատական շքաբակի և պարտեզի միջև (entre cour et jardin-ում)։ Նրա ճարտարապետությունը ինքնատիպ է` ընդհանուր առմամբ եվրոպական արվեստի և լեհական շինարարական ավանդույթների միաձուլմամբ[3]։ Պալատի ճակատային մասերում և պալատի ինտերիերում հնագույն խորհրդանիշներ կան, որոնք փառաբանում են Սոբեսկիների ընտանիքը, հատկապես թագավորի ռազմական հաղթանակները[4]։

1696 թվականին Յան III Սոբեսկու մահից հետո պալատը պատկանել է նրա որդիներին, իսկ ավելի ուշ` Կորչակ զինանշանի հայտնի մագնատներին` Սիենյավսկի, Չարտորիսկի, Լյուբոմիրսկի, Պոտոցկի և Բրանիցկի ընտանիքներին։

1720 թվականին գույքը գնել է լեհ պետական գործիչ Էլժբիետա Սիենյավսկան, ով ընդարձակել է պալատը[3]։ 1730 թվականից մինչև 1733 թվականներն այն եղել է Օգոստոս II Հզորի նստավայրը, որը նույնպես Լեհաստանի թագավոր էր (պալատը նրա հետ փոխանակվել է Սենատորսկ փողոցում գտնվող Կապույտ պալատի հետ), իսկ նրա մահից հետո գույքը բաժին է հասել Սիենյավսկիների դստերը` Մարիա Զոֆիա Չարտորիսկային (1699-1771)[5]։

«Ստանիսլավ Կոստկա Պոտոցկին ձիու վրա», նկարիչ` Ժակ-Լուի Դեյվիդ, 1781 թվական

Յուրաքանչյուր նոր սեփականատեր փոխել է պալատի ինտերիերը, ինչպես նաև այգիներն ու շրջակա տարածքը՝ համաձայն տվյալ ժամանակի նորաձևության և կարիքների։ 1778 թվականին կալվածքը ժառանգել է Չարտորիսկի ընտանիքի դուստր Իզաբելան` հետագայում` Լյուբոմիրսկան (1736-1816), որի անունը Կապույտ մարկիզուհի էր[5]։ Նա ինտերիերը մասամբ վերանորոգել է նեոդասական ոճով 1792-1793 թվականներին և Շիմոն Բոգումիլ Ցուգի ղեկավարությամբ կառուցել պահակատան, խոհանոցի և լոգարանի շենք[5]։

1805 թվականին սեփականատեր Ստանիսլավ Կոստկա Պոտոցկին պալատի մի մասում բացել է թանգարան՝ Լեհաստանի առաջին հանրային թանգարաններից մեկը[3]։ Հավաքածուներից ամենանշանավոր օրինակ է Պոտոցկիի ձիու վրա դիմանկարը, որի հեղինակն է ֆրանսիացի հայտնի նեոդասական նկարիչ Ժակ-Լուի Դեյվիդը, 1781 թվականին[6]։

Բացի եվրոպական և արևելյան արվեստից, պալատի կենտրոնական մասում ներկայացված է թագավոր Յան III Սոբեսկիի հիշատակը և ազգային փառավոր անցյալը։ Պալատը վնասվել է գերմանական ուժերի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[7], սակայն այն չի քանդվել 1944 թվականի Վարշավայի ապստամբությունից հետո։ Պատերազմից հետո պալատը վերանորոգվել է, իսկ Գերմանիայի կողմից գողացված հավաքածուի մեծ մասը հայրենադարձվել։ 1962 թվականին այն վերաբացվել է հանրության համար[8]։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևային ժամացույցը Քրոնոս աստծո հետ

Կառույցը նախագծել է Ավգուստին Վինսենթի Լոչչին[9]։ Պալատի ճարտարապետությունը տարբեր շինարարական ավանդույթների եզակի օրինակ է. հիշեցնում է լեհական արիստոկրատական առանձնատուն՝ կողային սայր-աշտարակներով, իտալական արվարձանային վիլլա և ֆրանսիական պալատ` շքահանդեսային բակ և պարտեզ ելքերով (entre cour et jardin)[10]:

