Թաղե Բոսթան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաղե Բոսթան
Բնօրինակ անվանում պարս.՝ طاق‌بستان
ԴիրքՔերմանշահ
Իրան Իրան
Կառուցվել էՄ. թ. IV-VII դարեր

Թաղե Բոսթան (պարս.՝ طاق‌بستان, քրդ.՝ تاق وەسان), Սասանյան Պարսկաստանի ժամանակաշրջանի ժայռաքանդակների խումբ, որտեղ պատկերված են Սասանյան արքայից արքաներ Շապուհ Բ-ն, Շապուհ Գ-ն, Արտաշիր Բ-ն և Խոսրով Բ Փարվեզը[1]։ Ժայռաքանդակներն իրենցից ներկայացնում են Սասանյան Պարսկաստանի քանդակագործության առավել գեղեցիկ և լավ պահպանված օրինակներից մի քանիսը։

Գտնվում է ժամանակակից Քերմանշահ քաղաքի տարածքում, քաղաքի կենտրոնից մոտ 8 կմ հեռավորության վրա` քաղաքից դեպի հյուսիս խոյացող Զագրոսի համակարգի մաս կազմող լեռների ստորոտին։ Ենթադրվում է, որ ժայռաքանդակները ստեղծվել են մ.թ. IV դարի երկրորդ կեսից VII դարի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում[1]։

Ժայռաքանդակների նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայռաքանդակների խումբը բաղկացած է իրար կողք գտնվող երկու կամարաձև ժայռափոր խորշերից, որոնցից մեծի ժայռաքանդակների խումբը վերաբերվում է Խոսրով Բ Փարվեզին, իսկ փոքրի հետնապատին Շապուհ Բ-ի և Շապուհ Գ-ի ժայռաքանդակներն են` պահլավերեն արձանագրություններով, և քիչ այն կողմ գտնվող առանձին ժայռաքանդակից, որտեղ պատկերված է Արտաշիր Բ-ի թագադրությունը[2]։

Արտաշիր Բ-ի թագադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշիր Բ-ի թագադրության ժայռաքանդակ

Ամենահին ժայռաքանդակը ենթադրաբար պատկերում է Արտաշիր Բ-ի (իշխել է 379-383 թվականներին) թագադրությունը[3]։ Ժայռաքանդակն իրենից ներկայացնում է 4 մ 60 սմ երկարությամբ և 3 մ 44 սմ բարձրությամբ ոչ ճշգրիտ ուղղանկյուն[4]։ Ժայռաքանդակի վրա հստակ երևում են չորս տղամարդկանց քանդակները, որոնցից երեքը կանգնած են, չորրորդն ընկած է նրանց ոտքերի տակ։ Կենտրոնում Արտաշիր Բ-ն է, նրանից աջ` նախորդ արքա Շապուհ Բ-ն (իշխել է 309-379 թվականներին), որը փոխանցում է թագավորական պսակը Արտաշիրին[3]։ Հետազոտողների մի մասը աջից պատկերը նույնականացնում է ոչ թե Շապուհ Բ-ի, այլ զրադաշտական աստված Ահուրա Մազդայի հետ[3]։ Կարծիք կա, որ այդ քանդակը նպատակաուղղված ստեղծվել է այնպես, որ հնարավոր լինի այն մեկնաբանել և՛ որպես Շապուհ Բ-ի, և՛ Ահուրա Մազդայի պատկեր[4]։

Ամենաձախից ենթադրաբար զրադաշտական աստված Միթրան է` կանգնած լոտոսի ծաղկի վրա[3]։ Այլ տարածված կարծիքով դա ոչ թե Միթրան է, այլ Զրադաշտը[3]։ Երկու թագավորների ոտքերի տակ ընկած մարմինը սովորաբար նույնականացնում է հռոմեական կայսր Հուլիանոս Ուրացողի հետ[3][4], որը սպանվել է 363 թվականին Շապուհ Բ-ի դեմ մղած պատերազմի ժամանակ։

Շապուհ Բ և Շապուհ Գ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապուհ Բ-ի և Շապուհ Գ-ի ժայռաքանդակները

Երկու կամարներից փոքրի հետնապատին արքայից արքաներ Շապուհ Բ-ի և նրա որդի Շապուհ Գ-ն (իշխել է 383-388 թվականներին) ժայռաքանդակներն են, ինչը հաստատվում է պահլավերեն արձանագրություններով[5]։ Ենթադրվում է, որ այս ժայռապատկերը ստեղծվել է Շապուհ Գ-ի գահակալության սկզբում` 385 թվականին։

Խորշի բարձրությունը կազմում է 5 մ 34 սմ, լայնությունը` 5 մ 80 սմ, խորությունը` 3 մ 58 սմ։ Հետնապատի վրա ձախից Շապուհ Բ-ի ժայռաքանդակն է, որի բարձրությունը կազմում է 2 մ 90 սմ, աջից` Շապուհ Գ-ի ժայռաքանդակը` 2 մ 85 սմ բարձրությամբ[5]։ Երկուսն էլ ամբողջական թագավորական հանդերձանքով են` ձեռքերին թրեր, որոնք ուղղված են դեպի ներքև։ Հետնապատի վերին հատվածում երկու պահլավերեն արձանագրությունները (աջ քանդակից դեպի աջ և ձախ քանդակից դեպի ձախ) նույնականացնում են պատկերված արքաներին։ Շապուհ Բ-ի արձանագրության տեքստը թարգմանաբար հետևյալն է[5].

