Jump to content

Իմ սիրելի մանչուկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ սիրելի մանչուկներ
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակԼև Կասիլ
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1944

«Իմ սիրելի մանչուկներ» (ռուս.՝ «Дорогие мои мальчишки»), Լև Կասիլի վիպակը[1], որը գրվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Ստեղծագործության հիմնական թեմատիկան դեռահասների առօրյան է, որոնք թիկունքում փոխարինել են ռազմաճակատ մեկնած իրենց հայրերին ու ավագ եղբայրներին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակի գործողությունները տեղի են ունենում Վոլգա գետի ափին տեղակայված փոքր քաղաքում Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Վիպակի գլխավոր հերոսը՝ Կապկա Բուտիրևը, բավականին հայտնի է քաղաքում։ Սինեգորցիներ Վալերա Չերեպաշինը և Տիմկան նկատում են Կապկային, որը, լինելով որբ, ամեն կերպ խնամում է կրտսեր եղբորը և քրոջը, և փորձում են օգնել նրան իրենց հնարավորությունների սահմաններում։

Քաղաքի հանգիստ կյանքը խախտում է յունգաների ժամանումը․ տղաները կոնֆլիկտի մեջ են մտնում նրանց հետ՝ նրանց համարելով պճնամոլներ։ Սակայն հեղինակը զգուշացնում է ընթերցողին, որ այդ տղաներին բաժին են ընկել անտանելի ռազմական փորձարկումներ։ Երիտասարդ «պարծենկոտները» շուտով պետք է ցույց տան իրենց գիտելիքները մարտական պայմաններում։ Մահվան վտանգն ու մտերմությունը հաշտեցնում ու միավորում են նախկին մրցակիցներին՝ սինեգորցիներին և յունգաներին։ Իսկ մարտից հետո միչմանը նույնիսկ գովում է Կապկային խիզախության համար և գուշակում, որ նա նավաստի կդառնա։

Ամբողջ պատմության ընթացքում հեղինակը տալիս է որոշ ակնարկներ և հիշատակումներ անհայտ Սինեգորիայի մասին։ Գլխավոր հերոսների արարքներում առկա տարօրինակությունները կրում են ինչ-որ առեղծվածայնություն։ Բայց Կասիլը չի շտապում բացահայտել այդ գաղտնիքները և երկար ժամանակ ընթերցողի համար ինտրիգ է թողնում։ Գաղտնիքը բացահայտվում է միայն ստեղծագործության կեսին․ տասներորդ գլուխը բարձրացնում է գաղտնիքի վարագույրը և պատմում Սինեգորիայի տղայական խաղի առաջացման պատմությունը։

Գլխավոր հերոսներն ունեն իրենց ուսուցիչը՝ Արսենի Պետրովիչ Գայը, որը տղաների համար նաև ընկեր է։ Հենց Գայն է տղաների հետ հորինել այդ խորհրդավոր Սինեգորիան։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից Լև Կասիլը եղել է մի շարք թերթերի և ռադիոյի թղթակից։ Այդ ժամանակ խորհրդային ժողովուրդը ականատես է եղել դեռահասների հերոսությանը այսպես կոչված «խաղաղ ճակատում»՝ գործարաններում ու ֆաբրիկաներում։ Կասիլը հաճախ է եղել Ուրալի և Մոսկվայի արհեստագործական ուսումնարաններում, որտեղ տղաները և աղջիկները, որոնք դեռ պետք է սովորեին դպրոցում, դառնում էին բանվորներ՝ փոխարինելով պատերազմ գնացած մեծահասակներին[2]։

Կասիլն իր վիպակը նվիրել է Արկադի Գայդարին[3]․ մանկագրին հեշտությամբ կարելի է ճանաչել ստեղծագործության հերոսներից մեկի՝ Արսենի Պետրովիչ Գայի կերպարում։ «Իմ սիրելի մանչուկներ» ստեղծագործությունը գրելու ժամանակ արդեն հայտնի էր, որ Գայդարը զոհվել է ռազմաճակատում։ Վիպակն ավարտվել է 1944 թվականին և այդ ժամանակ հրատարակվել է Դետգիզի կողմից[4]։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իմ սիրելի մանչուկներ» վիպակը բազմիցս վերահրատարակվել է ռուսերենով, ինչպես նաև թարգմանվել է ԽՍՀՄ ժողովուրդների լեզուներով։ Ֆրանսիայում այն լույս է տեսել հատուկ գրքերի շարքում, որում ներառվել են բոլոր երկրների ամենահայտնի մանկական գրքերը։ Բացի այդ, գիրքը վերահրատարակվել է նաև Լեհաստանում, Բուլղարիայում, Հարավսլավիայում և Չեխոսլովակիայում[4]։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իմ սիրելի մանչուկներ» վիպակի հիման վրա 1946 թվականին ռեժիսորներ Էրաստ Գարինը և Խեսյա Լոկշինան նկարահանել են «Սինեգորիա» գեղարվեստական ֆիլմը[5]։ Վադիմ Զոբինի «Մանչուկներ» (ռուս.՝ «Мальчишки») երկսերիանոց ֆիլմը գրական աղբյուրից և առաջին էկրանավորումից տարբերվում է նատուրալիզմով և ողբերգականությամբ[6]։

Երկու ֆիլմերից բացի, 2020 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ կոմպոզիտոր Սերգեյ Պլեշակը լիբրետոյի հիման վրա, որը Նիկոլայ Գոլը գրել էր «Իմ սիրելի մանչուկներ» վիպակի հիման վրա, գրել է «Մանչուկներ» (ռուս.՝ «Мальчишки») մեկ ակտով օպերան[7]։ Օպերան երիտասարդ հանդիսատեսի համար բեմադրվել է 2021 թվականին ռեժիսոր Նատալյա Կարպինսկայայի կողմից Մ. Ի. Գլինկայի անվան երգչախմբային ուսումնարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1979։]
  2. Собрание сочинений, 1965, էջ 602
  3. Людмила Васильева (2020 թ․ հուլիսի 10). «Нестареющие дорогие его мальчишки». МГК КПРФ. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  4. 4,0 4,1 Собрание сочинений, 1965, էջ 603
  5. «Սինեգորիա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  6. «Мальчишки»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  7. Зинаида Арсеньева (2020 թ․ մարտի 12). «Юбилей на сцене. Композитор Сергей Плешак - о музыке для детей и опере «Мальчишки»». Санкт-Петербургские ведомости. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лев Кассиль. Собрание сочинений в 5 томах. — Детская литература, 1965. — Т. 2. — 608 с.