Jump to content

Քառանիվ կառք (մ․թ․ա․ 15-14-րդ դարեր, Լճաշեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քառանիվ կառք
նյութփայտ
ստեղծվել էՔ ա. XV դար

Քառանիվ կառք կամ Կառք՝ քառանիվ, կամարակապ ծածկով (մ․թ․ա․ 15-14-րդ), փայտյա կառք, թափքի չափսերը՝ 350 x 220 x 140 սմ, իսկ լուծը՝ 300 x 80 x 20 սմ է։ Հայտնաբերվել է Հայաստանի ամենանշանավոր բրոնզեդարյան հնավայրերից մեկի՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի տարածքում կատարված պեղումների (1956-1974 թթ.) ժամանակ[1]։ Հ. Մնացականյանի թերևս ամենամեծ հայտնագործություններից մեկն է հայ հնագիտության պատմության մեջ, որն այժմ պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում՝ թիվ 2009-609 համարի ներքո։

Ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Սևանի ավազանի ամենամեծ գյուղում՝ Լճաշենում լայնածավալ պեղումների ժամանակ (1956-1974) հայտնաբերվել են ուշբրոնզեդարյան դամբարաններ՝ կիրառական արվեստի և մշակույթի բացառիկ գտածո-նմուշներով, որոնք կազմում են Հայաստանի հնագիտական ֆոնդերի ամենամեծ ու բազմազան հավաքածուն (մոտ 60-70%-ը)։ Գտածոները վերագրվում են բրոնզեդարյան և վաղ երկաթի դարաշրջանին (Լճաշեն-մեծամորյան մշակույթ)։ Դրանց թվում կան մ․թ․ա․ 15-14-րդ դարերին վերագրվող փայտյա սայլեր, կառքեր և մարտակառքեր, ինչպես նաև հայ հնագիտական պատմության կարևորագույն հայտնագործություններից մեկը` քառանիվ կառքը (Ք. ա. XV դար)[2][3]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայլը կազմված է չորս անիվներից և համապատասխանաբար՝ երկու Սռնիներից, որոնք անշարժ միացված են առջևի և ետևի զույգ անիվներին։ Սայլի անիվների տրամագիծը՝ 120 սմ է։ Անիվներից յուրաքանչյուրը երեք խոշոր կտորներից է պատրաստված, որոնք իրար են գամված փայտե սեպերով։

Սայլի թափքի հիմքը ուղղանկյունաձև է, 175×100×96 սմ չափերով։ Այն պինդ ամրացված է սռնուն։ Թափքը ծածկելու համար նախատեսված է կամարածածկ, որն իրենից ներկայացնում է 16 պայտաձև և ճկված ձողեր, որոնք ունեն լայնական միջանցիկ անցքեր։ Այդ կամարածածկի վրայով ձգվել է փայտե նրբաձողերից հյուսված խիտ ցանցաձև ծածկը։ Վարդյակներով և պարույրներով հարդարված քանդակազարդ տախտակները ծածկում են թափքի առաջամասը և ետնամասը։

Սայլի քաշանի երկարությունը 310 սմ է։ Այն երկճյուղ է և գամված է թափքին։ Ծայրում ունի ձևավոր լուծ, որի երկարությունը 200 սմ է։ Սռնու անշարժությունը կարող էր դժվարեցնել սայլի շրջադարձը փոքր տարածքներում։ Երկար քաշանը ընձեռում էր դյուրին շրջապտույտի հնարավորություն։

Դետալներ և օգտագործված նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառանիվ սայլի դետալները, որոնք պատրաստվել են տարբեր փայտատեսակներից, միացված են բացառապես փայտե սեպերով և գամերով։ Մետաղը ծառայել է միայն արտաքին հարդարանքի, զարդերի համար։ Սայլի մասերը կազմված են հետևյալ փայտատեսակներից.

Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառանիվ կառքի քաշանի և լծի միացման տեղը զարդարվել է բրոնզե մարտակառքի խմբաքանդակներով[4]։ Սայլի հետ մեկտեղ դամբարանից գտնվել են հանգուցյալի կարգավիճակին պատշաճ զենքեր, զարդեր, պաշտամունքի և կենցաղային բազմազան իրեր։ Լճաշենի դամբարաններից հայտնաբերված բոլոր քառանիվ և երկանիվ սայլերը զարդարված են եղել կենդանիների և թռչունների բրոնզե արձանիկներով։ Նման սայլերը դամբարան էին իջեցվում լծված զույգ եզներով կամ ձիերով։

Պատմական-մշակութային նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության պետական թանգարանի հնագիտության բաժնի վարիչ (1949-1968 թթ., 1972-1974 թթ.) Հարություն Մնացականյանը, որը ղեկավարել է Լճաշենի մի շարք հնագիտական արշավախմբեր և բացահայտել է Սևանի ավազանի հնագիտական հուշարձանները հաճախ կրկնել է.

