Jump to content

Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ», Ղազարոս Աղայանի դյուցազներգական պոեմը, որը հրատարկվել է 1888 թվականին։

Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ
ՀեղինակՂազարոս Աղայան
Ժանրպոեմ
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Տորք Անգեղ, Հայկանուշ Գեղեցիկ, թագավոր, Գուգարաց բդեշխ, ծերունի հսկա, Ավագ
Հրատարակված է1888
ՎիքիդարանՏորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղայանի բանաստեղծական ամենանշանավոր երկը նրա «Տորք Անգեղ» դյուցազներգական պոեմն է։ «Տորք Անգեղը» կատարյալ մի ստեղծագործություն է, որն արտահայտում է հեղինակի իդեալը մարդու, նրա բարոյական կերպարի, ինչպես և ներդաշնակ սոցիալական հարաբերությունների մասին։ «Տորք Անգեղի» նյութը Աղայանը վերցրել է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», ըստ որի Անգեղյան Տորքը սերված էր Հայկից և երկրի արևմտյան մասի կուսակալն էր։ Ըստ այդ առասպելի՝ Տորքը վիթխարի հասակ և ուժ ունեցող մարդ էր, տգեղ, բարձր, կոպիտ կազմվածքով, տափակ քթով, փոս ընկած աչքերով ու դժնյա հայացքով։ Նա հռչակված էր որպես շինարար ճարտարապետ և քաջ հայրենասեր, որն իր հայրենիքը դյուցազնաբար պաշտպանում է արտաքին թշնամիներից։ Հմտորեն օգտագործելով պատմական հնագույն ժամանակներում ստեղծված ազգային ժողովրդական այս գեղեցիկ առասպելը` Աղայանը ընդարձակել ու խորացրել է նրա գաղափարական բովանդակությունը։ Տորքի և Հայկանուշի կերպարներում Աղայանը գեղարվեստորեն մարմնավորել է սիրո զգացմունքի ուժը և գեղեցիկի ու բարու ըմբռնումը։ Պոեմի այս գլխավոր կերպարները միաժամանակ արտահայտում են Աղայանի դաստիարակչական իդեալը, ըստ որի մարդու մեջ պետք է ներդաշնակորեն միացած լինեն ֆիզիկական ուժը, հոգեկան-բարոյական առաքինությունները և մտավոր կարողությունները։ Պոեմում հեղինակը առաջադրում է նաև իր սոցիալական իդեալը՝ ի հակադրություն ճնշման ու շահագործման վրա հենված դասակարգային համակարգի։ Ըստ պոեմի՝ Հին Հայաստանում կային համայնատիրական կարգեր՝ թագավորների գերիշխանությունից դուրս։ Դա պոեմում պատկերված հսկաների՝ ինքնիշխան մարդկանց ազատ համայնքն է, ուրույն մի աշխարհ, ուր չկան տերեր ու շահագործվողներ, մարդիկ լիովին ազատ են ամեն տեսակի հարկերից։ Համայնքի բոլոր անդամներն իրավահավասար են, սիրում են աշխատանքը և բոլորն անխտիր մասնակցում են անհրաժեշտ կենսական բարիքների ստեղծմանը։ Փոխադարձ սիրով ու համերաշխությամբ ապրող համայնքի անդամները ոչ միայն աշխատասեր են, այլև իրար հետ կապված են անձնվեր հայրենասիրությամբ։ Նրանք միահամուռ կամքով կռիվ են գնում հանուն իրենց հայրենիքի պաշտպանության[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուգարաց աշխարհի դուստրը, Արամյան ամրոցի չքնաղ տիրուհին` Հայկանուշը, երազում տեսնում է մի աժդահա մարդու, ով ասում է` «Հայկանուշ, դո՛ւ ես իմ սերը//Կա՛մ ինձ այս գերանով զարկիր, սպանիր,//Եվ կա՛մ իմ խնդիրքս լսիր, ընդունիր»։ Հայկանուշը շատ է վախենում և նաժիշտներին պատմում իր երազի մասին, ասում, որ շուտով մի աժդահա հյուր պիտի ունենան, պատրաստ լինեն նրան դիմագրավելու։ Նաժիշտներն ասում են, որ այդ հսկան Անգեղյան Տորքն է` մի քաջ հովիվ, ով ապրում է Պարխարյան լեռներում։

