Ֆյոդոր III Ալեքսեևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆյոդոր III Ալեքսեևիչ
 
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր հունիսի 9, 1661(1661-06-09)[1][2][3][…]
Ծննդավայր Մոսկվա, Ռուսական թագավորություն
Վախճանի օր մայիսի 7, 1682(1682-05-07)[1][2][3][…] (20 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսական թագավորություն
Թաղված Արխանգելսկի վանական համալիր
Դինաստիա Ռոմանովներ
Քաղաքացիություն Ռուսական թագավորություն
Հայր Ալեքսեյ Միխայլովիչ
Մայր Մարիա Միլոսլավսկայա
Ամուսին Ագաֆյա Գրուշեցկայա և Մարթա Ապրաքսինա
Զավակներ Իլյա Ֆյոդորովիչ[4]

Ֆյոդոր III Ալեքսեևիչ (հունիսի 9, 1661(1661-06-09)[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական թագավորություն - մայիսի 7, 1682(1682-05-07)[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական թագավորություն), ռուսական ցար 1676 թվականից, Ռոմանովների տոհմից։

Ցար Ալեքսեյ Միխայլովիչի և Մարիա Իլինիչնայի (Միլոսլավսկիների տոհմից) որդին, Իվան V և Պետրոս I ցարերի ավագ եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ եղբոր՝ Ալեքսեյի մահից հետո գահի ժառանգորդ հռչակված Ֆյոդոր Ալեքսեևիչը շատ թույլ էր և հիվանդ, ինչպես Ալեքսեյ Միխայլովիչի և Մարիա Միլոսլավսկայայի մյուս բոլոր որդիները։ Հետազոտողները պնդում են, որ Ֆյոդորը հիվանդ էր լնդախտով։ Այս հիվանդության ախտանիշն էր ոտքերի այտուցը, որով տառապում էր ցարը[5][6]։

1669 թվականին նա մասնակցել է Ռեչ Պոսպոլիտայի արքայական ընտրություններին, սակայն չի կարողացել հաղթել[7]։

Հոր և պապի պես Ֆյոդոր Ալեքսեևիչը գահ է բարձրացել երիտասարդ տարիքում` 15 տարեկան հասակում։

Նրա ուսուցիչներից մեկը կրթված վանական Սիմեոն Պոլոցկին էր՝ Ռեչ Պոսպոլիտայից, որը նրա մեջ լեհական կողմնորոշում էր սերմանել։ Ցարը սահուն խոսում էր լեհերեն։ Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ նա գիտեր նաև լատիներեն։ Ֆյոդոր Ալեքսեևիչը հետաքրքրված էր եվրոպական քաղաքականությամբ։ Բոյարական դումայի հանդիպումների ժամանակ նրա և մյուս բոյարների համար ընթերցում էին դեսպանատան կարգադրությամբ կազմված արևմտյան մամուլի ակնարկներ[8]։ Նա սիրում էր երաժշտություն ու երգեցողություն։ Ֆյոդոր Ալեքսեևիչի և Ագաֆյա Գրուշեցկայայի հարսանիքի առթիվ Սիմեոն Պոլոցկին և նրա նոր աշակերտ, պալատական պոետ և վանական Սիլվեստր Մեդվեդևը մեծախոստում ձոներ են հորինել «ողջ ռուսական երկրի մեծ ու ուրախ տոնի» համար։

Գահակալելու առաջին ամիսներին Ֆյոդոր Ալեքսեևիչը ծանր հիվանդ էր, և պետության փաստացի ղեկավարներն էին Ա. Մատվեևը, պատրիարք Իոակիմը և Ի. Միլոսլավսկին։ Այնուամենայնիվ, 1676 թվականի կեսերին ցարը իշխանությունը վերցրել է իր ձեռքը, որից հետո Մատվեևը աքսորվել է։