…Պրպտել ու գտնել լճի հազարամյա գաղտնիքը, սառը ջրերի տակ թաքնված մարդկային մտքի գոհարները։ ...Պետք է բարձրացնել այն սև վարագույրը, որի հետևում թաքնված է Սևանա լճի հազարամյակների գաղտնիքները[5][6]։
- Խոսում են հուշարձանները, Ե., 1968, էջ 111 և 208

Լճաշենի գտածոներից հստակորեն երևում է, որ դրանք աստիճանաբար զարգացում ապրած առարկաներ և նյութեր են։ Հետևաբար իրար հաջորդած այդ նյութերը վկայում են, որ այստեղի մշակույթն առաջացել է ավելի քան երկու հազարամյակում միևնույն վայրում նստակյաց կյանքի հետևանքով իրար անընդմեջ հաջորդած սերունդների գործունեության արդյունքում։ Դամբարանները վկայում են արքաների և գերագույն քրմերի այստեղ կատարված թաղումների մասին[7]։

Իհարկե, մինչև Լճաշենի պեղումները Հայաստանում հայտնաբերված բրոնզի դարաշրջանին պատկանող արժեքավոր նյութեր նույնպես շատ ունեինք, ինչպես, օրինակ, Կիրովականի հռչակավոր դամբանաբլուրից, Ցամաքաբերդից, Նոր Բայազետի (Կամո) նախկին գավառից, Դեբեդ գետի ձորից և այլ վայրերից, բայց դրանք իրենցից ներկայացնում էին մի որոշակի կարճատև ժամանակաշրջանի մշակույթ, ուստի և չէին կարող բացահայտել միևնույն վայրի նյութական մշակույթի մի քանի հազարամյակների հաջորդական զարգացման պատկերը։ Լճաշենի պեղումներով վերացվեց այդ բացը և թերևս այդ է պատճառներից մեկը, որ մինչև օրս էլ Լճաշենի մշակույթը մնում է անգերազանցելի։
- Հարություն Մնացականյան, «Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները», Երևան, 1968

Մշակութային արժեքի պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանը 2005 թվականի հոկտեմբերի 24-ին վավերացրել է Հայաստանի Կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1643 որոշումը։ Ըստ այդ որոշման ներկայացրած 19 մշակութային արժեքներից մեկն էլ «Քառանիվ Ծածկով կամարակապ Կառքն» է (Ք. ա. XV դար), որը ներառված է ՀՀ մշակութային ժառանգության առանձնակի արժեք ներկայացնող մշակութային արժեքների ցանկում[8]։

Այն դասվում է այնպիսի մշակութային արժեքների շարքում, ինչպիսիք են Հայաստանի պատմության թանգարանում պահվող Մշո Առաքելոց դուռը, Էրեբունի ամրոցի սեպագիր արձանագրությունը, Մշո ճառընտիրը և Մատենադարանում պահպանվող այնպիսի ձեռագրերը, ինչպիսիք են՝ տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում հայտնաբերված Ավետարանները Այրիվանցու Ճառընտիրը, նաև Թորոս Ռոսլինի Ավետարանը, Ճաշոցը[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մնացականյան - Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Եր. 1968

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՔԵՇԻՇՅԱՆ Մ. Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ (Ծննդյան 110-ամյակի առթիվ)(չաշխատող հղում)
  2. //ՀՀ Գեղարքունիքի մարզ, Լճաշեն, դիասայլ, Ք.ա. XV-XIV դդ., փայտ (պեղ.` Հ. Մնացականյանի, լուս.՝ Վ. Հակոբյանի)
  3. 3,0 3,1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ, 13 հոկտեմբերի 2005 թվականի N 1643-Ն
  4. Քառանիվ կառք, ԽՄԲԱՔԱՆԴԱԿ՝ ՑՈՒԼՈՎ ԵՒ ԱՅԾԵՐՈՎ Հայաստանի պատմության թանգարան
  5. Հ. Մնացականյան «Խոսում են հուշարձանները», 1968
  6. ՀԱՅ ՇԼԻՄԱՆԸ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ՀՀ ՊՆ, «Հայ Զինվոր» պաշտոնաթերթ
  7. Հակոբ Սիմոնյան 8. Հայաստանը ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերում (Ք.ա. 1500-800 թթ.) 2016/06/14 Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
  8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ, 2005 թ. հոկտեմբերի 18, Երևան, ծածկագիր Հ.2009-609, ՀՊԹ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, Երևան, 2010։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM