Քերմանշահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Քերմանշահ
պարս.՝ کرمانشاه
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՔերմանշահ
ՇահրեստանՔերմանշահ
Մակերես97 կմ²
ԲԾՄ1350 մետր
Բնակչություն945 651 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ083
Փոստային դասիչ67146
Պաշտոնական կայքkermanshah.ir
Քերմանշահ (Իրան)##
Քերմանշահ (Իրան)

Քերմանշահ (պարս.՝ کرمانشاه, սորանի՝ کرماشان, քրդ.՝ Kirmanşah), (1979—1990 թթ. Բահտարան), քաղաք Իրանի արևմուտքում՝ Քերմանշահ օսթանում (նահանգում), վերջինիս վարչական կենտրոնը։ Հանդիսանում է նաև Քերմանշահ շահրեստանի վարչական կենտրոնը։ Գտնվում է մայրաքաղաք Թեհրանից մոտ 525 կմ հարավ-արևմուտք։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում էր 945 651 մարդ (2016)[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 946 651 մարդ, որոնք կազմում էին 286 484 տնտեսություն։ Քերմանշահը բնակչությամբ Քերմանշահ օսթանի ամենախոշոր[2] և Իրանի իններորդ ամենախոշոր քաղաքն է[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 125 439[4] 187 930[5] 560 514 624 084[3] 692 986[3] 784 602[6] 851 405[7] 946 651[8]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ըստ երևույթին հիմնադրվել է Սասանյանների գահակալության օրոք։ Ըստ առավել տարածված վարկածի` հիմնադիրը եղել է Սասանյան Վահրամ IV արքան (թագավորել է մ.թ. 388—399 թվականներին), որը երիտասարդ տարիներին եղել է Քերմանի կառավարիչը և կոչվել Քերման շահ, այստեղից էլ քաղաքի անունը[9]։ Այլ վարկածով քաղաքի հիմնադրվել է Կավադ I-ի կողմից (թագավորել է մ.թ. 488—496 և 498—531 թվականներին)[10]։

Քաղաքը գրավվել է արաբների կողմից 640 թվականին. արաբական աղբյուրներում այն հաճախ հիշատակվում է Քերմասին կամ Քերմաշին անվան տակ[9][10]։ Արաբների օրոք քաղաքը մասն է կազմել Ջիբալ կուսակալության` Դինավար քաղաքի հետ կազմելով Մահ ալ Քուֆա մարզը[11]։ Ավելի ուշ շրջանում հիշատակվում է որպես Ջիբալի չորս հիմնական քաղաքներից մեկը` Համադանի, Սպահանի և Ռեյի հետ մեկտեղ[10]։

Արաբական Աբբասյան խալիֆայության թուլացումից հետո Քերմանշահը 930-ական թվականներից անցել է Բուվայհիների ենթակայության տակ։ IX դարի երկրորդ կեսին և X դարի առաջին կեսին գտնվել է քրդական Հասանուիդների և Աննազիդների դինաստիաների իշխանության տակ։ 1045 թվականին գրավվել է սելջուկների կողմից[11]։ Սելջուկների ժամանակաշրջանում շարունակել է խաղալ կարևոր դեր` հանդիսանալով Բաղդադից Խորասան և Թավրիզից և Արդաբիլից դեպի հարավ տանող ճանապարհների խաչմերուկը[11]։

1197-1198 թվականներին քաղաքը թալանվել է Խորեզմշահերի էմիր Միանջոքի կողմից[10][11]։ 1257 թվականին դեպի Բաղդադ արշավանքի ընթացքում Հուլավուի գլխավորած մոնղոլական զորքերը գրավել և հիմնովին ավիրել են քաղաքը` կոտորելով բնակիչներին։ Քաղաքն այնպես է տուժել այդ արշավանքի արդյունքում, որ XIV դարում հիշատակվում է որպես գյուղ[11]։

