Jump to content

Փոխակերպված ապար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կվարցիտ
Պիտիտ

Փոխակերպված ապարները (Մետամորֆային ապարներ) փոփոխությունների ենթարկված ապարներն են։ Նախկինում դրանք եղել են հրաբխային, նստվածքային կամ այլ տիպի փոխակերպված ապարներ։ Փոխակերպումը տեղի է ունենում գրեթե բացառապես երիտասարդ լեռնաշղթաների խորքերում, երբ ապարները ծալծլվում և սեղմվում են այլ ապարների ճնշման տակ։ Չնայած ապարն իրականում երբեք չի հալվում, սակայն նրա կազմվածքն ու բնույթը կարող են նորանալ, վերածվել տարբեր փոխակերպված բյուրեղների։ Այդ գործընթացը տեղի է ունենում մասամբ ճնշման ազդեցությամբ, մասամբ էլ տաքացման պատճառով։ Փոխակերպումը երկարատև գործընթաց է. ապարը նախ պետք է սուզվի մինչև այն խորությունը, որտեղ կարող է սկսվել փոխակերպումը, հետո տեղի է ունենում պինդ մարմնի վերաբյուրեղացում։ Ի վերջո, փոխակերպված ապարները դուրս են գալիս Երկրի մակերևույթ, բայց միայն այն բանից հետո, երբ լեռնաշղթան վեր է բարձրանում ու հետո քայքայվում։ Նստվածքի սուզվելուց մինչ փոխակերպված ապարի վերածվելը կարող է տևել 100 միլիոն տարի։ Փոխակերպված ապարները լինում են կոնտակտային (առաջանում են ներդրվող մագմատիկ զանգվածի՝ շրջապատի ապարների հետ շվւման վայրում և հիմնականում հետևանք են բարձր ջերմաստիճանի ազդեցության) և ավտոմետամորֆիկ (կազմավորվում են բուն մագմայից անջատվող լուծույթների գործունեության շնորհիվ, օրինակ, գրեյզենների ձևավորումը)։

Փորձարար[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդացի բարոնետ սըր Ջեյմս Հոլը (1761-1832) վերցրեց փոշիացված կրաքար, լցրեց հրացանի փողի մեջ, զոդեց նրա ծայրերը, որպեսզի ճնշումը պահպանվի, և տաքացրեց իր ձուլարանում։ Փողի մեջ առաջացավ բյուրեղային մարմար։ Այդպիսով նա փոխակերպման ենթարկեց նստվածքային ապարը։

Շերտավոր մարմար՝ Չիպոլինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքուր կալցիումի կարբոնատից կազմված կրաքարը փոխակերպման ընթացքում վերաբյուրեղանում է սպիտակ մարմարի։ Շատ կրաքարեր պարունակում են կվարցային ավազ, որոշ չափով կավ կամ երկաթ։ Սրանց փոխակերպման արդյունքում ստացվում է գունավոր մարմար՝ հաճախ ծալքավոր շերտերով։ Բազմաթիվ փոխակերպված ապարներում երևում են ծալքերի կամ ճեղքերի հետքեր, ինչը ցույց է տալիս, որ լեռնակազմության ժամանակ դրանք իրենց դրսևորել են որպես պլաստիկ կամ հակառակը՝ փխրուն նյութեր։

Ճնշման մեծացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխակերպման շնորհիվ անհրապույր կավաքարը կարող է վերածվել շողշողուն բյուրեղային ապարի։ Ծովի ծանծաղուտներում նստած տիղմը լեռնակազմության ընթացքում իջնում Է ավելի խորը մակարդակներ։ Փոխակերպման առաջին նշանը փայլարի մանրագույն բյուրեղների աճն է։ Ճնշման ազդեցությամբ սրանք կարող են շարվել մի գծի վրա՝ առաջացնելով տանիքաթերթաքար(1)։ Ֆիլիտի (2) վերաբյուրեղացումն ընթանում է ավելի եռանդուն, այնպես որ նրանում փայլարի բյուրեղներն ավելի խոշոր են և կարող են թույլ առկայծել ապարի մակերևույթին։ Լեռան մեջ ավելի խորը և տևականորեն թաղված լինելու դեպքում առաջանում է թերթաքար, որը պարունակում է փայլարի խոշոր բյուրեղներ և կիանիտ (3), որի բյուրեղացմանը նույնպես նպաստում է ջերմությունը։

Թերթաքարի շերտատումը տանիքների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանիքաթերթաքարում փայլարի բյուրեղները դասավորված են միմյանց զուգահեռ շերտերով։ Մասնագետը գիտի այդ ուղղությունները և քարը շերտատում կամ ճեղքում է այդ ուղղություններով։ Դա կոչվում է ճեղքման ուղղություն։

Շփում տաք գրանիտի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ հալված գրանիտը լցվում է լեռնաշղթայի ապարների մեջ, գրանիտի շուրջ գտնվող ապարները փոխակերպվում են։ Ձևափոխված ապարի պսակը կոչվում է փոխակերպման շփման գոտի։ Բարձր ջերմաստիճանների ազդեցությամբ աճում են նոր հանքաքարեր, օրինակ՝ կրաքարը վերածվում է մարմարի։

Կավաքարը վերածվում է նռնաքարի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավաքարում աճող առաջին փոխակերպված հանքաքարերը փայլարի բյուրեղներն են, որոնք դասավորվում են ամենափոքր ճնշման ուղղությամբ։ Նռնաքարն աճում է ավելի ուշ՝ խոտորելով փայլարի բյուրեղները։