Ֆյոդոր Ալեքսեևիչի կարճատև գահակալությունը նշանավորվել է որոշ կարևոր իրադարձություններով և բարեփոխումներով։ 1678 թվականին իրականացվել է ընդհանուր մարդահամար, 1679 թվականին մտցվել է ծխահարկ, որն էլ մեծացրել է հարկային բեռը։ 1682 թվականին վերացվել է բանակում հրամանատարությանը ջլատող պաշտոնակարգությունը, ինչի կապակցությամբ այրվել են գերատեսչական գրքերը։ Այսպիսով, վերջ է դրվել բոյարների և պալատականների վտանգավոր սովորույթին՝ պաշտոն զբաղեցնել ի հաշիվ իրենց նախնիների արժանիքների։ Առաջխաղացման հիմնական չափանիշներն են դարձել անձնական ունակությունները և երկարամյա ծառայությունը։ Նախնիների հիշատակը պահպանելու համար ներդրվել են ծագումնաբանական գրքեր։ Պետական կառավարումը կենտրոնացնելու համար մի շարք հարակից վարչություններ համատեղվել են մեկ անձի ղեկավարության ներքո։ Նոր զարգացում են ստացել վարձկան զորագնդերը[9]։

1676-1681 թվականներին Օսմանյան կայսրության և նրան դաշնակից Ղրիմի խանության դեմ պատերազմ է սկսվել Ուկրաինայի նավահանգիստների համար։ Ըստ Բախչիսարայի խաղաղության պայմանագրի Թուրքիան ճանաչել է Ռուսաստանի իշխանությունը Արևմտյան Ուկրաինայում և Կիևում։

Ցար Ֆյոդոր Ալեքսեևիչը Անձեռակերտ Փրկչի կերպարի առջև, 1686 թվական, Բոգդան Սալթանով, Երոֆեյ Ելին, Լուկա Սմոլյանինով

Ցարական ֆավորիտների՝ անկողնապետ Իվան Մաքսիմովիչ Յազիկովի և պալատական սեղանապետ Ալեքսեյ Տիմոֆեևիչ Լիխաչովի ազդեցության տակ պալատական կյանքը զգալիորեն փոխվել է. երիտասարդ բոյարները սկսել են սափրել իրենց մորուքները, պալատում արգելվել է հայտնվել ռուսական երկար ու լայն պատմուճանով ու թիկնոցով[10]։

Արևմտամետ ձգտումները բերեցին լեհասիրության. պալատականները սկսեցին տիրապետել լեհական սովորույթներին, կրել կունտուշ (լեհական վերնազգեստ), մազերը կտրել լեհական ոճով և սովորել լեհերեն[11]։

Լինելով կրթված անձնավորություն՝ 1681 թվականի մարտին ցար Ֆյոդոր Ալեքսեևիչը դարձել է Զայիկոնոսպասի վանքի տպագրական դպրոցի հիմնադիրներից մեկը՝ Սլավոնա-հունա-լատինական ակադեմիայի նախահայրը։

Շարունակվում էին հնադավանների նկատմամբ բռնաճնշումները, մասնավորապես, ավագերեց Ավակում Պետրովիչը, ով, ըստ լեգենդի, կանխատեսել էր թագավորի մոտալուտ մահը, այրվել է իր մտերիմների հետ։

Գահաժառանգությունն ու ցարի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարազատները Ֆյոդոր Ալեքսեևիչի մահվան մահճի մոտ, Կլավդի Լեբեդև

Իր ֆավորիտների՝ Յազիկովի և Լիխաչովի խորհրդով, ցարը 1680 թվականի հուլիսի 18-ին ամուսնացել է Սմոլենսկի ազնվական Ագաֆյա Գրուշեցկայայի հետ։ Ցարի միակ որդին՝ գահաժառանգ Իլյա Ֆյոդորովիչը, ծնվել է 1681 թվականի հուլիսի 11-ին (21) և մահացել կյանքի տասներորդ օրը։ Ագաֆյան մահացել է ծննդաբերությունից հետո երրորդ օրը՝ 1681 թվականի հուլիսի 14-ին (24)։

