ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն
ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Վայր | Երևան |
Հիմնադրվել է | սեպտեմբերի 20, 2011 |
Կայք | visitorscenter.cba.am |
ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն (ԱԿ), ՀՀ Կենտրոնական բանկի գործունեությանը, դրամավարկային քաղաքականությանը, Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը, դրամանիշերի պատմությանը նվիրված կենտրոն, ինտերակտիվ թանգարան Երևանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այցելուների կենտրոնի ստեղծման հայեցակարգը ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել է 2007 թվականի դեկտեմբերին։ Փաստաթղթի մշակման համար ուսումնասիրվել է Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Գերմանիայի, Չեխիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի կենտրոնական բանկերի նմանատիպ կառույցների ստեղծման փորձը, ինչպես նաև հաշվի են առնվել Հայաստանի առանձնահատկությունները։ 2008-2011 թվականներին իրականացվել է կենտրոնական բանկի շենքի պատմական հատվածի վերակառուցումը, ներկայացվող նյութերի (պատմության, ԿԲ գործառույթները) վիզուալիզացում, ստեղծվել են մուլտիմեդիային գործիքները (տեսաֆիլմեր, տեսահոլովակներ, խաղեր)։ Այցելուների կենտրոնը բացվել է 2011 թվականի սեպտեմբերի 20-ին։ Կենտրոնը տարեկան ունենում է 7,5 հազար այցելու, որը կհասնի տարեկան 10.000 այցելուի[1][2]։
Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենտրոնը տեղակայված է 20-րդ դարի 1930-ական թվականներին կառուցված ԽՍՀՄ պետբանկի Հայաստանի մասնաճյուղի պատմական շենքում։ Զբաղեցնում է երկու հարկ՝ 500 քմ տարածքով։
Կառուցվածք, ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցադրությունում ներկայացված են 24 ստատիկ վահանակներ, 2 ինտերակտիվ գոտիներ` դրամանիշերի ստուգման լաբորատորիա, բանկոմատ, 2 մուլտիմեդիա խաղեր, ազգային դրամի պատմության մասին տեսաֆիլմ, Կենտրոնական բանկի պատմության և գործունեության մասին 2 տեսաֆիլմ, գների կայունությունը և ֆինանսական համակարգի գործունեությունը բացատրող մուլտֆիլմեր, ինչպես նաև թեմատիկ տեսահոլովակներ։ Էքսկուրսիաներն իրականացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն, ցուցադրությունը երկլեզու է` հայերեն և անգլերեն։
1. Հայաստանի դրամաշրջանառության պատմություն
- Նախադրամային շրջան
- մ. թ. ա. III-I դդ. առաջին հայկական մետաղադրամներ, Ծոփք և Կոմագենե
- մ. թ. ա. I դ. – I դ. Տիգրան Մեծի (մ. թ. ա. 95-55 թթ.) արծաթյա և պղնձյա դրամները, Արտաշեսյանների հարստություն
- I-VII դդ.՝ Արշակունիների հարստություն, Հռոմեական, Պարթևական, Սասանյան տիրակալների մետաղադրամներ
- VIII – XIII դդ. Արաբական խալիֆայություն, Դվին, վրացի արքաների մետաղադրամները
- Բյուզանդիա, Բագրատունիների հարստություն (IX- XI դդ.), Կյորիկե արքայի առաջին հայատառ գրառումներով պղնձյա մետաղադրամը
- Կիլիկյան Հայաստան XI – XIV դդ.
- Մոնղոլալան տիրապետության ժամանակաշրջան (XIII- XIV դդ.), Անի
- XV-XVIII դդ. Հայաստանը բաժանված է Պարսկաստանի և Թուրքիայի միջև (XV-XVIII դդ.)
