Jump to content

Նարտյան էպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարտյան հերոս Սոսրուկոի պատկերը

Նարտյան էպոս (օսերեն՝ Нарты кадджытæ), Հյուսիսային Կովկասի մի շարք ժողովուրդների մոտ ընդունված էպոս, որի հիմքն են կազմում հերոս փահլևանների («նարտերի») ծագման և արկածների մասին պատմվածքներ։ Առաջին հերթին էպոսը գոյություն ունի օսերի և աբխազա-ադըղեական ժողովուրդների (ադըղեների, աբազների, աբխազների) մոտ, սակայն հայտնի են նաև էպոսի տարբերակները չեչենների և ինգուշների, կարաչայների և բալկարների մոտ[1]։

Էպոսի արձագանքները կան սվանների, վրացական լեռնային ցեղերի և Դաղստանի ժողովուրդների մեջ։ «Նարտ» տերմինը ընդհանուր անվանումն է էպոսի հերոսների, որոնք կազմում են յուրօրինակ դյուցազնական միություն, սրա ոգին իմաստուն Սաթանան է (Սաթանե)՝ հզոր կախարդուհին։ Նարտյան էպոսի ծագման պատմությունը դեռևս լրիվ հայտնի չէ։ Անկասկած, հիմքը ալանական հին վիպաշարն է, որ ստեղծվել է մ.թ.ա. VII–IV դդ․ սկյութական ժամանակաշրջանում։ Վիպերգի ազգային տարբերակները հարստացել են տեղի բանահյուսությամբ։ Ծագելով դեռևս մայրիշխանության մնացուկներ պարունակող տոհմական հասարակության պայմաններում՝ Նարտյան էպոսը ներառել է հաջորդ հասարակական ֆորմացիաների տարրերը և առ այսօր պահպանում է իր կենսունակությունը։ Օսերի և ադըղեների նարտյան ասքերն սկսել են գրառվել XIX դ․ կեսերին, մյուսներինը՝ ավելի ուշ։ Աբխազական նարտյան ասքերը հայտնի են դարձել միայն վերջին տասնամյակներին։ Սովետական շրջանում առաջին անգամ հրատարակվել են համահավաք տեքստերը՝ բնագրով և ռուսերեն թարգմանությամբ։ Թարգմանվել են նաև գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 209