Շինարարության առաջին փուլի ընթացքում՝ 1677-1680 թվականներին, շենքը տիպիկ լեհական կալվածք է եղել՝ չորս աշտարակներով, որոնք կցված էին մեկ հարկանի քառակուսաձև շենքին։ 1681 թվականից մինչև 1688 թվականը շենքը բարելավվել է և ավելացվել են պատկերասրահի երկու թևեր, որոնք ավարտվել են աշտարակներով։ Այս նոր տեսքը հավանաբար ոգեշնչված է Մոնտանյանայում Պալլադիոյի կառուցած Ֆրանչեսկո Պիզանիի Վիլլայից[11]։ Թագավորի մահից կարճ ժամանակ անց ավարտվել է վերակառուցման երրորդ փուլը։ 1688 թվականից մինչև 1696 թվականը կառուցվել է հիմնական շենքի վերևում գտնվող տաղավարը, և աշտարակները ծածկվել են բարոկկո ոճին հատուկ սայրով, բոլորը հիշեցնում են Հռոմի ազնվականներ Դորիա-Պամֆիլի վիլլան (հատկապես դրա սկզբնական ձևավորումը, որի հեղինակն է Ջովանի Ֆրանչեսկո Գրիմալդին)[11]։

Արքան և նրա գրադարանավար Ադամ Ադամանդի Կոչանսկին ակտիվորեն մասնակցել են պալատի նախագծմանը և կառուցմանը[12]։ Վերջինս պատասխանատու էր գաղափարական և գեղարվեստական ծրագրի համար, որտեղ մոտիվներն ու դեկորատիվ տարրերը էական դեր ունեին միապետի, նրա կնոջ և Հանրապետության փառաբանման գործում. թագավորի և թագուհու կիսանդրիները հնագույն կերպարների, աստվածների և աստվածուհիների, հռոմեական կայսրերի և հռոմեական կայրուհիների կերպարների հետ (ինչպիսիք են Դիոսկուրիոսները, Զևս-Ամոնը, Սիբիլաները, Ռոմուլոսը, Ռեա Սիլվիան, Ալեքսանդր Մակեդոնացին, Կլեոպատրան, Դիդոն և Վեսպասիանոսը և այլն), Լեհաստանի զինանշանի Արծիվը և Պոգոնիան , որոնք կերպավորում էին Ռեչ Պոսպոլիտա ռեգիոնները (Մազովիա, Վելիկոպոլսկ, Սամոգիտիա, Կարմիր Ռուտենիա, Թագավորական Պրուսիա)[Ն 1]: Դրանք ստեղծել են քանդակագործներ Անդրեաս Շլյութերը (բազմաթիվ ռելիեֆներ և ճակատի այլ երկրորդական կողմեր)[14], Ստեֆան Շվանները և ստուկկո ձևավորող Անտոնի Վիլանովցին։ Որոշ քանդակներ պատրաստվել են Ստորին երկրներում` Լուի Վիլեմսենսի և Արտուս Քվելինուս Ավագի արհեստանոցում, առաքվել Գդանսկ և այնուհետև տեղափոխվել Վարշավա[15]։

Շինուազրի ոճով տաղավար

Հարավային պատը զարդարող արևային ժամացույցը Քրոնոսի հետ միասին, հակադիր` հյուսիսային պատի վրա Ուրանոսի հորինվածքը միասին ընդգծել են գիտության և կարգուկանոնի նկատմամբ թագավորի հովանավորությունը Սերենիսիմայում իր կառավարման ընթացքում[16]։ Դրանք իրականացրել է Անտոնի Վիլանովցին՝ Յոհաննես Հևելիուսի ( աստղագիտական), Ադամ Ադամանդի Կոչանսկու ( մաթեմատիկական) և Ավգուստին Լոչչիի ( գեղարվեստական) նախագծերով[17][18]։

Թագավորի նախաձեռնությամբ բակը շրջապատող կողային թևերը կառուցվել են նրա մահից շատ անց Էլժբիետա Սիենյավսկայի կողմից։ Դրանք կառուցվել են պալատի ընդարձակման չորրորդ փուլում 1720 - 1729 թվականներին[19]։ Հզոր Սիենյավսկան շատ մտահոգված էր Rex victoriossimus- ի (Հաղթական թագավորի) պատմական նշանակալից նստավայրի պահպանմամբ, ինչպես այն կոչվում էր[11]։ Չնայած դրան, նա պալատը վերածել է ֆրանսիական ոճի կախարդական պալատի ՝ Ջովաննի Սպացիոյի դիզայնով, երկու նոր թևերով, որոնք ներդաշնակ են 17-րդ դարի corps de logis-ի հետ։ Նա այս ձեռնարկման համար աշխատանքի է ընդունել ամենահայտնի ճարտարապետների և նկարիչների, ինչպիսիք են նախկինում հիշատակված Սպազիոն, Յոհան Զիգմունդ Դեյբելը, Յոզեֆ Ֆոնտանան, Յան Եժի Պլերշը և Ջովաննի Ռոսին։ Յան III-ի գործերը պատկերող ռելիեֆներով զարդարված օրիգինալ թագավորական պալատի նոր թևերը զարդարվել են Սիենյավսկայի ամուսնու և սկեսրայրի՝ Ադամ Միկոլայի և Միկոլայ Հիերոնիմ Սիենավսկիների մարտադաշտում ունեցած նվաճումների պատկերներով (հայտնի Սոբյեսկիի ընկերները)[20]։

