39-րդ սենյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

39-րդ սենյակ (պաշտոնապես՝ Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի 39-րդ բյուրո. հիշատակվում է նաև որպես 39-րդ բյուրո, 39-րդ բաժին կամ 39-րդ գրասենյակ), Հյուսիսային Կորեայի կուսակցական գաղտնի կազմակերպություն, որն ուղիներ է փնտրում պահպանելու օտարերկրյա արժութային «կեղտոտ» ֆոնդը երկրի ղեկավարների համար։

Ենթադրվում է, որ կազմակերպությունը տարեկան բերում է $500 միլիոնից մինչև $1 միլիարդ կամ ավելի և ներգրավված է անօրինական գործողություններում, ինչպիսիք են 100 դոլարանոց թղթադրամների կեղծումը, հսկողության տակ գտնվող նյութերի արտադրությունը (ներառյալ մետամֆետամինի սինթեզը և մորֆինի վերածումը ավելի հզոր։ օփիատների, ինչպիսին հերոինն է) և խարդախությունները միջազգային ապահովագրության ասպարեզում։

39-րդ սենյակը երեք ազդեցիկ, այսպես կոչված, երրորդհարկյա գրասենյակներից ամենամեծն է. մյուս երկուսն են Office 35-ը, որը հանձնված է հետախուզությանն ու հետաքննությանը, և Office 38-ը, որն օրինական ֆինանսական գործունեություն է իրականացնում։ Ենթադրվում է, որ 39-րդ սենյակը գտնվում է Փհենյանում՝ իշխող աշխատավորական կուսակցության շենքի ներսում, Հյուսիսային Կորեայի առաջնորդի նստավայրերից ոչ հեռու։ Բոլոր երեք գրասենյակներն սկզբնապես տեղակայված էին շենքի երրորդ հարկում, որտեղ նախկինում եղել է Կիմ Չեն Իրի գրասենյակը. այստեղից էլ՝ «Երրորդհարկյա» անվանումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

39-րդ սենյակը բնորոշվել է որպես Հյուսիսյին Կորեայի, այսպես կոչված, «պալատական տնտեսության» առանցքը, տնտեսություն, որը կենտրոնացած է դինաստիական Կիմ ընտանիքի վրա։

Կիմ Քվանգ Ջինի խոսքով՝ 1972 թվականին Կիմ Չեն Իրը ստեղծեց կուսակցության կենտրոնական բաժինը, որը կոչվում էր «Գրասենյակ No 39», և անվանվել էր ըստ այն գրասենյակի համարի, որտեղ սկսել է գործել։ Սկզբում գրասենյակը գտնվում էր Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ֆինանսների և հաշվապահական հաշվառման վարչության կազմում։

2010 թվականի սկզբին հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը հայտնեց, որ վարչության ղեկավար Կիմ Դոնգ Ինին փոխարինել է նրա տեղակալ Ջոն Իլ Չունը[1]։

Chosun Ilbo- ն էլ հաղորդեց, որ 38-րդ սենյակը, որը ղեկավարում էր Կիմ Չեն Իրը, 2009-ի վերջին միացվել է 39-րդ սենյակին, սակայն մեկ տարի անց կրկին բաժանվել է՝ արտարժույթ ստանալու դժվարությունների պատճառով[2]։ 38-րդ սենյակը կառավարում է Կիմ ընտանիքի միջոցները օրինական բիզնեսներում և գործում է որպես 39-րդ սենյակի դիմային, ճակատային կազմակերպություն։

2017 թվականի հուլիսին Չոն Իլ Չունը՝ կուսակցության Կենտրոնական կոմիտեի բաժնի տնօրենի առաջին տեղակալը և Կիմ Չեն Իրի նախկին դասընկերը, գրասենյակի ղեկավարն էր[3]։

39-րդ սենյակը ներգրավված է նաև Փհենյանում գործող օտարերկրացիների հյուրանոցների արտարժութային եկամուտների կառավարման, ոսկու և ցինկի արդյունահանման, ինչպես նաև գյուղատնտեսական և ձկնաբուծական ապրանքների արտահանման գործերում։ Համարվում է, որ այդ սենյակից ղեկավարում են անօրինական և օրինական ընկերությունների ցանցեր, որոնք հաճախ փոխում են անունները[4]։ Ընդ որում՝ 39-րդ սենյակից վերահսկվող ընկերություններում, որոնց թիվը հաշվվում է մինչև 120 միավոր մեկ կետում, ներառված են նաև Zokwang Trading-ը և Taesong Bank-ը։ Հյուսիսային Կորեայից ամեն տարի արտահանվող 500 միլիոն դոլար ընդհանուր ծավալով տեքստիլ արտադրատեսակներից շատերի վրա փակցված են «Արտադրված է Չինաստանում» կեղծ պիտակներ։ Ըստ որոշ հաշվարկների՝ արտագնա աշխատանքի ուղարկված մոտ 50.000 հյուսիսկորեացիների աշխատավարձերից 39-րդ սենյակի եկամուտը համալրվում է տարեկան 500 միլիոնից մինչև 2 միլիարդ դոլարի չափով։