- XIX դ. սկիզբ մինչև 1917 թ. Ռուսական կայսրություն, 1893 թվականին Էրիվանում բացվել է Ռուսաստանի կայսրության պետական բանկի մասնաճյուղը
- 1917-1918 թթ.՝ Անդրկովկասյան սեյմի բոներ, հայերեն գրառումներով առաջին թղթադրամները
- 1918-1920 թթ.՝ Հայաստանի առաջին Հանրապետության ռուբլիները
- 1921-1922 թթ.՝ Խորհրդային Հայաստան
- 1923-1924 թթ.՝ Անդրկովկասյան Ֆեդերատիվ միություն
- 1924-1991 (1993) թթ.՝ ԽՍՀՄ
- 1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել ազգային արժույթը՝ դրամը / լուման
2. ԿԲ հիմնական գործառույթները
- Գների կայունության ապահովում (դրամավարկային քաղաքականություն, վերաֆինանսավորման /ռեպո տոկոսադրույք)
- Գների կայունության ապահովում (սպառողական զամբյուղ)
- Ֆինանսական համակարգի կայունության ապահովում
- Ֆինանսական համակարգ և վերահսկողություն. աջակից կառույցներ՝ Ֆինանսական համակարգի հաշտարար, ԱՔՌԱ վարկային բյուրո, Ֆինանսական դիտարկումների կենտրոն, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
- Վճարահաշվարկային համակարգի զարգացում
- Արտաքին պահուստների կառավարում
3. Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկում
4. Դրամանիշերի/թղթադրամների ստեղծման գործընթաց
- Ներկայացված են ՀՀ ԿԲ կողմից թողարկված բոլոր հուշադրամները և հուշամեդալները
5. Դրամի պաշտպանական հատկանիշներ
6. Կեղծարարությունը հանցանք է
7. Խաղային գոտի ՝ feedback ստանալու համար
8. Կինոսրահ (25 նստատեղ)
9. Գրադարան
Այցելուների կենտրոնի գրադարանային ֆոնդը կազմում է մոտ 4000 գիրք հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Գրադարանը նախատեսված է ոչ միայն Կենտրոնական բանկի աշխատակիցների, այլև տնտեսագիտական բուհերի ուսանողների և դասախոսների համար։ Նախատեսված է գրադարանի անդամակցությունը էլեկտրոնային գրադարաններին։
10. Վաճառասրահ
Նպատակ և խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնի ստեղծման նպատակն է տարաբնույթ կրթական գործիքների՝ ստատիկ, թեմատիկ և ինտերակտիվ ցուցադրությունների միջոցով բարձրացնել հանրային իրազեկվածությունը ՀՀ կենտրոնական բանկի գործունեության և դերի վերաբերյալ։ Կենտրոնի հիմնական թիրախը բարձր դասարանների աշակերտներն են և ուսանողները, որոնց համար օրական երկու անդամ կազմակերպվում են այցելություններ՝ 30-35 հոգանոց խմբերով։ Կենտրոն են այցելում նաև քաղաքացիներ, որոնք հետաքրքրված են դրամանիշերի պատմությամբ, Կենտրոնական բանկի գործունեությամբ, դրամավարկային քաղաքականությամբ։
Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այցելուների կենտրոնը տարեկան 1-2 արտագնա ցուցահանդեսներ է կազմակերպում ՀՀ մարզերում, իրականացնում է հատուկ վերապատրաստման ծրագրեր դպրոցների ուսուցիչների համար, ունի հատուկ ծրագիր ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական հաստատությունների սաների, կուրսանտների, սպայական անձնակազմի համար, համագործակցում է Ֆինանսական հաշտարարի գրասենյակի, ԿԲ Ֆինանսական համակարգի ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի հետ, Ավանդների երաշխավորման հիմնադրամի հետ[3][4]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը
-
Դրամի պաշտպանական հատկանիշները
-
Վճարահաշվարկային համակարգի զարգացում
-
Խաղային գոտի՝ feedback ստանալու համար
-
Գրադարան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Mediamax. «Տարածաշրջանում եզակի`ԿԲ այցելուների կենտրոնը. մաս 1-ին». banks.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Mediamax. «Հայկական փողի անցած ուղին՝ ԿԲ այցելուների կենտրոնում. մաս 2-րդ». banks.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը և «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը միանում են Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ ««Թանգարանային գիշեր» Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում».
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի պաշտոնական կայք էջ Արխիվացված 2015-04-28 Wayback Machine
- ՀՀ ԿԲ պաշտոնական կայք էջ
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն կատեգորիայում։ |