Jump to content

Խոսակցական լեզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոսակցական լեզուն ոչ միայն գրական լեզուն տիրապետող հանրության բանավոր, անկաշկանդ խոսքն է, այլև հասարակության այն մասի խոսքը, որի համար գրական լեզուն սովորաբար հաղորդակցման միջոց չէ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվաբանության մեջ առանձնացվում են խոսակցական լեզվի երկու դրսևորումներ՝ գրական-խոսակցական և ժողովրդական-խոսակցական։ Գրական լեզվի խոսակցական տարբերակը, որում հիմնականում պահպանվում է լեզվական նորման, գործածվում է հանդիսավոր իրադրությունների ժամանակ (ժողովներ, պաշտոնական հանդիպումներ, ընկերական միջավայր, հիմնարկ-ձեռնարկություններ, ուսումնական հաստատություններ և այլն)։ Իսկ ժողովրդախոսակցական լեզուն, որը գերազանցապես իրանում է առօրյա-խոսակցական ոճում, գործածվում է ոչ պաշտոնական, ոչ հանդիսավոր իրադրությունների մեջ (տանը, ընկերների հետ մտերմիկ խոսակցության ժամանակ, մարզադաշտում, փողոցում և այլուր)։ Խոսակցական լեզուն ունի հանպատրաստից, առանց նախապատրաստվելու դրսևորում։ Հետևաբար խոսկացական լեզվում հաճախ ձևավորվում են, այսպես կոչված, դիպվածային(օկազիոնալ) բառեր, որոնք ստեղծվում են հաղորդակցման տվյալ գործընթացում և համարվում են անհատական նորաբանություններ (օրինակ՝ խաշիստ, տոկոսացավ, փողնախարար և այլն)։ Խոսակցական լեզվի հատկապես ժողովրդախոսակցական տարբերակին բնորոշ են նաև բարբառային բառեր կամ արտահայտություններ (չոբան, ազիզ ջան և այլն), դարձվածքներ (գույնը գցել, աչքը մտնել և այլն), ժարգոնային (ծածկալեզվյան) բառեր (շպո-ծածկաթերթիկ, թույն մեքենա- շատ լավ ավտոմեքենա) և այլն, հասարակաբանություններ և գռեհկաբանություններ (շնթռել, ռեխ և այլն)։ Խոսակցական լեզվի կարևոր առանձնահատկություններից է նաև լեզվական միջոցների խնայողությունը, խոսքի սեղմությունն ու հակիրճությունը, որը պայմանավորված է նաև խոսքային իրադրությամբ և դրսևորվում է լեզվի բոլոր մակարդակներում՝ սկսած բառօգտագործումից մինչև շարահյուսական կառույցները։ Քանի որ խոսակցական լեզուն հիմնականում երկխոսական բնույթի է, ուստի կարևորվում է հնչերանգի դերը։ Հնչերանգը ծառայում է նախադասության բովանդակության ճիշտ բացահայտմանը, այսինքն՝ ընդգծում է, թե նախադասության բովանդակության համար որն է հատկանշական՝ հիացո՞ւմը, զայրո՞ւյթը, անբավականությո՞ւնը և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Ա. Մելքոնյան, Ակնարկներ հայոց լեզվի ոճաբանության, Եր. 1984, էջ 218

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լ. Եզեկյան, Հայոց լեզվի ոճագիտություն, Եր., 2003, էջ 69-83։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդ. Աղայան, Լեզվաբանության ներածություն, Եր., 1967:

Պ. Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, Եր., 1990: