Անկախ մամուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անկախ մամուլ
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրԱրամ Տեր-Գրիգորյան
Հիմնադրվել էդեկտեմբերի 1, 1907
ԵրկիրԹիֆլիս
Հրատարակության պատմություն1907-1908
Լուծարվել է1908
Հաճախականությունօրաթերթ

«Անկախ մամուլ», ժողովրդական, հասարակական, տնտեսական, քաղաքական, գրական օրաթերթ։ Խմբագիրներ՝ Վերգինե Աթանասյան, Արամ Տեր-Գրիգորյան։ Վերգինե Աթանասյանը Աշոտ Աթանասյանի կինն է։ Փաստացի խմբագիրը համարվում է Աշոտ Աթանասյանը, որը տարբեր ծածկանուններով բազմաթիվ հրապարակումներ ունի թերթում։

Առաջին համարը լուս է տեսել 1907 թվականի դեկտեմբերի 1-ին։ Թերթի վերնագրի տակ գրված է «Ներկայ կուսակցութիւններից դուրս» արտահայտությունը։

Թերթին աշխատակցել են Լեոն, Տիգրան Զավենը, Խաչիկ Սամվելյանը, Վահան Տերյանը, Արտաշես Բուդուղյանը, Վահան Տոտոմյանցը և ուրիշներ։

Թերթում մեծ թիվ են կազմում գործարաններում բանվորների առօրյայի մասին թղթակցությունները։ «Անկախ մամուլը» այն տեսակետն է պաշտպանել, թե սոցիալական չարիքի արմատը սեփականատիրական իրավունքի մեջ է։ Թերթը համոզված է, որ սոցիալիստական կարգերի օրոք միայն շահագործվող մեծամասնության համար կստեղծվեն կյանքի տնտեսական բավարար պայմաններ։ Թերթը փորձել է առաջադրել գործնական միջոցներ հասարակական և քաղաքական կարգերի վերափոխման ուղղությամբ։ «Անկախ մամուլում» զարգացվել է այն տեսակետը, որ հողը պատկանում է նրան, ով մշակում է այն։

Քաղաքական համարձակ ելույթների համար թերթի համարները երբեմն բռնագրավվել են գրաքննության վարչության որոշումների համաձայն, խմբագիրը նկատողություն է ստացել ու տուգանքի ենթարկվել։

«Անկախ մամուլը» տպագրել է նաև գեղարվեստական արձակ և չափածո ստեղծագործություններ, որոնք տպագրվել են «Գեղարուեստ» բաժնում։ Ուշագրավ են հատկապես Շուշանիկ Կուրղինյանի սոցիալական թեմաներով բանաստեղծությունները, Ջավախեցու պատմվածքները և այլն։

Թերթում բարձր են գնահատվել Պերճ Պռոշյանը, Վրթանես Փափազյանը, Նար-Դոսը և ուրշներ[1]։

Բաժինները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիւղացիների մէջ
  • Բանուորների մէջ
  • Քաղաքներում
  • Թուրքական կյանք
  • Թատրոն և երաժշտութիւն
  • Լրագիրների լրատու
  • Գեղարուեստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ պարբերական մամուլի պատմություն (1900-1922), հատոր 2, Ե., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2017, էջ 55-58։ Պատասխանատու խմբագիրներ՝ Ա. Խառատյան, Լ. Գևորգյան։