Սեֆյանների և Ղաջարների տիրապետության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի դերը սկսեց կրկին մեծանալ XVI դարից, երբ շրջանը դարձավ սահմանային գոտի` Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև մղված պայքարում[11]։ Այս ժամանակաշրջանում մեծ էր տեղական քրդական ցեղերի և նրանց առաջնորդների դերը։ Սկզբնական շրջանում մեծ էր քրդական Քալհոր ցեղի ազդեցությունը, սակայն XVII դարի կեսերից առավել ազդեցիկ էր Զանգանա ցեղը, որի ներկայացուցիչները զբաղեցնում էին տեղական կառավարիչի (խանի) պաշտոնը[11]։

Սեֆյանների թուլացումից հետո 1723 թվականին քաղաքն առանց դիմադրության գրավվել է օսմանյան թուրքերի կողմից, որոնք մինչև 1724 թվականը զբաղեցրել են նաև Համադանը, Արդալանը և Լոռեսթանը։ Նադիր Քուլին` ապագա Նադիր շահը, 1729 թվականին հետ է գրավել Քերմանշահը, սակայն նրա Խորասան հեռանալուց հետո օսմանները կրկին զբաղեցրել են քաղաքը։ 1732 թվականին Նադիրը կրկին անգամ պաշարել և գրավել է քաղաքը, ինչից հետո այն շարունակել է մնալ պարսկական վերահսկողության ներքո[10][11]։

Քաղաքը շարունակել է կարևոր դեր խաղալ Ղաջարների դինաստիայի օրոք` պայմանավորված Իրաքում հաստատված օսմանների հետ հարաբերություններով։ Քաղաքի կարևորության նշան էր այն փաստը, որ Ֆաթհ Ալի շահը նշանակել է իր անդրանիկ որդուն` Մոհամմադ-Ալի Միրզային Քերմանշահի և ապա նաև Համադանը, Լոռեսթանը և Սոնքորն ընդգրկող ավելի լայն շրջանի նահանգապետ` շնորհելով պատվավոր դովլաթշահ կոչումը։ Մոհամմադ-Ալի Միրզայի Քերմանշահը դարձրել է իր նստավայրը, ամրացրել քաղաքի պարիսպները, կառուցել նոր ամրոց և կատարել մեծաթիվ այլ շինարարական աշխատանքներ[10][11]։

1821 թվականին Մոհամմադ-Ալի Միրզայի մահվանից հետո քաղաքն անկում է ապրել։ 1830 թվականի համաճարակը և 1832 թվականի ջրհեղեղները պատճառել են մեծ զոհեր և ավերածություններ։ Դրան գումարվել է քաղաքի կառավարիչների, որոնք հիմնականում Ղաջարական դինաստիայի տարբեր արքայազներ էին, ագահությունը, ինչի արդյունքում քաղաքի բնակչությունը կտրուկ պակասել է. 1849-1850 բնակելի տների քանակը գնահատվել է մոտ 5000։ Քաղաքը և շրջանը վերականգնվել են միայն XIX դարի վերջին քառորդում` առևտրական հարաբերություններ զարգացման շնորհիվ[10]։

Նորագույն շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը որոշ դեր է խաղացել 1905-1911 թվականների սահմանադրական հեղափոխության ընթացքում։ Այստեղ է գործել Մոհամմադ Ալի Շահի եղբայր Սալար ադ-Դովլան։ Վերջինս 1907 թվականին Քերմանշահի և հարակից շրջանների քրդական ջոկատների աջակցությամբ ապստամբել է իր եղբոր դեմ, սակայն Նեհավենդի մոտ պարտվել է սահմանադրականների բանակին։ Նա գահը գրավելու ևս մեկ փորձ կատարել է 1911 թվականին, սակայն Համադանի մոտ պարտվել է Եփրեմ խանի կողմից ղեկավարվող սահմանդրականների ուժերին։ Այս պարտությունից հետո նրա քրդական ջոկատները թալանի են ենթարկել քաղաքը[10][11]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը դարձել է պատերազմող կողմերի պայքարի թատերաբեմ։ 1915 թվականին Իրան ռուսական զորքերի ներխուժման պայմաններում դարձել է դիմադրության շարժման` մոհաջերինների կենտրոններից մեկը։ Այստեղ են ապաստան գտել Թեհրանից փախած խորհրդարանի շատ անդամներ և ժանդարմների զորամիավորումներ։ 1915 թվականի դեկտեմբերին այստեղ է հաստատվել Ազգային պաշտպանության կոմիտեն, որը, սակայն, ռուսական առաջխաղացման պայմաններում ստիպված է եղել շուտով տեղափոխվել Բաղդադ։ Գեներալ Բարաթովի գլխավորած ռուսական զորքերը 1916 թվականի մարտին գրավել են Քերմանշահը, սակայն օսմանյան զորքերը գարնանը կարողացել են հետ մղել ռուսներին և, անցնելով հակահարձակման, հունիսին գրավել քաղաքը։ Թուրքերը թույլ են տվել վերադառնալ մոհաջերիններին և կազմել ժամանակավոր կառավարություն։ Բրիտանական զորքերի առաջխաղացման պայմաններում թուրքերը լքել են քաղաքը 1917 թվականին[10][11]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հանդիսանում է բավական խոշոր արդյունաբերական կենտրոն։ Գործում են նավթավերամշակման, տեքստիլ արդյունաբերության, սննդի վերամշակման, շաքարի արտադրության, գորգագործության, էլեկտրական սարքերի արտադրության և այլ ձեռնարկություններ[9]։ Քաղաքն ունի միջազգային օդանավակայան[9]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում և նրա անմիջական շրջակայքում գտնվող տեսարժան վայրերից են