Ներքին դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աշնան այլաբանություն» նկարազարդ առաստաղ (պլաֆոնդ), նկարիչ` Եժի Սիեմիգինովսկի-Էլեյտեր

Պալատի ինտերիերի ձևավորմանը մասնակցել են լեհ և օտարազգի ամենահայտնի նկարիչներ։ Այն վստահվել է նկարիչներ Մարտինո Ալտոմոնտեին (1657-1745), Յան Ռայզներին Լվովից, Միքելանջելո Պալոնիին (1637-1712), քանդակագործ Ստեֆան Շվաներին և սվաղագործներ Շիմոն Յոզեֆ Բելոտտիին, Անտոնին Վիլանովեցին և Աբրահամ Պարիսին[21]։ Նրանց վերահսկում էր պալատական պաշտոնական նկարիչ Կլոդ Կալոն (1620-1687), իսկ ավելի ուշ՝ Եժի Սիմիգինովսկի-Էլեյթերը։ Վերջինս՝ այն ժամանակվա մեծագույն լեհ նկարիչներից մեկը, զգալի ազդեցություն է ունեցել պալատի հետագա ներքին ասպեկտների վրա (շքասենյակների առաստաղի պատկերներ, որմնանկարներ)[21]։ Ներքին հարդարանքը ղեկավարել է նաև Չինաստանի մեծ երկրպագու Ադամ Կոչանսկին, ով «կենտրոնական ազգի» հետ Ռեչ Պոսպոլիտայի ավելի սերտ տնտեսական հարաբերություններին աջակցում էր։ Իր ազդեցության շնորհիվ Վիլանովը և այլ բնակավայրերը առատ են եղել շքեղ չինական ապրանքներով և չինական միջնադարյան ոճական հնարքների` շինուազրիների առկայությամբ[22][23]։

«Թութակ տանող աֆրիկացի ծառան»
Ջուզեպպե Ռոսսիի որմնանկարի մաս

17-րդ դարի պալատական գույքագրումը ներառել է ժամանակակից և հնագույն մեծագույն վարպետների աշխատանքներ, ինչպիսիք են Ռեմբրանդ[Ն 2], Պիտեր վան Լաեր, որի մականունը Բամբոչիո էր ( «Ճամփորդներ» ), Էնթոնի վան Դեյք ( «Քրիստոսը Գեթսեմանի այգում» ), Ֆերդինանդ վան Կեսսել (մարտական տեսարաններ, այլաբանական նկարներ և նատյուրմորտներ), Ռաֆայել, Կարաչի եղբայրներ, Գվիդո Ռենի և Բեռնարդո Ստրոցցի[24]։ Սենյակները լցված էին թանկարժեք կահավորանքով, ինչպես արծաթյա շիրմա, արծաթե բուրգ՝ 11 զամբյուղներով, եռահարկ արծաթյա շատրվան կամ մետաքսե ամպհովանի (բալդաչին), որը նվիրել էր Պարսկաստանի շահը[24]։ Հետագայում, դրանք ցրվել են հաջորդող սեփականատերերի կողմից, յուրացրել են Ֆրիդրիխ Օգոստոսը Սաքսոնացին և տեղափոխվել են Դրեզդեն[25] կամ թալանվել գերմանացիների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[Ն 3]:

Իտալական պահարան բուով

18-րդ դարում պալատի ինտերիերը զարդարելու համար նշանակված նկարիչների թվում էին իտալացի որմնանկարիչ Ջուզեպպե Ռոսին, ով զարդարում էր սենյակները տեսապատրանքային (trompe-l'œil ) նկարներով և սվաղազարդիչներ Ֆրանչեսկո Ֆումոն և Պիետրո Իննոսենտե Կոմպարետին։ Հետևելով թագուհի Մարի Կազիմիրի օրինակին, ով պատվիրել էր իրեն որպես աստվածուհի նկարել պալատի պատկերազարդ առաստաղների (պլաֆոն) վրա, Էլժբիետա Սիենավսկան զարդարել է Ստորին գավիթը Ֆլորայի որմնանկարով։ Նրա նախաձեռնությամբ թագավորական պալատների պատերը պատվել են ջենովական թավշով[27]։