Երկրորդ ամուսնությունը կնքվել է 1682 թվականի փետրվարի 15-ին Պետրոս I-ի ապագա գործընկեր, ծովակալ Ֆյոդոր Մատվեևիչ Ապրաքսինի քրոջ՝ Մարթա Մատվեևնա Ապրաքսինայի հետ։ Ցարն այս ամուսնությունից, որը տևել է ընդամենը երկու ամիս, երեխաներ չի ունեցել։

Ֆյոդոր Ալեքսեևիչը մահացել է 1682 թվականի ապրիլի 27-ին (մայիսի 7)՝ 20 տարեկան հասակում, առանց գահաժառանգ նշանակելու։ Մահվան պատճառը, հավանաբար, եղել է լնդախտը[12]։ Թաղվել է Մոսկվայի Միքայել Հրեշտակապետ եկեղեցում։ Գահաժառանգության հարցը հուզումներ է առաջացրել, որը լուծվել է միաժամանակ երկու ցարերի՝ Ֆյոդորի երիտասարդ եղբայրներ Իվանի ու Պետրոսի գահակալմամբ և իրենց ավագ քրոջ՝ Սոֆյա Ալեքսեևնայի ռեգենտությամբ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եգոր Լուչիշկին (երեխա), Իվան Սոլովյով (մեծ)՝ «Раскол» ֆիլմում (2011)
  • Կոնստանտին Շելյագին՝ «Ռոմանովներ. Երկրորդ ֆիլմ»-ում (2013)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Феодор Алексеевич». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Богданов А. П. В тени Великого Петра. — М., 1998.
  • Богданов А. П. Фёдор Алексеевич // Романовы. Исторические портреты: Книга первая. Михаил Фёдорович — Петр III / Сост. А. Н. Сахаров. —М.: АРМАДА, 1997.
  • Богданов А. П. Царь-реформатор Фёдор Алексеевич Романов (1676—1682). Старший брат Петра. — М., 2005. — 696 с.
  • Замысловский Е. Е. Царствование Фёдора Алексеевича. Часть 1. Введение. Обзор источников. — М., 1871.
  • Замысловский Е. Е. Сношения России с Польшей в царствование Фёдора Алексеевича. — М., 1888.
  • Седов П. В. Закат Московского царства, царский двор конца XVII века. — СПб.: Петербургский институт истории, изд-во «Дмитрий Буланин», 2006. — 604 с.
  • Соловьев С. М. История России с древнейших времен. Том 13, Глава 2 Արխիվացված 2020-02-20 Wayback Machine

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. Lundy D. R. The Peerage
  5. Богданов А. П. Несостоявшийся император Федор Алексеевич. — М.: Вече, 2009. — С. 13, 55—56, 281.
  6. Новохатко О. В. Как закатывают царства // Очерки феодальной России. — М.-СПб.: Альянс-Архео, 2009. — Вып. 13. — С. 398—399.
  7. Анатоль Грыцкевіч. Міхал Карыбут Вішнявецкі Արխիվացված 2010-12-04 Wayback Machine // Старонкі нашай мінуўшчыны. — Мн.: Кнігазбор, 2009.
  8. Шамин С. М. Политико-географический кругозор членов правительства царя Фёдора Алексеевича // Древняя Русь. Вопросы медиевистики. — 2004. — № 1 (15). — С. 16—31.
  9. Богданов А. П. В тени Великого Петра. — М., 1998.
  10. Шамин С. М. Мода в России последней четверти XVII столетия // Древняя Русь. Вопросы медиевистики. № 1. 2005. С. 23—38.
  11. Н. И. Костомаров. Русская история в жизнеописаниях её главнейших деятелей. Т. 3. Терра, 1997. С. 176.
  12. Богданов А. П. Несостоявшийся император Федор Алексеевич. — М.: Вече, 2009. — С. 281.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյոդոր III Ալեքսեևիչ» հոդվածին։