Թաղե Բոսթան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղե Բոսթանն իրենից ներկայացնում է իրար մոտ դասավորված ժայռաքանդակների խումբ, որտեղ պատկերված են պարսից արքայից արքաներ Շապուհ Բ-ն, Շապուհ Գ-ն, Արտաշիր Բ-ն և Խոսրով Բ Փարվեզը։ Այն գտնվում է Քերմանշահի հյուսիսարևելյան մասում, քաղաքի կենտրոնից մոտ 8 կմ հեռավորության վրա։

Ամենահին ժայռաքանդակը պատկերում է Արտաշիր Բ-ի թագադրությունը։ Այստեղ պատկերված են Արտաշիր Բ-ն և նրան նախորդող արքա Շապուհ Բ-ն, ինչպես նաև զրադաշտական աստված Միթրան։ Նրանց ոտքերի տակ է հռոմեական կայսր Հուլիանոս Ուրացողի մարմինը, որը մահացել է 363 թվականին Սասանյան Պարսկաստանի դեմ պատերազմի ժամանակ։

Երկու կամարներից փոքրում պատկերված են արքաներ Շապուհ Բ-ն և նրա որդի Շապուհ Գ-ն, ինչը հաստատվում է պահլավերեն արձանագրություններով։ Ենթադրվում է, որ այս ժայռապատկերը ստեղծվել է Շապուհ Գ-ի գահակալության սկզբում` 385 թվականին։

Մեծ կամարի ժայռապատկերի խումբը նվիրված է Խոսրով Բ Փարվեզին, որը համարվում էվերջին մեծ սասանյան արքայից արքան և իշխել է 591-628 թվականներին։ Կամարի հետնապատի վերին մասում Խոսրովն է, որի կողքին են զրադաշտական աստվածներ Ահուրա Մազդան և Անահիտը։ Ստորին մասում Խոսրովն է` իր հայտնի նժույգ Շաբդիզին հեծած։ Ե՛վ հեծյալը, և՛ նժույգը մարտական զենքուզրահով են։ Կամարի կողմնային պատերը զարդարված են Խոսրովի որսը պատկերող քանդակներով և այլ պատկերներով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. «IRAN: Kermanshah» (անգլերեն). City Populations.
  3. 3,0 3,1 3,2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. «Իրանի 2006 թ. մարդահամարի արդյունքները» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  7. «Իրանի 2011 թ. մարդահամարի արդյունքները» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Kermānshāh (անգլ.)». Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 Lambton, Ann K.S. (1978). «KIRMANSHAH». The Encyclopaedia of Islam, Volume V (Իսլամի հանրագիտարան, 5-րդ հատոր). Leiden: E.J. Brill. էջեր 167–171. ISBN 90-04-07819-3. Վերցված է 2022 թ. ապրիլի 8-ին.
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 «KERMANSHAH iv. HISTORY TO 1953». Encyclopædia Iranica (անգլ.).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերմանշահ» հոդվածին։