Միավորված ազգերի կազմակերպության ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի Հազարամյակի նախագծի կողմից հրապարակված 2007 թվականի զեկույցում ասվում է, որ Հյուսիսային Կորեան տարեկան 500 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլար է ձեռք բերում անօրինական ձեռնարկություններից[5]։ 39-րդ սենյակի կողմից իրականացվող քրեական գործողությունները ներառում են ԱՄՆ կեղծ դոլարների թրաֆիքինգը, կեղծված վիագրայի առևտուրը, N-methylamphetamine դեղամիջոցի արտահանումը և սինգապուրցի դիլերների միջոցով ռուսական նավթի ձեռքբերումը։ Office 39-ի կողմից իրականացված գործարքներն ու առևտուրը ինչ-որ պահի հասել են Հյուսիսային Կորեայի առևտրի ընդհանուր ծավալի 25-ից 50%-ին։  

2009 թվականին Washington Post-ի զեկույցում ներկայացվեց Հյուսիսային Կորեայի կառավարության կողմից իրականացված համաշխարհային ապահովագրական խարդախության սխեման։ Պետական սեփականություն հանդիսացող Korea National Insurance Corp-ը (KNIC) վերաապահովագրության պայմանագրեր է կնքել միջազգային վերաապահովագրողների հետ, այնուհետև ներկայացրել է կեղծ պահանջագրեր. պայմանագրերը կարգավորվում էին Հյուսիսային Կորեայի օրենսդրությամբ, և իրավական մարտահրավերներն անարդյունք էին։ Հաղորդվում է նաև փաստաթղթերի կեղծման մասին։

Ենթադրվում է, որ 39-րդ սենյակը մասնաբաժին ունի նաև Հյուսիսային Կորեայի Փհենյան կոչվող ռեստորանների արտասահմանյան ցանցում[6]։

2015 թվականին Եվրամիությունը պատժամիջոցների տակ դրեց Կորեայի ազգային ապահովագրական կորպորացիան (KNIC) և հավելեց, որ KNIC-ը կապեր ունի Office 39-ի հետ[7]։ Հաղորդվում է, որ KNIC-ը, որը գրասենյակներ ուներ Համբուրգում և Լոնդոնում, 2014 թվականին տիրապետում էր Մեծ Բրիտանիայի 787 միլիոն ֆունտ ստեռլինգ ակտիվների[8] և ներգրավված էր ապահովագրական շուկաներում խարդախության և գույքի ու արտարժույթի փոխանակման բնագավառներում ներդրումներ կատարելու մեջ։ Հյուսիսային Կորեայի դիվանագետ Թաե Յոնգ Հոն, ով հեռացել է 2016 թվականին, ասում է, որ Հյուսիսային Կորեան ամեն տարի «տասնյակ միլիոնավոր դոլարներ» է ձեռք բերում ապահովագրական խարդախությունների միջոցով[9]։

Ազգային հետախուզական ծառայության 2020 թվականի հաշվետվության մեջ նշված է, որ Korea Kaesong Koryo Insam Trading Corporation-ը, ամենայն հավանականությամբ, 39-րդ սենյակի դիմային մասն է[10]։

Ժողմշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

39-րդ սենյակը հայտնվում է որպես հակահերոսներից մեկը 2005 թվականի Վարձկաններ. կործանման խաղահրապարակում տեսախաղում, որտեղ 39-րդ սենյակը ղեկավարում է Հյուսիսային Կորեայի նախկին արտգործնախարար Դունգ Հվանգբոն (հայտնի է որպես «ակումբների տուզ»)։

39-րդ սենյակը և նրա աշխատակիցները «Հակահարված տուր», «Հակահարված. ժառանգություն» բրիտանա-ամերիկյան հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանի գլխավոր հակահերոսներն են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Report: NKorea Fires Director of Kim's Finances». AP. 2010 թ․ փետրվարի 4.
  2. «Kim Jong-il Restores Special Department to Swell Coffers». The Chosun Ilbo. 2010 թ․ հունիսի 22.
  3. Benjamin Katzeff Silberstein. «Ri Jong Ho, high-level defector and former official in Office 39, says North Korea gets much more oil from Russia than previously known». Archive for the ‘Daesung Trading Company’ Category -. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. Sherwell, Philip (2017 թ․ օգոստոսի 6). «'Hotel of Doom' takes Kim's illusion-building sky high». The Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  5. Olsen, Kelly (2009 թ․ հունիսի 11). «North Korea's secret: Room 39».
  6. Strangio, Sebastian (2010 թ․ մարտի 22). «Kingdom Kim's Culinary Outposts: Inside the bizarre world of Asia's North Korean restaurant chain». Slate.
  7. Booth, Robert (2017 թ․ ապրիլի 23). «UK freezes assets of North Korean company based in south London». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  8. Gadher, Dipesh (2017 թ․ ապրիլի 23). «Kim cooked up 'nuclear cash' in the suburbs». The Sunday Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  9. Gadher, Dipesh (2017 թ․ ապրիլի 23). «Secrets of Kim's little house in the suburbs». The Sunday Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  10. «Sugar-for-liquor trade deal with North scrapped due to possible sanctions violation». Korea JoongAng Daily. 2020 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին. «Not much is known about the Korea Kaesong Koryo Insam Trading Corporation, as is the case with most of North Korea's business operations, but the NIS believes the firm is a front for Pyongyang's so-called Room 39, an organization in the regime responsible for generating foreign currency for its leaders.»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]