Jump to content

Հայկ Տատինցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Տատինցյան
Ծնվել է1918
ԾննդավայրԳորիս, Զանգեզուրի գավառ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Հայկ Տիգրանի Տատինցյան (1918, Գորիս, Զանգեզուրի գավառ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1960): ԽՄԿԿ անդամ (1944):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Տատինցյանը ծնվել է 1918 թվականին Գորիս քաղաքում։ Սովորել է Գորիսի միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի աշխարհագրության ֆակուլտետը։ 1939 թվականից զբաղվել է մանկավարական գործունեությամբ։ 1940 թվականին եղել է Եղեգնաձորի շրջանի Աղավնաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1940 թվականի հոկտեմբերին զորակոչվել է զինվորական պարտադիր ծառայության։ Հայկ Տատինցյանը Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941 թվականի հունիսի 23-ից, 481-րդ գնդում որպես գնդացրային ջոկի հրամանատար։ Աչքի է ընկել առաջին Բելոռուսական, այնուհետև Ուկրաինական ռազմաճակատներում ֆաշիստական զավթիչների դեմ մղված մարտերում և արժանացել հրամանատարության խրախուսանքներին և շնորհակալագրերին[1]։

Հյուսիս-Արևմտյան և Վոլխովյան ռազմաճակատներում 2-րդ հարվածային բանակի 23-րդ հրաձգային բրիգադի գնդացրային ջոկի հրամանատար Հայկ Տատինցյանը մարտերում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Կարմիր աստղի» շքանշանով[1]։

1942 թվականի փետրվարին Վոլխով գետի ափամերձ մասում գրոհներից մեկում ծանր վիրավորվել է։ Երկարատև բուժում է ստացել զինվորական հոսպիտալում, այնուհետև զորացրվել է[1]։

Տատինցյանը շուրջ 10 տարի եղել է Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, 1952-1955 թվականներին նշանակվել է շրջանային ժողկրթբաժնի վարիչ, ապա ղեկավարել Գորիսի գիշերօթիկ դպրոցը[2], աշխատել ժողկրթբաժնի մեթոդիստ։ ԽՄԿԿ անդամ է 1944 թվականից[1]։

1960 թվականին արժանացել է հանրապետության վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչման, պարգևատրվել է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի», «Կովկասի պաշտպանության համար» և մի շարք այլ մարտական ու աշխատանքային մեդալներով[1]։

Տատինցյանը ընտրվել է շրջանային, քաղաքային և գյուղական խորհուրդների պատգամավոր[1][3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1960)
  • «Կարմիր աստղի» շքանշան
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակ համար» մեդալ
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. «Պատմություն — Գորիսի Յու. Բախշյանի անվան N․3 հիմնական դպրոց». goris3.schoolsite.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. «ՏԱՏԻՆՑՅԱՆ ՀԱՅԿ ՏԻԳՐԱՆԻ». ԶԱՆԳԵԶՈՒՐ (ռուսերեն). 2010 թ․ մայիսի 6. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.