Սա պատկերն է Մազդային պաշտող տեր Շապուհի` Էրանի և Անէրանի արքայից արքայի, որի ցեղը սերում է աստվածներից։ Որդին Մազդային պաշտող տեր Որմիզդի` Էրանի և Անէրանի արքայից արքայի, որի ցեղը սերում է աստվածներից, և թոռը Ներսեհի` արքայից արքայի։

Նույն ոճով գրված Շապուհ Գ-ի արձանագրության տեքստը հետևյալն է[5].

Սա պատկերն է Մազդային պաշտող տեր Շապուհի` Էրանի և Անէրանի արքայից արքայի, որի ցեղը սերում է աստվածներից։ Որդին Մազդային պաշտող տեր Շապուհի` Էրանի և Անէրանի արքայից արքայի, որի ցեղը սերում է աստվածներից, և թոռը Որմիզդի` արքայից արքայի։

Խոսրով Բ-ի ժայռապատկերները

Շապուհ Գ-ի քանդակի որոշ մանրամասնությունների անհամապատասխանությունը նրա թողարկած ոսկեդրամների վրա պատկերների հետ որոշ հետազոտողների հիմք է տալիս ենթադրելու, որ պատկերն ի սկզբանե կարող էր վերաբերվել Արտաշիր Բ-ին[5]։

Խոսրով Բ Փարվեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ կամարի ժայռապատկերի խումբը նվիրված է Խոսրով Բ Փարվեզին, որը համարվում է վերջին մեծ սասանյան արքայից արքան և իշխել է 591-628 թվականներին։

Մեծ խորշի բարձրությունը կազմում է 8 մ 50 սմ, լայնությունը` 7 մ 75 սմ, խորությունը` 6 մ 50 սմ[6]։ Կամարի հետնապատի վերին մասում Խոսրովն է, որի կողքին են ենթադրաբար զրադաշտական աստվածներ Ահուրա Մազդան և Անահիտը։ Այլ վարկածով` Խոսրովի կողքին սովորական զրադաշտական քուրմ և քրմուհի են։

Ստորին մասում պարսկական հեծյալ մարտիկ է։ ԵՆթադրվում է, որ դա կրկին Խոսրովն է` իր հայտնի նժույգ Շաբդիզին հեծած։ Ե՛վ հեծյալը, և՛ նժույգը մարտական զենքուզրահով են[7]։

Կամարի կողմնային պատերը զարդարված են Խոսրովի որսը պատկերող քանդակներով։ Պատկերված են երկու տարբեր որսի տեսարաններ։ Մեկը պատկերում է վարազների որս, երկրորդը` եղնիկների։ Մի պատկերում հինգ փղեր հետապնդում են փախչող վարազներին, իսկ շահը կանգնած է աղեղը և նետը ձեռքերում` շրջապատված կին երաժիշտներով[7]։

Կամարի կողմնային պատերից մեկի վերին հատվածում XIX դարի սկզբում ավելացվել է ոչ մեծ նոր ժայռաքանդակ[2]։ Այստեղ պատկերված է ղաջարական դինաստիայի երկրորդ շահ Ֆաթհ Ալին[7]։ Այս հատվածը հավանաբար ավելացվել է նրա որդի և Քերմանշահի նահանգապետ Մոհամմադ-Ալի Միրզա Դովլաթշահի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ṭāq-e Bostān» (անգլերեն). Britannica. Վերցված է 2024 թ․ մայիսի 13-ին.
  2. 2,0 2,1 «Taq-e Bostan» (անգլերեն). Travel to Iran. Վերցված է 2024 թ․ մայիսի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «ARDAŠĪR II». Encyclopædia Iranica (անգլ.).
  4. 4,0 4,1 4,2 Overlaet, Bruno. «Ahura Mazda or Shapur II? A Note on Taq-i Bustan I, the Investiture of Ardashir II (379-383)» (անգլերեն). Iranica Antiqua 47, 2012. էջ 133-151.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Overlaet, Bruno. «Ardashir II or Shapur III?: reflections on the identity of a king in the smaller grotto at Taq-i Bustan» (անգլերեն). Iranica Antiqua 46, 2011. էջ 235-250.
  6. Kemp, Jonathan. «Sassanid Monuments of Taq-e Bostan, Kermanshah, Western Iran, Summary of a Conservation Report» (անգլերեն). Iranian Archaeology Vol. 3, 2011.
  7. 7,0 7,1 7,2 «Kermanshah» (անգլերեն). Iran Chamber Society. Վերցված է 2024 թ․ մայիսի 32-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաղե Բոսթան» հոդվածին։