Տորք Անգեղ

Այնուհետև հեղինակը տալիս է Տորք Անգեղի արտաքին և ներքին նկարագրությունը. «Մի խոսքով՝ մի դև և ոչ թէ հսկա,//Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա://Տգեղ էր դեմքը և այդքան դաժան,// Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.// Ահռելի էր նա և այնքան ուժեղ,// Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ»[2]: Տորք Անգեղն աչքի է ընկնում իր ահարկու ուժով և սարսափազդու էությամբ։ Մի անգամ գյուղում ծաղրում են նրան` կոչելով «Անգե՜ղ, գե՜շ Անգեղ»։ Նա զայրանում է և հողին հավասարեցնում ամբողջ գյուղը։ Դրանից հետո բոլորը սկսում են հարգել նրան։ Տորքը լավ որմնադիր էր և ճարտարապետ, նա ահռելի քարեր է բերում, տաշում ու վերաշինում իր քանդած գյուղը։ Այնուհետև նա միշտ դեպի բարին է գործածում իր ուժը։ Տորք Անգեղը պայքարում է ժողովրդին կողոպտող, գերեվարող ավազակների դեմ։ Մի անգամ էլ Սև ծովի կողմերից թշնամիներ են գալիս, կողոպտում խեղճ ժողովրդին ու նավերով փորձում հեռանալ, սակայն Տորք Անգեղը բարձրաբերձ լեռներից ժայռեր է պոկում և նետում դեպի նավերը` խորտակելով դրանք։ Նավում եղածներից միայն մեկն է հրաշքով փրկվում, ով Տորքի մասին պատմում է ի լուր աշխարհին։ Տորքի համբավը տարածվում է ամենուրեք, և թագավորը ցանկանում է նրան տեսնել ու պատվել։ Ի պատասխան մեծ պատիվների, որին արժանացրեց թագավորը, Տորքը կանգնեցնում է նրա արձանը։ Թագավորը շատ է հավանում Տորքին ու ուզում է ամեն կերպ օգնել, և հարցնում է, թե արդյոք նրա սրտում ինչ-որ մեկը կա պահված։ Տորքը պատմում է մի աղջկա մասին, ում տեսել է միայն երազում և ցանկանում է գտնել նրան, քանզի աղջիկը երազում խոսք է տվել սիրել իրեն։ Թագավորն իր մոտ է կանչում բոլոր կուսակալներին, հարցուփորձ անում իր թագավորությունում ապրող հսկա ցեղերի մասին։ Այդ նույն ժամանակ Տորքը ճամփա է ընկնում` գտնելու իր երազների սիրուն։ Ճանապարհին նա հանդիպում է մի հովվի, ով պատմում է Հայկանուշի մասին, Տորքը հասկանում է, որ հենց այդ Հայկանուշն է երազում իրեն այցի եկած աղջիկը, հարցնում է դեպի նա տանող ուղին և շարունակում ճանապարհը։ Հսկան վերջապես գտնում է իր սիրեցյալին, սակայն հեշտ չէր գրավել Գեղեցիկ Հայկանուշի սիրտը։ Տեղի է ունենում մրցություն. քսան հսկաներ մենամարտում են, և ամենից ահեղը` Ավագը, պետք է կռվեր Տորքի դեմ։ Տորքը, տեսնելով, որ Ավագը նման չէ մյուս տգետ ու նախանձ հսկաներին, առաջարկում է չմենամարտել, եղբայրության ուխտ կնքել, Ավագին ամուսնացնել գեղեցիկ հսկա աղջիկներից մեկի հետ, իսկ ինքն էլ ամուսնանա Հայկանուշի հետ։ Բոլորը տալիս են իրենց համաձայնությունը։ Ծերունի հսկան օրհնում է նորապսակներին, և սկսվում է խրախճանքը։ Ապա Գուգարաց բդեշխն է գալիս` բերելով թագավորի հրովարտակը, որով Տորք Անգեղը հռչակվում է կուսակալ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տորք Անգեղ
  • Հայկանուշ Գեղեցիկ
  • թագավոր
  • Գուգարաց բդեշխ
  • ծերունի հսկա
  • Ավագ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ նոր գրականության պատմություն, հատոր երրորդ. Երևան: Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն. 1964. էջեր 307–308.
  2. «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.