Jump to content

Փայտոջիլներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փայտոջիլներ, կիսակարծրաթևների կարգի արյունածուծ միջատներ։

Մարմինը տափակ է, երկարությունը՝ 4,9–6,4 մմ, էգերինը՝ 4,8–8,4 մմ։ Հասուն փայտոջիլների գունավորումը դարչնակարմիր է, թրթուրներինը՝ դժգույն դեղին։ Բերանային ապարատը ծծող-ծակող տիպի է։ Սուր, տհաճ հոտով արտազատուկ արտադրող գեղձերը բացվում են 3-րդ զույգ ոտքերի հետևում։

Հայտնի են 2–2,5 հզ. մակաբույծ, գիշատիչ և բուսակեր տեսակներ։

ՀՀ-ում, որպես արտաքին մակաբույծ, հանդիպում է անկողնու փայտոջիլը կամ անկողնու մլուկը։ Փայտոջիլներն ապրում են հիմնականում բնակարաններում, փայտե կահույքի մեջ, հավանոցներում, ճագարանոցներում, կրծողների բներում և այլուր։

Սնվում են գիշերը՝ միայն արյունով. յուրաքանչյուր անգամ 1 անհատը ծծում է 7 մգ արյուն, ինչը տևում է մինչև 15 րոպե։ Սնվում են 24–48 ժամը մեկ։ Առանց սնվելու կարող են ապրել մինչև 1,5 տարի։

Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ։ Էգն օրական դնում է մինչև 12, իսկ կյանքի ընթացքում՝ մինչև 500 ձու։ Բարենպաստ ջերմաստիճանի դեպքում 21–22 օրում ձվից դուրս է գալիս թրթուրը։

Փայտոջիլները մեծ վնաս են հասցնում անասնապահությանը, հատկապես՝ թռչնաբուծությանը։ Պայքարի հիմնական միջոցը անասնաշենքերի, թռչնանոցների միջատազերծումն է՝ քլորոֆոսի, կարբոֆոսի և այլ լուծույթներով։

Բնակարաններում փայտոջիլների դեմ պայքարի միջոցառումներն են բնակարանի պարբերաբար նորոգումները (անցքերը փակելը՝ միջատասպան նյութ ավելացրած սոսնձով պաստառներ փակցնելով), փայտե կահույքի վրա փայտոջիլների և դրանց ձվերի կուտակումների տեղերում եռջուր լցնելը, փոշեկուլով փափուկ կահույքի մաքրելը և այլն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, էջ 491։