Երկրորդ հարկի, այսինքն՝ Մեծ ճաշասենյակի պատերը պատվել են որմնանկարներով, որոնցում պատկերված էին Ապոլոնը, Միներվան և Հերկուլեսը որպես Վիրտուսի Հերոիկայի (Հերոսական քաջություն) այլաբանություն, Վենուստաս (Գեղեցկություն) խորհրդանշող Հեբեն՝ զենքուզրահով։ Սիենյաուսկայի դուստրը՝ Մարիա Զոֆիա Չարտորիսկան, պալատը կահավորել է սպիտակ-բալի մարմարից պատրաստված նոր բուխարիներով և հայելիներով` պսակված ռոկոկո հարուստ շրջանակներով[28]։

Օգոստոս II թագավորի հետ կնքած պայմանագրով Մարիա Զոֆիան պարտավորեցրել է նրան պահպանել պալատն անփոփոխ։ Հետևաբար, նրա գործողությունները սահմանափակվել ենհարավային թևում նոր ճաշասենյակի ավարտմամբ, որը ստացել է Սպիտակ սենյակ անունը, և որոշ անավարտ ինտերիերի ձևավորումով[29]։ Պլաֆոնները և այլ նկարները կատարել են Ջուլիեն Պոյսոնը, Յոհան Սամուել Մոքը և Լորենցո Ռոսին, իսկ դեկորատիվ լաքապատված պաննոն Չինական սենյակում պատրաստել է Մարտին Շնելը[30]։

Պալատական զբոսայգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատական զբոսայգի

Պալատական զբոսայգին, գրեթե ի սկզբանե, պալատի անբաժանելի մասն է եղել։ Սկզբում այն բարոկկո ոճի իտալական պարտեզ էր՝ կիսաշրջանաձև ձևով, որը շրջապատում էր պալատի արևելյան մասը։ Իր կառուցվածքով այս երկրաչափական զբոսայգին բավական համահունչ է եղել նախկին նախշերին և պալատական կառույցների դասավորությանը։ Այն բաղկացած էր վերին այգուց, որը գտնվում էր տեռասի վրա, որի յուրաքանչյուր անկյունում լապտերների տեսքով երկու տաղավարներ կային, և ստորին այգուց։

Պալատի վերակառուցման երրորդ փուլում երկրաչափական պարտեզային պարտերները փոխարինվել են զարդանախշ ֆրանսիական ոճով (à la française) պարտերով` ոգեշնչված Անդրե Լե Նոտրի ոճով[31]։ Այդ ժամանակ զբոսայգին զարդարված էր Գդանսկից Գասպար Ռիխտերի ոսկեզօծ կապարե քանդակներով և Խենցինի քաղաքի բալագույն մարմարյա (cherry marble) փորագրված ծաղկանոթներով[32]։ 18-րդ դարի սկզբին պուրակն ընդլայնվել է, ուշ բարոկկո պարտերի զարդանախշը փոխարինվել է ռեժենական[33] մոտիվներով` լրացված Սիենյավսկայի Շռենյավա զինանշանով` այգու հյուսիսային մասում, իսկ հարավում՝ դրա մոնոգրամով[11]։

1784 թվականին Իզաբելա Լյուբոմիրսկան Վիլանովի ֆոլվարքի[Ն 4] հարևան տարածքները վերածել է անգլո-չինական պարտեզ` Շիմոն Բոգումիլ Ցուգի նախագծով։ Հարուստ բուսականությամբ, ոլորուն արահետներով և կասկադներով այս նոր պուրակը ոգեշնչվել է Ուիլյամ Չեմբերսի, Թոմաս Ուաթլիի և Ավգուստ Մոսզինսկու մտահղացումներով[34]։

Համայնապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի գլխավոր մասնաշենքի և շքահրապարակի համայնապատկեր

