Jump to content

Կապուտանի երկաթի հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապուտան (այլ կիրառումներ)

Կապուտանի երկաթի հանքավայր, հանքավայր ՀՀ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի մոտ՝ Հատիս լեռան ստորոտին։ Բարձր ջերմաստիճանի, ջրաջերմային-միներալատեղակալված մագնետիտ-ապատիտային հանքավայր է։

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքանյութն առաջացել է մագմայական օջախից դուրս եկող երկաթով հարուստ հանքաբեր լուծույթներից։ Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են նեոգենի և անթրոպոգենի անդեզիտներ, բազալտներ, դացիտներ, ռիոլիտներ, վանակատներ, պեռլիտներ, նստվածքային գոյացումներ՝ կավեր (հաճախ՝ գիպսի ու քարաղի շերտերով) և կիսախորքային երակային ապարներ։

Կազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքանյութը կազմված է հիմնականում մագնետիտ և ապատիտ միներալներից։ Հանքայնացումը հարում է պլիոցենի թթվային՝ անդեզիտադացիտային կազմի ապարներին և ներկայացված է երակաձև ու ոսպնյակաձև հանքամարմիններով (երկարությունը՝ 150-300 մ, հաստությունը՝ մինչև 70 մ)։ Առանձնացվում են հոծ երկաթով հարուստ (58-65% Fe), երակաձև միջին հարստության (30-55% Fe) և երակիկացանավոր աղքատ (20-29% Fe) հանքանյութեր։ Հետախուզված արդյունաբերական պաշարները 240 միլիոն տ են՝ 32% Fe-ի միջին պարունակությամբ։ Հանքանյութում ապատիտի հետ կապված առկա են հիմնականում արդյունաբերական նշանակության ցերիումի խմբի հազվագյուտ հողեր։

Կապուտանի երկաթի հանքավայրի մասին տեղեկություններ կան Վ․ Մելլերի (1917) և Կ․ Պաֆենհոլցի (1948) ամփոփագրերում։ Հանքավայրը մանրամասն ուսումնասիրել են երկրաբաններ Հ․ Մաղաքյանը (1947), Լ․ Սարուխանյանը (1971), Գ․ Մեժլումյանը (1978), Ա․ Կարապետյանը (1982) և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։