Լոլիկահավաք մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոլիկահավաք մեքենա, լոլիկի բերքի համահավաք մեքենա (միաժամանակ հասունացող սորտերի համար)։ Հորիզոնական սկավառակներով կտրված հողախառն բույսերը տեղափոխվում են մեքենայի վերամբարձ, այնուհետև՝ լայնակի փոխադրիչի վրա, որտեղ բաժանվում են 2 հոսքի. լոլիկով բույսերը մատուցվում են պտղանջատիչին, իսկ թափված հողախառն լոլիկները լցվում են տեսակավորման սեղանի վրա։ Բանվորները ձեռքով ջոկում են լոլիկները, իսկ հողը թափում դաշտում։ Պտուղները լցվում են տեսակավորման սեղանին, որտեղ լցվում են նաև պտղանջատիչից փոխանցվող լոլիկները։ Տեսակավորում են, խակ պտուղները լցնում բունկերի մեջ, իսկ հասունները՝ բեռնաթափող փոխադրիչով՝ տեղափոխման բեռնարկղերի մեջ։ Մինչև 6 տ/ժ արտադրողականությամբ ինքնագնաց լոլիկահավաք մեքենան սպասարկում է 21 մարդ (կոմբայնավար և 20 բանվոր)։ Կիրառվում են նաև մինչև 20 տ/ժ արտադրողականությամբ ինքնագնաց և կցովի լոլիկահավաք մեքենաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։