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նախատեսված է եղել Պոլեսիեի, Պոդոլիայի, Վոլինիայի և Սմոլենսկի, Չեռնիհիվի ընդգրկումը, որոնք պետք է հարավային պատկերասրահի ճակատը զարդարեին, որն այդպես էլ չի իրականացել[13]։
  2. Այսպես կոչված Հոլանդական սենյակում Ռեմբրանդի նկարները։ «Պորտուգալացի ռաբբի», «Բերետով հրեա աղջիկ», «Մոգերի պաշտամունքը», «Աբրահամը և Հագարը», «Ծերունու դիմանկարը»
  3. Օրինակ՝ Յան III Սոբեսկիի պահարանը, որը պատրաստված էր կրիայի պատյանից և որը նրան նվիրել էր Հռոմի պապ Ինոկենտիոս XI-ը Վիեննայի հաղթական ճակատամարտից հետո։ Այն թալանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ալֆրեդ Շելենբերգի կողմից Վարշավայի Վիլանովի պալատից։ Այն այդպես էլ չի վերադարձվել[26]։
  4. լեհ.՝ Folwark; գերմ.՝ Vorwerk; ուկրաիներեն՝ Фільварок; Filwarok; բելառուս․՝ Фальварак; Falwarak; լիտ.՝ Palivarkas

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «EGMUS 2016». Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. «European Royal Residences Members». European Royal Residences Association (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Palace». wilanow-palac.art.pl. Վերցված է 2008 թ․ փետրվարի 21-ին.
  4. Fijałkowski 1983, էջ. 31
  5. 5,0 5,1 5,2 Fijałkowski 1983, էջ. 115,119
  6. «Equestrian portrait of Stanislaw Kostka Potocki». wilanow-palac.art.pl. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. Monika Kuhnke (1997). «Apollo i dwie Muzy - szczęśliwy powrót z Pawłowska». www.nimoz.pl (լեհերեն). valuable, priceless, lost. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 21-ին.
  8. «Walka o zabytki Wilanowa». wilanow-palac.art.pl (լեհերեն). Վերցված է 2008 թ․ փետրվարի 21-ին.(չաշխատող հղում)
  9. Augustyn Wincenty Locci, the author of Wilanów Palace at the Wilanów Palace Museum retrieved 9 November 2011
  10. Fijałkowski 1983, էջեր. 17–20
  11. 11,0 11,1 11,2 11,3 Fijałkowski 1983
  12. Fijałkowski 1983, էջ. 21
  13. Fijałkowski 1983, էջեր. 45–47, 53
  14. Wiesław Gierlowski. «The Amber Study of King Frederick I». amber.com.pl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 5-ին.
  15. Fijałkowski 1983, էջ. 30,38
  16. Fijałkowski 1983, էջ. 54
  17. «Astronomia w Wilanowie». wilanow-palac.art.pl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 21-ին.
  18. Z. Mrugalski. «Historia zegarmistrzostwa - osoby polskiego zegarmistrzostwa». zegarkiclub.pl (լեհերեն). Վերցված է 2008 թ․ փետրվարի 21-ին.
  19. Fijałkowski 1983, էջ. 12,111
  20. Fijałkowski 1983, էջ. 112
  21. 21,0 21,1 Fijałkowski 1983, էջեր. 21–23
  22. Fijałkowski 1983, էջեր. 23–24
  23. «Fashion for chinoiserie at Wilanów Palace». wilanow-palac.art.pl. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  24. 24,0 24,1 Fijałkowski 1983, էջեր. 96–97
  25. Kieniewicz 1984, էջ. 149,212
  26. Monika Kuhnke (2000). «Cenny dar dla zwycięzcy spod Wiednia» (PDF).
  27. Fijałkowski 1983, էջ. 114
  28. Fijałkowski 1983, էջ. 115
  29. Fijałkowski 1983, էջ. 116
  30. Fijałkowski 1983, էջ. 117
  31. Fijałkowski 1983, էջ. 102
  32. Fijałkowski 1983, էջ. 104
  33. Larousse, Éditions. «la Régence - LAROUSSE». www.larousse.fr (ֆրանսերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 5-ին.
  34. Fijałkowski 1983, էջ. 120

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fijałkowski, Wojciech (1983), Wilanów. Rezydencja Króla Zwycięzcy (Wilanów. The residence of the Victorious King) (լեհերեն), Warsaw: Krajowa Agencja Wydawnicza.
  2. Kieniewicz, Stefan (1984), Warszawa w latach 1526-1795 (Warsaw in 1526-1795) (լեհերեն), Warsaw: Krajowa Agencja Wydawnicza, ISBN 83-01-03323-1:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլանովի պալատ» հոդվածին։