Jump to content

Էրեբունի պետական արգելոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրեբունի պետական արգելոց
Էրեբունի արգելոցի վայրի ցորենը՝ ցորեն արարատյան (Triticum araraticum)
Տեսակարգելոց
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԱրարատի մարզ
Հիմնվել է1981
Մակերես120 հեկտար
ԲԾՄ1300 մետր և 1450 մետր
Էրեբունի պետական արգելոցը գտնվում է Հայաստանում
Էրեբունի պետական արգելոց

Էրեբունի պետական արգելոց, արգելոց Հայաստանի Արարատի մարզում, Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք[1]։

Կազմավորվել է 1981 թվականին՝ Էրեբունի վարչական շրջանի տարածքում, կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների անցումային հատվածում՝ ծովի մակերևույթից 1300-1450 մ բարձրություններում՝ դաշտավլուկազգիների վայրի ազգակիցների (մասնավորապես վայրի ցորենների աշխարհում եզակի գենոֆոնդի) պահպանության նպատակով։ Այժմ արգելոցն զբաղեցնում է 120 հա տարածք[2]։

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսական աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 176 ցեղի և 42 ընտանիքի 278 տեսակ, որոնցից 7-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի վայրի ցորենի 4 տեսակից 3-ը (արարատյան, ուրարտու և միահատիկ)` ներտեսակային մեծ բազմազանությամբ (շուրջ 110 տարատեսակ)։ Վայրի դաշտավլուկազգիներից աճում են նաև վայրի միամյա աշորան (Վավիլովի աշորա), այծակնի և գարու մի քանի տեսակներ, ինչպես նաև շատ հազվագյուտ անքիստ բթաթեփուկը և արևելյան արմատագլխիկը։

Հանդիպում են բազմաթիվ հազվագյուտ տեսակներ` Տուրնֆորի կանգարը, խոշորածածկոց ակտինոլեման և անցողուն հոհենակերիան։ Կիսաանապատային բույսերից տարածված է հաստասռնակ բոշխը, հիմնական մասն զբաղեցնում են դաշտավլուկատարախոտային համակեցությունները, որտեղ գերակշռում են վայրի ցորենները։ Հանդիպում են լեռնաչորասեր բույսեր՝ գազի մի քանի տեսակների գերակշռությամբ։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանական աշխարհն ընդգրկում է երկկենցաղներ` կանաչ դոդոշ, լճագորտ, փոքրասիական ծառագորտ, սիրիական սխտորագորտ, սողուններ` անդրկովկասյան գյուրզա, ոսկեգույն տրախիլեպիս, սահնօձի տարբեր տեսակներ, միջերկրածովյան կրիա և այլն, թռչուններ` լորը, մոխրագույն կաքավը, տատրակը, բազեն, կաթնասուններ` աղվես, աքիս, կզաքիս, գայլ, գորշուկ, փորսուղ, բազմաթիվ կրծողներ և այլն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 45 — 150 էջ։
  2. «Էրեբունի» պետական արգելոցի տարածքն ընդլայնվում է
  3. Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներ, «Խազեր», Երևան 2014
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։